Երեւանի քաղաքապետարանի 2013 թվականի շինբարեկարգման ծրագրով շարունակվում են առաջնահերթ հիմնանորոգման անհրաժեշտություն ունեցող շքապատշգամբների վերակառուցման աշխատանքները, որտեղ յուրաքանչյուր պատշգամբի համար կազմված է առանձին նախագիծ՝ ապահովելով ինժեներական եւ սեյսմիկ նորմատիվները:
Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ 35 շենքերում իրականացվող բուն վերակառուցման աշխատանքներից հետո կատարվում են նաեւ ներկման եւ արտաքին պատշաճ տեսքի ապահովման համապատասխան աշխատանքներ:
Շքապատշգամբները վերակառուցվում են շենքի ընդհանուր ճարտարապետությանը համահունչ: Աշխատանքների նկատմամբ իրականացվում է տեխնիկական վերահսկողություն:
Հիշեցնենք, որ շքապատշգամբները, հանդիսանալով բնակիչների սեփականությունը, պետք է հիմնանորոգվեին եւ վերակառուցվեին սեփականատիրոջ կամ համատիրության կողմից, սակայն, հաշվի առնելով բնակիչների անվտանգության ապահովման կարեւորությունը, քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ ծրագիրն իրականացնում է Երեւանի քաղաքապետարանը: