
Իրեն այլընտրանքային քաղաքական հզորագույն ուժ հռչակած ԲՀԿ-ն արդեն երկար ժամանակ է՝ քաղաքականապես անէացած վիճակում է: Երկրում տեղի ունեցող ամենակարեւոր իրադարձություններն անգամ չեն ստիպում խորհրդարանում երկրորդ տեղը զբաղեցրած ուժին պաշտոնական տեսակետ հայտնել: Ինչո՞ւ գերհզոր ԲՀԿ-ն սեպտեմբերի 3-ին կայացած Սերժ Սարգսյան-Վլադիմիր Պուտին հանդիպման մասին ոչինչ չի ասում: «Ժողովուրդ»-ի հարցին ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանը պատասխանեց. «ԲՀԿ-ի պասիվության հետ կապված ձեր հարցադրումն ինձ զարմացնում է: Ամբողջ ամառ աշխատենք ու մեզ ասեն՝ պասի՞վ եք: Իսկ ինչ վերաբերում է Մաքսային միությանն անդամակցությանը, ապա կա շատ հստակ հարց. եթե կա տնտեսական շահ, ուրեմն մենք այն պետք է ողջունենք, եթե այն չկա, ապա այն մեզ մոտ առաջացնում է մտահոգություն: ԲՀԿ-ն սեպտեմբերի 3-ի հայտարարությունից հետո զբաղված է պարզաբանումներ իրականացնելով: Մեզ անհրաժեշտ են տնտեսական հիմնավորումներ, որ կարողանանք հայտնել մեր դիրքորոշումը»: