Մինչ սեպտեմբերի 3-ը, երբ Սերժ Սարգսյանը բոլորի համար անսպասելիորեն հայտարարեց, որ Հայաստանը մտադիր է միանալ Մաքսային միությանը, մեր ողջ իշխանական էլիտան լծված էր Եվրամիության հետ հարաբերությունները սերտացնելու ուղղությամբ տեսակետներ հայտնելու գործին` ամեն մեկն իր չափով փորձելով հաճոյանալ երկրի ղեկավարությանը: Հիմա, սակայն, այդ նույն մարդիկ նույնպիսի եռանդով վստահեցնում են, որ ՀՀ տնտեսական եւ քաղաքական շահը բացառապես Մաքսային միությունում է, եւ որ իրենք մշտապես այդ մասին ասել են: Ձեզ ենք ներկայացնում թեմայի շուրջ ԱԺ պատգամավորների կարծիքը:
ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ ՄՆԱՑԱԿԱՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
-Պարո՛ն Մնացականյան, ըստ Ձեզ՝ Հայաստանը Մաքսայի՞ն միությանը պետք է անդամակցի, թե՞ Եվրամիությանը:
-Միանշանակ Մաքսային միությանը, պատճառն էլ այն է, որ մեր կապերը ՌԴ-ի հետ միշտ էլ եղել են, ու դա այսօր անհնար է հերքել… իհարկե ԵՄ-ի հետ մեր կապերը պահելով:
-Բայց ԵՄ-ն հրաժարվում է այդ դեպքում համագործակցել ՀՀ-ի հետ:
-Դե ժամանակը ցույց կտա, չգիտեմ, ամեն մեկը մի բան խոսում է, ու ինչ հիմքերով են ասում՝ չեմ հասկանում: Ես կարծում եմ, որ պետք է սպասենք, ու ժամանակի ընթացքում ամեն ինչ պարզ կլինի:
-Իսկ Դուք ընթերցե՞լ եք ՄՄ-ին միանալու փաստաթուղթը, տեղյա՞կ եք, թե այն իրենից ինչ է ներկայացնում:
-Ուրեմն ՄՄ խնդիրներն ինչ էլ որ ներկայացնի, իմ կարծիքով… չնայած էլի եմ ասում՝ ժամանակի ընթացքում քննարկվելու են այդ խնդիրները, կներկայացվի եւ ԱԺ-ում, ինչպես արդեն խոստացավ ԱԺ նախագահը: Ամեն դեպքում, իմ անձնական կարծիքն եմ ես ասում, որ մենք ամեն գնով պետք է ՌԴ-ի հետ մեր կապերը ամրապնդենք ու Եվրոպայի հետ էլ շարունակենք մեր համագործակցությունը:
-Տեսակետ կա, որ ՀՀ-ն ՄՄ-ին անդամակցելու դեպքում կորցնելու է իր անկախությունը…
-Ձեզ ինչո՞ւ է թվում, թե նախագահը կամ մյուս ղեկավարներն այդքան հայրենասեր չեն, որ մեր ինքնիշխանության հաշվին ինչ-որ բաներ անեն: Եվ նման հայտարարություններ անելն ուղղակի, իմ կարծիքով, տեղին չէ:
-Ամեն դեպքում, Ս. Սարգսյանի՝ ՌԴ-ում արած հայտարարությունը բոլորի համար անակնկալ էր, թեեւ ՀՀԿ-ում փորձում են հակառակը պնդել: Օրինակ՝ Դուք տեղյա՞կ էիք, որ ՀՀԿ առաջնորդը նման որոշում է կայացրել եւ նման տեսակետ է հայտնելու:
-Ինձ համար անակնկալ չէր, նույնիսկ ես ողջունում եմ էդ որոշումը, որովհետեւ մեր անվտանգությունը հենց դա է պահանջում: Եթե մեր սահմանները նայե՛ք, կհասկանաք ամեն ինչ: Տնտեսական առումով էլ ՌԴ-ն… իմ կարծիքով՝ այդ կապերը…. Աստված տա, հետագայում այդ սահմաններն էլ բացվեն, երկաթուղին էլ աշխատի: Ես չեմ կարծում, որ լինի մի հայ մարդ, որ պետականության հաշվին փորձի ինչ-որ այլ բան անել…. նորմալ մարդը նման բան չի անի:
ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ ՆԱՀԱՊԵՏ ԳԵՎՈՐԳՅԱՆ (ՆՈՎՈ)
-Պարո՛ն Գեւորգյան, Դուք կողմնակի՞ց եք, որ ՀՀ-ն միանա Մաքսային միությանը:
-Ցանկացած հարց, որը կնպաստի մեր պետությանը, մեր պետության շահերին, մեր ժողովրդի շահերին, գործարարին, ես միանշանակ կողմ եմ: Եվ որպես մարդ՝ իմ փորձով, իմ գիտելիքներով… սա շատ մեծ բան կտա մեր տնտեսությանը, թե ֆինանսական խնդիրներ… եւ իրեն բոլոր ատրիբուտներով, որի պահանջը որ կա երկրում:
-Այսինքն` ՄՄ-ն կնպաստի գործարարների հետագա գործունեության զարգացմա՞նը:
-Խի՞ միայն գործարարի, բոլոր ժողովրդի… (արագ քայլերով հեռանում է-Ս. Գ.):
ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ ՄՈՒՐԱԴ ԳՈՒԼՈՅԱՆ (Գագիկ Ծառուկյանի խնամին)
-Պարո՛ն Գուլոյան, ո՞րն է ճիշտ` Մաքսայի՞ն միություն, թե՞ Եվրամիություն:
-Անվտանգության առումով՝ Մաքսային միությունը, իսկ տնտեսական եւ քաղաքական հարցով առայժմ պարզ չէ:
-Պարզ չէ Ձե՞զ համար, թե՞ կուսակցության:
-Դա իմ կարծիքն է… (զրույցի ընթացքում քայլում է եւ արագ հեռանում-Ս. Գ.):
ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ ԱՐՏԱԿ ՍԱՐԳՍՅԱՆ (ՍԱՍ-Ի ԱՐՏԱԿ)
-Պարո՛ն Սարգսյան, Դուք կողմնակի՞ց եք, որ ՀՀ-ն միանա Մաքսային միությանը:
-(Գլուխը կախ լսում է ու քայլում-Ս. Գ). Ցտեսություն: (Ա. Սարգսյանին է միանում ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Աշոտ Արսենյանը ու ասում, թե պարոն Սարգսյանի մոտ No comment է: Ու միասին հեռանում են-Ս. Գ.):
ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ ԱՐԿԱԴԻ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ (Դերժավայի Արկադ)
-Պարո՛ն Համբարձումյան, Դուք ի՞նչ կարծիքի եք` Հայաստանը պետք է նախաստորագրի՞ ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը, թե՞ միանա Մաքսային միությանը:
-Ինձ հարմար չէ, ես հիմա զբաղված եմ: (Այդ պահին Համբարձումյանը հեռախոսն էր «փորփրում», ապա գլուխը կախեց ու հեռացավ-Ս. Գ.):