ՍԴՀԿ ԱՏԵՆԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԸ` «ԿՌՎԱԽՆՁՈՐ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության 20-րդ համագումարն էր, որին ներկա էին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը եւ այլք: Համագումարում հնչեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի ուղերձը:
Գործադիրի ղեկավարն իր ուղերձում նշել էր, որ շատ բարձր է գնահատվում ՍԴՀԿ-ի պես ավանդական կուսակցությունների դերը. «Անկախ Հայաստանի համար շատ բարդ կլիներ տարբեր երկրներում մեր խնդիրները ներկայացնելը, եւ այդ առումով ՍԴՀԿ-ի դերն անուրանալի է: Կուսակցությունն իր գոյության 125 տարիների ընթացքում զգալի ներդրում է ունեցել հայապահպանության, հայկական գաղթօջախների ստեղծման ու ամրապնդման, ինչպես նաեւ Հայաստան-սփյուռք կապերի խորացման հարցում: Բարձր ենք գնահատում այն աշխատանքը, որը տանում է կուսակցությունը` աշխարհին հայկական խնդիրները ներկայացնելու ուղղությամբ»:
Իսկ ՍԴՀԿ կենտրոնական վարչության ատենապետ Սեդրակ Աճեմյանն իր ելույթում ասաց. «Հայաստանյան կառույցը լուրջ ցնցումներ ապրեցավ: Կուսակցությունը շարունակեց իր հաստատ խոսքն ըսել հայաստանյան քաղաքական կյանքեն ներս: Խստորեն քննադատեցինք ու ընդդիմացանք հայ-թուրքական արձանագրություններուն, եւ մենք ճիշտ էինք: Մեր կուսակցության իրավիճակը դեռ հեռու է բավարար լինելուց, մենք ունենք բազմաթիվ խնդիրներ: Այսօր մտահոգիչ է մեզ համար արտագաղթը: Մենք մեր պատգամը պետք է կարողանանք հասցնել հայ ժողովրդին: Առանց վերամբարձ խոսքերի՝ ի գործ, ի գործ»:
ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանն էլ ցանկություն հայտնեց, որ կուսակցությունն ավելի ակտիվ գործունեություն ծավալի ՀՀ ներքին քաղաքական կյանքում:
Համագումարի ավարտին ՍԴՀԿ կենտրոնական վարչության անդամ Հակոբ Տիգրանյանը, պատասխանելով լրագրողների հարցերին, թե, ի վերջո, որն է իրական ՍԴՀԿ-ն, եւ արդյոք քննարկելու են Լյուդմիլա Սարգսյանի հետ կապված խնդիրները, ասաց, որ ՍԴՀԿ-ն մեկն է՝ Գեւորգ Պերկուպերկյանի ատենապետությամբ:
Իսկ ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Լյուդմիլա Սարգսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց. «Քանի դեռ դատական գործընթացը չի ավարտվել, եւ կնիքով, փաստաթղթով ու կուսակցության անձնագրով ամեն ինչ ինձ մոտ է, բնականաբար, ՍԴՀԿ ատենապետը ես եմ: Եվ հուսով եմ, այսուհետ եւս կմնամ»:
Այսպիսով` կարող ենք արձանագրել, որ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին հաջողվեց քանդել հերթական կուսակցությունը` այն ազատելով իրեն անցանկալի գործիչներից: Նույն բանը նա արեց ՀՌԱԿ-ի դեպքում, երբ կուսակցության ատենապետ Հարություն Առաքելյանը ստիպված եղավ լքել երկիրը: Հավելենք, որ ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը վերջերս հայտարարել էր. «Վարչապետ Տ. Սարգսյանն իր տնտեսական ապիկար գործունեության պատճառով «Դաշնակցության» կողմից քննադատության ենթարկվելուց հետո բացեիբաց հայտարարել է, որ ինքը պատերազմ է հայտարարում «Դաշնակցությանը»»: Սպասենք վարչապետի հաջորդ «զոհին»:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս