ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՓԱԿ ՆԻՍՏԻ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի՝ Ազգային ժողովում կայացած փակ հանդիպումը պատգամավորների հետ երեկ անցել է բավական թեժ մթնոլորտում: Հիշեցնենք, որ նախարարին խորհրդարան էին հրավիրել արտաքին քաղաքական վերջին զարգացումների, մասնավորապես եվրաինտեգրացիայից հրաժարվելու եւ Մաքսային միությանն անդամակցելուն ուղղված Սերժ Սարգսյանի քայլերի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու համար: Սակայն, ինչպես հանդիպումից հետո պնդում էին ոչ կոալիցիոն խմբակցությունների պատգամավորները, իրենք, այնուամենայնիվ, բավարարված չեն Նալբանդյանի պատասխաններից:
Բանն այն է, որ Էդվարդ Նալբանդյանը մոտ կես ժամ շարունակ բավական մանրամասն փորձել է ներկայացնել իրենց բանակցությունների ընթացքը՝ շեշտելով, թե որ պաշտոնյայի հետ իրենք քանի հանդիպում են ունեցել, որտեղ: Սակայն, ինչպես պնդում էին պատգամավորները, այդպես էլ որեւէ կոնկրետ տեղեկատվություն չի հայտնել: Փոխարենը Նալբանդյանը փորձել է մի պահ հաշիվ պարզել պատգամավորների հետ, այն էլ ոչ թե պատգամավորների հայտարարությունների, այլ երեկ մամուլում հնչած «ԱԳ նախարարին բերման են ենթարկում», «նա կավյոր կանչում» գնահատականների համար: «Ժողովուրդ»-ի իրազեկ աղբյուրների փոխանցմամբ՝ Նալբանդյանն ասել է, թե ինքը խորհրդարան է եկել պայմանավորվածության համաձայն, այլ ոչ թե ստիպողաբար:
Մեր տեղեկություններով՝ միակ ուշագրավ խոստովանությունը, որ արել է Նալբանդյանը, եղել է հետեւյալը. Հայաստանը միշտ էլ կողմ է եղել Մաքսային միասնական միությանն անդամակցելուն, բայց քանի որ ՌԴ-ն չի հրավիրել, իրենք որեւէ քայլ չեն արել, եւ միայն այն բանից հետո, երբ ՌԴ-ն առաջարկել է անդամակցել այդ միությանը, ՀՀ-ն տվել է համաձայնությունը:
Մոտ 25-30 րոպե Նալբանդյանը շարունակել է խոսել: Ի վերջո, նրա պահվածքը լցրել է ԱԺ պատգամավորների համբերության բաժակը. Նիկոլ Փաշինյանն ու Ալեքսանդր Արզումանյանն ընդհատել են նախարարին` շեշտելով, որ այդպես շարունակվելու դեպքում իրենք հարցեր տալու հնարավորություն չեն ունենա: Այնուհետեւ պատգամավորներն անցել են հարցուպատասխանի. ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը, անդրադառնալով ՀՀ իշխանությունների հայտարարություններին, թե ՌԴ-ն ՀՀ ռազմավարական գործընկերն է, այդ երկրի հետ է մեր անվտանգության համակարգը, մեծ ներկայացվածություն ունի ՀՀ տնտեսության մեջ, հարցրել է` մի՞թե իրենք նոր են իմացել այս ամենի մասին, եւ եթե այդպես է, ինչո՞ւ էին չորս տարի շարունակ այդպես մանրակրկիտ բանակցում ԵՄ-ի հետ: Նա նաեւ հիշեցրել է հայտնի անեկդոտը, երբ մեկը, իմանալով Ցեղասպանության մասին, տաքսու վարորդին հրահանգում է. «Վարպե՛տ, քշի՛ր Թուրքիա»: Նալբանդյանը կրկնել է իր խոսքերը, որ իշխանությունները միշտ կողմնակից են եղել ՄՄ-ին:
Նիկոլ Փաշինյանն էլ, հղում անելով իշխանությունների հայտարարություններին, թե ՌԴ-ն խոստացել է ապահովել ՀՀ անվտանգությունն ու էներգետիկ խնդիրները, հարցրել է. «Եթե վաղը Թուրքիան եւ Ադրբեջանն էլ ասեն` տվե՛ք մեզ ԼՂՀ-ն, մենք կապահովենք ՀՀ անվտանգությունն ու էներգետիկ խնդիրները, անելո՞ւ եք: Ո՞րն է ՄՄ-ին անդամակցելու գինը»: Նալբանդյանին այս հարցը խիստ զայրացրել է, եւ նա ասել է, թե ինքն ուրախ է, որ Փաշինյանն այսօր ԱԳ նախարարի պաշտոնը չի զբաղեցնում, նաեւ նշել է, որ եթե պատգամավորը հասարակության մոտ նման հայտարարություն աներ, ապա հետեւանքներն անցանկալի կլինեին:
Շատ ավելի սուր է եղել ԱԳ նախկին ու ներկա նախարարների` Ալեքսանդր Արզումանյանի ու Էդվարդ Նալբանդյանի երկխոսությունը: Արզումանյանը հայտարարել է, թե այսքանից հետո ՀՀ ԱԳ 15 բարձրաստիճան պաշտոնյա, այդ թվում` Նալբանդյանը, պետք է անհապաղ հրաժարական տան: «Եթե այդպես եք կարծում, դա Ձեր գործն է»,-հակադարձել է Նալբանդյանը: Արզումանյանը շարունակել է. «4 տարի միայն պրավալ եք տվել»: Նա նաեւ հիշեցրել է այդ ընթացքում արտաքին քաղաքական ոլորտում գրանցված պարտությունները` հայ-թուրքական հարաբերությունները, ԵՄ-ի հետ հարաբերությունները: «Ես էլ կարող եմ թվարկել Ձեր նախարար եղած ժամանակ պրավալները»,-դժգոհել է Նալբանդյանը: «Դուք իմ պաշտոնավարման ժամանակ իմ դեսպանն եք եղել Ֆրանսիայում ու ոչ մի անգամ չեք դժգոհել»,-ասել է Արզումանյանը եւ շարունակել, որ հիմա քննարկվում է ոչ թե իր պաշտոնավարման ժամանակահատվածը, այլ. «Հիմա Ձեր մասին ենք խոսում, ոչ թե իմ»:
ՀՅԴ-ից Արմեն Ռուստամյանն էլ հարցրել է` եթե ՀՀ-ն մտնի Մաքսային միություն, արդյոք ՀՀ-ի հետ դրան կանդամակցի նաեւ ԼՂՀ-ն: Նալբանդյանն այս հարցին հստակ պատասխան չի տվել:
Վերջին հարցի իրավունքը տրվել է ՀՀԿ խմբակցության անդամ Արտաշես Գեղամյանին: Ինչպես պատմում են «Ժողովուրդ»-ի աղբյուրները, Գեղամյանի հարցը, որը վերածվել է ելույթի, միանգամից ցրել է մթնոլորտը: Գեղամյանն իրեն հատուկ հանդիսավոր ոճով Նալբանդյանին է նվիրել իր հեղինակած գիրքը, որտեղ տարիներ առաջ հիմնավորել էր ԵվրԱզԷս-ին միանալու անհրաժեշտությունը: Մամիկոնիչը նույնիսկ խորհուրդ է տվել իր գիրքը հանձնել բոլոր դիվանագետներին, հատկապես ԵԱՀԿ երկրներում դիվանագիտական առաքելություն իրականացնողներին: Գեղամյանի այս քայլը պարզապես զվարճացրել է պատգամավորներին, ԲՀԿ-ականներից մեկն էլ, չկորցնելով պահը, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանին բարձրաձայն առաջարկել է առաջիկայում ԱԺ-ում Գեղամյանական ընթերցումներ կազմակերպել:
Այսպիսով՝ ԱԺ-ում ԱԳ նախարարի հետ հանդիպումն ավարտվել է Գեղամյանի բոցաշունչ ելույթով ու իր հեղինակած ԱԳՆ դիվանագիտական այդ ուղեցույցը նվիրելով:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս