Երեխան մոռացնել է տալիս ամեն անհաջողություն. Լայանա (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երգչուհի Լայանան (Լիաննա Թեւոսյան) երեխայի ծնունդից հետո երաժշտական ասպարեզում գրեթե չի երեւում. այնպիսի տպավորություն է, որ նա պասիվացրել է իր գործունեությունը եւ ամբողջովին նվիրվել արդեն 1 տարեկան դստեր խնամքին: Երկրպագուներին հետաքրքրում է` երբ Լայանան կրկին կվերադառնա ասպարեզ, եւ երբ էկրաններին կհայտնվեն երգչուհու նոր տեսահոլովակները:

13318453_1062869990460733_333190393_n

Նա «Ժողովուրդ»-ին պատմեց, որ ձայնագրում է նոր երգ, որի հեղինակը Ռիչարդ Մադլենյանն է: Լայանան կարծում է, որ մինչեւ տարեվերջ կներկայանա նաեւ նոր տեսահոլովակով: Իսկ մինչ այդ երգչուհին պատրաստվում է մասնակցել նոր երաժշտական-ժամանցային նախագծի. «Հիմա ողջ ուժերս կենտրոնացրել եմ դրա վրա, վոկալ առումով նախապատրաստական աշխատանքներ եմ տանում: Կարծում եմ` աշնանը մի քանի ամսով կլինեմ եթերում»,-ասաց նա:

Լայանան պարբերաբար տեսահոլովակներով հանդես գալը երգչուհու համար պարտադիր պայման չի համարում, հատկապես որ, նրա խոսքով, շուկայում լճացած վիճակ է: Նա պատմեց, որ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին «Գոհար» սիմֆոնիկ նվագախմբի եւ երգչախմբի հետ հրավիրվել է Բեյրութ` հյուրախաղերի` հավելելով, որ ծավալում է գործունեություն, որը, սակայն, միշտ չէ, որ էկրաններից երեւում է: Լայանան տեղեկացրեց նաեւ, որ շուտով մտադիր է հանդես գալ ակումբներում:
Ի դեպ, երգչուհին, որը երկրորդ մասնագիտությամբ դերասանուհի է, նշեց, որ պարբերաբար ֆիլմերում նկարահանվելու առաջարկներ է ստանում, որոնք, սակայն, մերժում է. «Առաջարկվող դերերը դուրս չեն գալիս: Ես ինձ պատկերացնում եմ ուժեղ կնոջ կերպարում»,-ասաց նա:

13318967_1062869983794067_1955545587_n

Լայանան մեզ հետ զրույցում անկեղծացավ նաեւ երեխայի ծնունդից հետո իր կյանքում գրանցված փոփոխությունների մասին. «Բավական երկար ժամանակ նվիրվել էի կարիերային եւ մայրանալուս պահը հետաձգում էի: Երբ վերջապես երեխաս ծնվեց, ամբողջ ժամանակս հատկացրեցի նրան եւ չեմ ափսոսում: Ես դա չեմ համարում կորցրած ժամանակ, չեմ էլ նկատում, թե որքան ժամանակ եմ «բաց թողել»: Ամեն դեպքում, առաջիկայում շատ արագ կակտիվանամ»,-նշեց նա:
Լայանան ցանկություն հայտնեց իր դստերը տեսնել որեւէ տեսահոլովակում, բայց ոչ իր. «Նա շատ «երաժշտական» բալիկ է, եւ շատերն են ցանկություն հայտնում աղջկաս նկարահանել իրենց տեսահոլովակներում»:

Երգչուհին խոստովանեց, որ եթե դստեր ծնունդից առաջ ինչ-որ անհաջողություն կարող էր իրեն կոտրել, ապա այժմ դա իր աչքին անիմաստ մի բան է թվում. երեխան մոռացնել է տալիս ամեն ձախողում:

Աննա Բաբաջանյան




Լրահոս