Սեպտեմբերի 14-ին կայանալիք ՀՀ փաստաբանների պալատի (ՓՊ) նախագահի ընտրությունների շուրջ կրքերը գնալով թեժանում են: Նախագահի պաշտոնի համար պայքարող 3 թեկնածուներին 23 օր ժամանակ էր տրված քարոզարշավ իրականացնելու համար, եւ այդ ժամկետն արդեն մոտենում է իր տրամաբանական ավարտին: Արդյունքում՝ սեպտեմբերի 12-ին թեկնածուներից երկուսը պատրաստվում են բանավեճ-քննարկման:
ՀՀ ՓՊ նախագահի այս ընտրությունները նախորդից ուշագրավ են նրանով, որ պալատի գործող երկարամյա (8 տարի) նախագահ Ռուբեն Սահակյանն օրենքով նույն պաշտոնում չի կարող երրորդ անգամ առաջադրվել: Սակայն փորձում է իր պաշտոնը որպես ժառանգություն հանձնել իր տեղակալ, ՓՊ նախագահի թեկնածու Արա Զոհրաբյանին: Ավելին, պարզվում է՝ ՓՊ նախագահի ընտրության կարգը հիմնովին փոխվել է: Եթե անցյալում փաստաբանները հենց ժողովի ժամանակ էին ընտրում նախագահին, ապա հիմա դա նմանեցրել են երկրի նախագահի կամ պատգամավորների ընտրությանը. այն կլինի փակ, գաղտնի քվեարկությամբ: Իսկ թե ինչ բնույթի ընտրակեղծիքներ կարող են անել իրավաբանները, կիմանանք 3 օր անց:
Մինչ այդ նշենք, որ այս պահի դրությամբ ՓՊ նախագահի պաշտոնի համար պայքարում են երեք թեկնածու` Տիգրան Աթանեսյանը, Արա Զոհրաբյանը եւ Կրոմվել Գրիգորյանը: Այս ընտրությունները հետաքրքիր են լինելու նաեւ նրանով, որ թեկնածուներից Արա Զոհրաբյանը մյուս թեկնածուներին սեպտեմբերի 12-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում հրավիրել է բանավեճ-քննարկման: Մի երեւույթ, որ այդպես էլ ՀՀ նախագահի կամ խորհրդարանական ընտրությունների ժամանակ ավանդույթ չդարձավ: Թեկնածուներից Կ. Գրիգորյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ ինքը մասնակցելու է բանավեճ-քննարկմանը, իսկ Տ. Աթանեսյանը, արձագանքելով Ա. Զոհրաբյանի առաջարկին, հայտարարել էր. «Հեռուստադեբատներ պետք է անցկացնել հեռուստատեսության եթերում, այլ ոչ թե հյուրանոցում. անհասկանալի ֆորմատ է դա, որը շանս ունի վերածվելու էժան շոուի»:
Ինչ ընթացք կունենա բանավեճը, որի կուլտուրան մեզանում զարգացած չէ, դժվար է կանխատեսել: Սակայն փաստ է, որ այս օրերին Տ. Աթանեսյանը լուրջ հետաքննություն է սկսելու: Օրերս նա սկանդալային հայտարարություն արեց այն մասին, որ ինքը կասկածներ ունի, թե պալատը ֆինանսական չարաշահումներ է թույլ տվել: Ավելին, ըստ նրա՝ ընտրվելու կամ չընտրվելու դեպքում ինքն անպայման իր բացահայտումներն ուղարկելու է համապատասխան մարմիններին, որ այս ամենին ընթացք տրվի. «Հետամուտ եմ լինելու… եթե նախագահ լինեմ, առավել եւս առաջինը հենց դրանով եմ զբաղվելու, պալատը պետք է ինքնամաքրվի: Շատ կուզենայի, որ սա թյուրիմացություն լիներ»:
Ի պատասխան փաստաբանի չարաշահումների մասին հայտարարությանը, ՓՊ նախագահ Ռուբեն Սահակյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց. «Ինքն երեխա է, մի բան ասում է ու չի կարողանում հիմնավորել: Ինչո՞ւ է նախընտրական այս թոհուբոհի ժամանակ սկսել խոսել, եւ հետո, թող դիմի դատախազություն, հարուցեն քրեական գործ եւ ստուգումներ իրականացնեն եւ եթե կգտնեն խախտումներ, ես ինքս իմ ձեռքերը կտամ, որ կալանավորեն: Եթե չեն գտնի, թող ինքն իր ձեռքերը տա՝ կալանավորեն»:
Իսկ ո՞վ կդառնա ՓՊ նախագահ. թեկնածուներից Կ. Գրիգորյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ օբյեկտիվ ընտրության դեպքում ինքը կհաղթի. «Իմ վստահված անձանց միջոցով կփորձենք կանխել ընտրակեղծիքներ լինելու հավանականությունը, որ հետո վերջում չլացենք, թե կեղծիք եղավ, ու ես չանցա»:
Տ. Աթանեսյանը եւս իր հաղթանակի հնարավորությունը բարձր գնահատեց, քանի որ այն գաղափարները, որոնք այս ընթացքում ներկայացրել է, մեծ արձագանք են գտել փաստաբանների շրջանում. «Սակայն, հաշվի առնելով իրավիճակը, կասկածներ կան, որ ընտրակեղծիքներ կլինեն: Թեեւ կա վստահված անձ, ինչպես նաեւ՝ դիտորդներ, եթե նրանք նման բան նկատեն, կլինեն համապատասխան քայլեր»:
Իսկ Ա. Զոհրաբյանը կարծիք հայտնեց, որ ամեն թեկնածուի հաղթելու հնարավորությունների գնահատականը տալու են փաստաբանները եւ այն էլ միայն ընտրության օրը. «Մյուս երկու թեկնածուներից մի բան եմ խնդրում, այնպես անենք, որ այս ընտրությունների արդյունքում հասարակության աչքին մեր փաստաբանության հեղինակությունը բարձրացնենք: Հայտարարում եմ, որ անձամբ շնորհավորելու եմ հաղթող թեկնածուին եւ չեմ վիճարկելու ընտրության արդյունքները, եթե նույնիսկ մեր քվեների տարբերությունը լինի մեկ ձայն»:
Ու մինչ թեկնածուները զբաղված են քարոզարշավի ու իրենց ապագա պաշտոնին առնչվող խնդիրների լուծմամբ, փորձառու փաստաբան Ռոբերտ Գրիգորյանը մտահոգություն հայտնեց, որ ՓՊ-ն մի շարք անելիքներ ունի. «Փոխանակ խոսեն ՓՊ հեղինակության բարձրացման մասին, թե ինչն է վատ, որ պետք է լավացնեն, փոխադարձ վիրավորանքներ են հնչեցնում միմյանց հասցեին, ինչն առողջ չէ: Այս կերպ նրանք ոչ թե շահում են, այլ կորցնում: Իսկ առաջնային խնդիրը, որ պետք է լուծի փաստաբանական պալատը, յուրաքանչյուր փաստաբանի գործն է, որ իր իրավական գիտելիքները կատարելագործի, քանի որ անհատի բարձր որակն ինստիտուտի պատիվն է: Ճիշտ է, մենք լավ փաստաբաններ ունենք, բայց խնդիրն առկա է: Պալատը պետք է իր որոշումներով կարողանա պահանջներ դնել, որ չխախտեն օրենքը: Իսկ ինչ պետք է արվի եւ ինչպես պետք է արվի, մինչ օրս չեմ տեսել: Ու առհասարակ, թե ինչ ենք մենք ուզում, դեռեւս դա էլ չեմ տեսնում»:
ԳԼԽԱՎՈՐԸ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾԵԼՆ Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ