Երբ հետեւում ենք, թե ինչպես են ՀՀ իշխանություններն «ազատականացնում» Հայաստանի շուկան, այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ այդ մարդիկ կա՛մ որոշել են մի լավ զվարճանալ, կա՛մ էլ դպրոցականի մակարդակով են տիրապետում մեր տնտեսության կառուցվածքին:
Ինչպես հայտնի է՝ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը դեռեւս անցած չորեքշաբթի խորհրդարանի բարձր ամբիոնից հայտարարեց, որ ներկրման ոլորտում ոչ մի մենաշնորհ չկա, եւ ով ինչ ցանկանա, կարող է ներմուծել: Բնականաբար, հանրության շրջանում այս հայտարարությունը ընդունվեց իբրեւ թարմ անեկդոտ, նույնիսկ իշխանական պատգամավորները սկսեցին այդ թեմայով իրար մեջ կատակել: Հասկանալի է, չէ՞, որ ՀՀ կառավարությունը գործնական քայլերով պետք է ապացուցի, որ իր հայտարարությունը լուրջ է: Իսկ թե ինչ է անում գործադիրը, որպեսզի մարդիկ իր ասածներին լուրջ վերաբերվեն, երեկ ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը կառավարության նիստում:
Նախարարը հայտարարեց, որ տասն ապրանքախմբերի համար, այն է՝ կարագ, ալյուր, ցորեն, շաքարավազ, արեւածաղկի յուղ, հավի միս, նարինջ, բանան, բենզին եւ դիզելային վառելիք, տեղեկատվական հուշաթերթեր են մշակել, որոնք մինչեւ շաբաթվա վերջ կտեղադրեն իրենց կայքում: Այլ կերպ ասած՝ ՀՀ կառավարությունում ցանկանում են գործարարներին բացատրել, թե ինչպես կարելի է շաքարավազ, բենզին կամ ցորեն ներկրել:
Մի փոքր «սպրավչկա» կառավարության անդամների համար՝ նախ ամենակարեւորը՝ ցանկացած ապրանքատեսակ ներկրելու համար, առավել եւս ցորեն, շաքարավազ կամ բենզին, անհրաժեշտ է մի քանի հարյուրից մինչեւ մի քանի միլիոն դոլար: Ուստի շարքային որեւէ քաղաքացի, անգամ հուշաթերթիկի բոլոր կանոնները պահպանելու դեպքում, չի կարող այդ ապրանքատեսակների ներկրմամբ զբաղվել: Ինչո՞ւ, որովհետեւ Հայաստանում խիստ որոշակի գործարարներ կան, որոնք կարող են մեկ միլիոն դոլար ներդնել` նոր գործ սկսելու համար: Որքե՞ր են նրանք, հեռու չպետք է փնտրել. բոլորի անունները գրված են խոշոր հարկատուների ցուցակի առաջին հարյուրում:
«Սպրավոչկա» երկրորդ՝ երբ մարդիկ ասում են, որ ներկրման ոլորտը մենաշնորհի է ենթարկված, դա չի նշանակում, որ ով, օրինակ, բանան է փորձում ներկրել, Միհրան Պողոսյանը նրան ճակատից գնդակահարում է, կամ Բարսեղ Բեգլարյանը բենզին ներկրողին շքամուտքում բռնում ու ջարդը տալիս է: Ամենեւին ոչ: Ավելին՝ օլիգարխներն իրենց մրցակիցներին «հեռացնելու» գործընթացին չեն էլ միջամտում, այդ խնդիրը լուծվում է պետության բարձր հովանավորությամբ` ինքնաբերաբար: Օրինակ՝ եթե որեւէ մեկը բենզին է ներկրում, օրենքով սահմանված կարգով նրա բենզինից փորձանմուշ է վերցվում, մինչեւ փորձաքննության արդյունքները կստացվեն, մեկ-երկու փաստաթղթերի հետ կապված էլ «հարցեր» են ծագում, արդյունքում՝ նրա ապրանքը 15-20 օր մնում է մաքսային պահեստում, ինչի համար գործարարը պարտավոր է վճարել պահեստին: Ու քանի որ բենզինը ցնդելու հատկություն ունի, այդ ընթացքում պակասում է, շաքարավազը` քարանալու, ցորենը` խոնավությունից բորբոսնելու կամ որդնելու, բանանը` ժամանակից շուտ դեղնելու հատկություն ունեն, բնականաբար, մեկ շաբաթից ավել մաքսային պահեստներում մնալուց հետո փչանում են, կորցնում ապրանքային տեսքն ու որակը:
Ու եթե գործարարը մեկ միլիոն դոլար է ներդրել, որպեսզի, օրինակ, 50 հազար դոլար եկամուտ ստանա, ոչ միայն չի ունենում, այլ եթե 0:0 է դուրս գալիս, գոհ ու շնորհակալ պետք է հեռանա ոլորտից: Հասկանալի է, չէ՞, որ նա հաջորդ անգամ նման «ղալաթ» չի անի: Եթե համառի եւ երկրորդ անգամ փորձի «արգելված տարածք» ներխուժել, ապա նրան արդեն ծանր ճակատագիր կսպառնա: Տվյալ ապրանքատեսակի մենաշնորհ ունեցող գործարարը պարզապես գների կտրուկ իջեցում կարող է անել, գործարարը մնա փաստի առաջ:
Կառավարության անդամներին հիշեցնենք, որ այդ երեույթը կոչվում է դեյպինգ, որը ՀՀ օրենսդրությամբ արգելված է, եւ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը կարող է տվյալ ընկերությանը տուգանել: Ի դեպ, ՏՄՊՊՀ-ն կարող է չարաճճի մոնոպոլիստին եւս տուգանել, բայց 5 կամ 10 միլիոն դրամ ընդամենը, բայց դրանից ոչինչ չի կարող փոխվել սնանկացած գործարարի ճակատագրում:
Այնպես որ, ՀՀ կառավարության անդամները ավելի լավ կլինի՝ ասեն, թե իրենք ինչպես են երաշխավորում, որ մինչ այժմ գործող պայմանավորվածությունները խախտած գործարարները վերը նկարագրված ճակատագրին չեն արժանանա, եթե հաշվի առնենք, որ մոնոպոլիստները նույն այդ կառավարության անդամների ընկերներն ու հարազատներն են: Այլ կերպ ասած՝ ՀՀ կառավարությունն արդյոք գործարարներին խոստանում է պաշտպանել հենց իրենցից: Եթե որեւէ գործարար հանկարծ միամտություն ունենա եւ կառավարությանը հավատալով՝ սնանկանա, ապա գործադիրի անդամներից ո՞վ է խոստանում մարել պարտքերը: Այս հարցերի պատասխանը հնչեցնելուց հետո միգուցե Հայաստանի գործարար դաշտում նման համարձակներ գտնվեն, որոնք կվտանգեն իրենց կարողությունը` տարիներ շարունակ իրենց խաբած եւ կեղեքած իշխանությունների խոսքի լրջությունը հասկանալու համար:
ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ