Ինձ ուղղված ոչ բարի հայացքները փորձում եմ չնկատել. Ելենա Վարդանյան (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը շարունակում է ներկայացնել բլից-հարցազրույցների շարք հայտնիների հետ, բացահայտել նրանց նոր, հետաքրքիր կողմերով: Վերջիններս կպատմեն իրենց կյանքի հիշարժան դրվագների, ձեռքբերումների ու կորուստների մասին: Այս անգամ մենք զրուցել ենք Երեւանի Կ. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնի արտիստուհի, «Դոմինո» սիթքոմից հայտնի դերասանուհի Ելենա Վարդանյանի հետ:

13318573_1062869573794108_1717396308_n

-Ելենա՛, Ձեր անունը նշանակում է…

-Անունս ընտրել է հայրս, ես այն, իսկապես, շատ եմ սիրում: Եթե չեմ սխալվում, հունարենից թարգմանաբար Ելենա նշանակում է վառ, լուսավոր: Երեւի թե այն համապատասխանում է ինձ (ժպտում է): Ի դեպ, նեղ շրջապատում, հատկապես` բարեկամների շրջանում, ինձ ասում են «Լյալյա»:

-Դպրոցական տարիներին աչքի եք ընկել…

-Իմ ակտիվությամբ: Ես շատ կայտառ երեխա եմ եղել, միշտ ինչ-որ ոտանավորներ եմ արտասանել, «համերգներ» եմ տվել: Ինձ, առհասարակ, դժվար էր լռեցնել (ծիծաղում է): Դպրոցական տարիներին մի շրջան ապրել եմ Մոլդովայում, քույրս ու ես ընդգրկված էինք փոքրիկ երիտասարդական խմբում, որի անդամներով երգում էինք, մասնակցում միջոցառումների. այդ ամենը անում էինք մեր հաճույքի համար: Ես, իհարկե, երբեւէ պրոֆեսիոնալ մակարդակով չեմ զբաղվել երգեցողությամբ, բայց քանի որ մայրս դաշնակահարուհի է, օգնել է ինձ, նաեւ ինչ-որ բաներ եմ ժառանգել նրանից: Իսկ դպրոցում, առհասարակ, լավ եմ սովորել, ես նախընտում էի հումանիտար առարկաները` լեզուներ, գրականություն, աշխատանքի ուսուցում:

13292809_1062869577127441_2077118170_n

-Կյանքը սկսել եք ճանաչել…

-Ինչպես ասում են` «Век живи-век учись»: Ինչքան էլ ապրենք, ամեն դեպքում կյանքը լավ չենք ճանաչի: Դուք երեւի նկատի ունեք, թե երբ անցավ մանկությո՞ւնս: Ասեմ, որ ծնողներս ինձ պարուրել են գեղեցիկ, վարդագույն պատմություններով, նրանք միշտ պաշտպանել, փայփայել են ինձ: Ու քանի դեռ ծնողներդ կենդանի են, այդ հեքիաթը շարունակվում է: Իսկ կյանքը ավելի լավ ճանաչեցի, երբ սկսեցի ինքս աշխատել, երբ ապրեցի քաղաքացիական ամուսնությամբ: Կարծում եմ` մարդը մեծանում է այն ժամանակ, երբ սկսում է մտածել, որ շաքարը հենց այնպես պահարանում չի հայտնվում, այն հարկավոր է գնել (ծիծաղում է):

-Հավատում եք հրաշքների, որովհետեւ…

-Ինձ մոտ եւ մտերիմներիս շրջանում անելանելի թվացող շատ իրավիճակներից գտնվել են ելքեր: Ամեն բան կախված է նրանից, թե դու ինչպես ես վերաբերվում հրաշքներին: Երեւի թե եթե ես չդառնայի դերասանուհի եւ հեռուստացույցով տեսնեի ինձ պես մեկին, կմտածեի, որ եթե ես լինեի նրա տեղում, դա հրաշք կլիներ: Բայց քանի որ ես արդեն իսկ դերասանուհի եմ, դա կարող եմ հրաշք չհամարել: Այսինքն` հրաշքներ միշտ են տեղի ունենում, պարզապես հարկավոր է դրանք նկատել, դրանց վրա ուշադրություն դարձնել:

13295167_1062869580460774_449835643_n

-Ձեր ամուսնու մատուցած ամենահիշարժան անակնկալը:

-Դրանք շատ են: Նա արել է բաներ, որոնք դաջվել են հիշողությանս մեջ: Եվ ես վստահ չեմ, որ էլի կան մարդիկ, որ անում են նման անակնկալներ, բայց ես չէի ուզենա մանրամասնել, դա թող մնա իմ հուշերում:

-Ձեզ համար ի՞նչը կամ ո՞վ է բարձրագույն արժեք:

-Ինձ համար առաջնային արժեքը ընտանիքն է, նաեւ` իմ աշխատանքը: Առհասարակ, կարծում եմ, որ մարդը ինքը կարող է լինել արժեք, եթե օժտված է, օրինակ, կենսախնդությամբ, ինտելեկտով, արժանապատվությամբ:

-Կանացի նախանձից պաշտպանվելու Ձեր միջոցները:

-Ես այդ բառի նշանակությունը մինչեւ վերջ չեմ կարողանում հասկանալ, քանի որ ինքս շրջապատիս մարդկանց հանդեպ չունեմ նմանատիպ զգացումներ; Իհարկե, երբեմն նկատում եմ ինձ ուղղված ոչ բարի հայացքներ, կանանց կողմից ինձ տրվող ոչ ճիշտ խորհուրդներ, բայց այդ ամենը չեմ կարեւորում, փորձում եմ չնկատել: Իսկ ոչ դրական բաների մասին մտածելն էլ առաջին հերթին վնասում է հենց քեզ:

13295286_1062869570460775_803562177_n

-Երբեմն ուզում եք փախչել…

-Լինում է, որ ապրելով ծանրաբեռնված առօրյայով՝ ո՛չ տուն ես ուզում գնալ, ո՛չ աշխատանքի, ոչ մի տեղ… Դա սթրես է: Այդ ժամանակ ես ուզում եմ ոչ թե փախչել, այլ պառկել, ծածկվել, ու որ ոչ ոք ինձ չզանգի: Այդպիսի բան, իհարկե, պատահում է: Բայց մեծ հաշվով ես գոհ եմ իմ ճակատագրից: Այսօր ես ունեմ հրաշալի ընտանիք, սիրելի աշխատանք եւ այդ առումով ինքնաբավ անձնավորություն եմ, գոհ եմ Աստծուց:

-Կարո՞ղ եք թվել տղամարդուն չվստահելու մի քանի պատճառ:

-Ես հակված չեմ այն կարծիքին, թե տղամարդուն պետք չէ վստահել: Հատկապես եթե ամուսնանում ես, դա նշանակում է, որ կա մի տղամարդ, որը քայլում է քո առջեւից, այսինքն` դու վստահում, հարգում ես նրան, արդարացնում բոլոր դեպքերում:

-Ամենաշատը վախենում եք…

-Ինչ-որ կարեւոր բան չհասցնելուց: Հաճախ չես հասցնում ժամանակ հատկացնել ամենամտերիմ մարդկանց: Անցնում է ժամանակը, եւ դու չգիտես, թե վաղը ինչ կպատահի: Դրանից եմ վախենում:

-Աստծուց «նեղանալու» պատճառներ ունե՞ք:

-Ոչ, ի՞նչ եք ասում: Ես, առհասարակ, հավատավոր մարդ եմ: Իհարկե, կյանքում ինձ մոտ էլ ամեն բան հարթ չէ, բայց կարծում եմ, որ Աստծուն ամենաշատը պետք է ասել շնորհակալություն եւ ներիր:

Աննա Բաբաջանյան




Լրահոս