Ձու արտադրողներն ավելի շատ հարկ են վճարել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի պաշտոնական կայքէջում հրապարակված 1000 խոշոր հարկատուների ցանկում ներառված են «Արաքս» թռչնաֆաբրիկան եւ Սպիտակի թչռնաբուծական ֆաբրիկան:

Մասնավորապես «Արաքս» թռչնաֆաբրիկան այս տարվա առաջին կիսամյակում վճարել է 219 մլն 758 հազար 300 դրամ հարկ եւ զբաղեցրել 127-րդ տեղը: Իսկ, ահա, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այս ընկերությունը վճարել է 206 մլն 293 հազար 200 դրամ հարկ՝ զբաղեցնելով 121-րդ տեղը: Այսինքն՝ այս տարի վերոնշյալ ընկերությունը 13 մլն 465 հազար դրամի չափով ավել հարկ է վճարել:

Ինչ վերաբերում է Սպիտակի թռչնաբուծական ֆաբրիկային, այն այս տարի գրեթե կկնակի ավել հարկեր է վճարել, քան նախորդ տարի: Այսպես՝ այս տարվա առաջին կիսամյակում Սպիտակի թռչնաբուծական ֆաբրիկան վճարել է 62 մլն 484 հազար 700 դրամ՝ 1000 խոշոր հարկատուների ցանկում զբաղեցնելով 382-րդ տեղը: Մինչդեռ նախորդ տարվա առաջին կիսամյակում այս թռչնաբուծական ֆաբրիկան վճարել էր 35 մլն 683 հազար 600 դրամ եւ զբաղեցրել 620-րդ տեղը: Ստացվում է, որ այս ընկերությունը 26 մլն 801 հազար 100 դրամով ավել հարկ է վճարել:

Վերոնշյալ ընկերությունների հարկերի ավելացումը, ըստ էության, պայմանավորված է իրացման ծավալների ավելացմամբ: Բանն այն է, որ նախորդ տարեվերջին եւ այս տարեսկզբին այս ընկերությունները չթանկացրին իրենց արտադրանքը, ինչի արդյունքում ներքին շուկա այլ երկրներից ձու չներմուծվեց, եւ սպառվեց առավելապես հենց այս ընկերությունների արտադրանքը: Ի դեպ, տեղեկացնենք, որ Լուսակերտի տոհմային թռչնաֆաբրիկան այս տարվա առաջին կիսամյակի 1000 խոշոր հարկատուների ցանկում տեղ չի գտել, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ընկերությունը վճարել էր 34 մլն 453 հազար 900 դրամ եւ զբաղեցրել 638-րդ տեղը:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս