ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հարկային ծառայության կողմից ապրիլին 97 միլիարդ 50 մլն դրամ հարկեր եւ տուրքեր հավաքագրելու հանգամանքը, ինչպես հայտնի է, բազմիցս թմբկահարվել է: Նույնիսկ Սերժ Սարգսյանն իր վերջին հարցազրույցում այդ հանգամանքին հատուկ անդրադարձավ:
Հիշեցնենք, որ անցած տարի նույն ապրիլի արդյունքներով հավաքագրվել էր 90 միլիարդ 982 միլիոն դրամի հարկեր եւ տուրքեր: Ուստի հարկեր-տուրքերի ավելի քան վեց միլիարդ դրամի աճը ներկայացվեց իբրեւ լուրջ ձեռքբերում: Սակայն, երբ ընդհանուր հարկեր-տուրքերի կառուցվածքը ուսումնասիրում ենք, ակնհայտ է դառնում՝ ոչ մի աշխարհացունց իրադարձություն տեղի չի ունեցել, քանի որ աճը տնտեսության հետ կապ ունեցող հարկատեսակներով պայմանավորված չէ, ուստի տարվա վերջին այս «աճը» կմոռացվի, եւ Հայաստանի իշխանությունները եւս մեկ անգամ կհասկանան, որ գումարելիների տեղը փոխելով գումարը չի փոխվում:
Բանն այն է, որ հարկատեսակներից, օրինակ, ավելացված արժեքի հարկի ապրիլի հավաքագրումները, չնայած նախորդ տարվա համեմատ մի փոքր ավել են, բայց այս տարվա առաջին չորս ամսվա կտրվածքով այն լուրջ անկում է ապրել: 2015 թվականի առաջին չորս ամիսներին հավաքագրված է եղել 126 միլիարդ 448 միլիոն դրամի ԱԱՀ, այս տարի այն նվազել եւ կազմել է 116 միլիարդ 723 միլիոն դրամ: Անկումը կազմել է 9 միլիարդ 725 միլիոն դրամ: Իսկ ինչպես հայտնի է՝ տնտեսության վիճակը բնորոշող, եթե չասենք՝ հիմնական, ապա դրանցից մեկը հենց ԱԱՀ-ն է:
Հարկեր-տուրքերի 6 միլիարդ դրամի աճի առյուծի բաժինը բնօգտագործման վճարներն են: Ապրիլի բնօգտագործման վճարները անցած տարվա նույն ամսվա համեմատ մոտ երեք անգամ աճել են եւ կազմել 4 միլիարդ 303 մլն դրամ, անցած տարվա 1 միլիարդ 116 մլն դրամի փոխարեն: Բնօգտագործման վճարների զգալի մասը գոյանում է պղնձի խտանյութի արտադրությունից: Այս տարվա առաջին եռամսյակի արդյունքներով հիմնական պղնձի խտանյութ արտադրող ընկերությունը` «Զանգեզուրի ՊՄԿ»-ն, անցած տարվա համեմատ ավելի քան 2 միլիարդ դրամի քիչ հարկեր-տուրքեր էր վճարել:
Ավելին՝ այդ ընկերությունը հատկապես բնօգտագործման վճարների մասով անցած տարվա համեմատ մոտ 2 միլիարդ դրամ պակաս էր փոխանցել պետբյուջե: Սա այն դեպքում, երբ պղնձի խտանյութի արտադրությունը մոտ 40 տոկոսով անցած տարվա համեմատ աճել է, ինչը պայմանավորված է այդ գունավոր մետաղի միջազգային գների անկմամբ: Բանն այն է, որ վերջին երկու տարիներին պղնձի միջազգային գինը անընդհատ նվազում է: Միայն վերջին տարում այն արժեզրկվել է մոտ 30 տոկոսով` 1 տոննայի արժեքը 6200 դոլարից նվազել է մինչեւ 4 հազար 500 դոլարի: Արդյունքում՝ «Զանգեզուր ՊՄԿ»-ի եկամուտները կտրուկ նվազել են, եւ ընկերությունը պարտադրված է շատ արդյունահանել, որպեսզի կարողանա իր ծախսերը հոգալ: Մեր տեղեկություններով՝ «Զանգեզուր ՊՄԿ»-ն այս տարվա առաջին եռամսյակում բնօգտագործման վճարների գծով մոտ 2 միլիարդ դրամի պարտքեր է կուտակած եղել, որոնք մարել է ապրիլին, ինչի արդյունքում էլ նման կտրուկ «աճ» է արձանագրվել:
Հաջորդ «կտրուկ» աճը արձանագրվել է եկամտային հարկի գծով: Այս տարվա եւ անցած ապրիլի տարբերությամբ եկամտային հարկի գծով պետբյուջեի մուտքերն աճել են մոտ 1,7 միլիարդ դրամի չափով: Հիշեցնենք, որ եկամտային հարկը պահվում է աշխատավարձից: Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ պետական հիմնարկ-ձեռնարկությունների աշխատակիցների միջին աշխատավարձն այս տարվա չորս ամիսների արդյունքներով նվազել է: Միեւնույն ժամանակ գործազրկության մակարդակը եւս բարձրացել է:
Այսինքն՝ եկամտային հարկի մուտքերը կարող էին երկու պատճառով աճել` մի խումբ մարդկանց աշխատավարձերի կտրուկ բարձրացման կամ էլ ընկերություններից կանխավճարներ հավաքագրելու հաշվին: Թերեւս առավել հավանական է երկրորդ տարբերակը: Ամեն դեպքում հաջորդ ամիսների եկամտային մուտքերը ցույց կտան, թե ապրիլին արձանագրված «աճը» որքանով է հաստատուն եղել:
Փաստն այն է, որ Հայաստանի բնակչության կյանքի մակարդակը շարունակում է նվազել, իսկ իշխանությունները շարունակում են փորձել հանրությանը թվերով համոզել, որպեսզի նրանք իրենց աչքի տեսածին չհավատան:
ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ