ԹԵՎԿԱՊԱՎՈՐՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ԳՈՒՄԱՐՆԵՐ ԳԱՆՁԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոտ երկու ամիս առաջ Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը մեծ ոգեւորությամբ քաղաքացիներին կոչ արեց ավտոմեքենայի կայանման համար կանաչ-կարմիր թեւկապավորներին այլեւս գումարներ չվճարել` նշելով, որ բոլոր գանձումները կլինեն անօրինական: Սակայն, չնայած դրան, երեւանյան փողոցներում թեւկապավորները շարունակում են անօրինական գումարներ գանձել քաղաքացիներից:
Նշենք, որ Երեւանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ մայրաքաղաքում մեկ ամսից ավելի է, ինչ գործում են վճարովի ավտոկայանատեղիներ, ինչի պատճառով հարյուրավոր մարդիկ այսօր գործազուրկ են: Փոխարենը վարորդներն օրինական ավտոկայանատեղիում կայանելու համար պետք է վճարեն` մեկ ժամվա համար 100 դրամ, մեկ օրվա համար` 500, մեկ շաբաթվա համար` 1000, մեկ ամսվա համար` 2000 դրամ: Իսկ մեկ տարվա համար միանվագ վճարման դեպքում սահմանված է 12 հազար դրամ:
Այս ամենի արդյունքում` թեւկապավորները չվերացան, նրանք շարունակում են աշխատել, սակայն հիմնականում թաքնվելով: Մարգարյան հիվանդանոցի մոր եւ մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի ավտոկայանատեղիում «Ժողովուրդ»-ի այցելության ժամանակ քաղաքացիական հագուստով մի տղամարդ էր սպասարկում: Մեզ հետ զրույցում նա հրաժարվեց նշել իր անունը. «Քո՛ւր ջան, թաքնվելով աշխատում ենք, ի՞նչ անենք: Վախը սրտներումս` գալիս ենք այստեղ, ոստիկանությունը տեսնի, կտանի բաժին: Բա ի՞նչ անեմ, երկու անչափահաս երեխա ունեմ, ո՞նց պահեմ նրանց»:
Նույն պատկերն էր նաեւ Վերնիսաժի տարածքում` Հանրապետության փողոցում, որը, ի դեպ, մոտ է Երեւանի քաղաքապետարանի երկրորդ մասնաշենքին:
«Դե աշխատում ենք, էլի՛, տեսնենք` ոնց կլինի սրա վերջը: Պետք է սպասենք: Թաքուն ենք աշխատում: Մի երկու անգամ տարել են բաժին, հետո էլ հարկայինն է 15 հազար դրամ տուգանել: Դե մենք էլ հազիվ օրվա հացն ենք վաստակում: Առավոտից կանգնած եմ, բայց մինչեւ հիմա 100 դրամ եմ միայն աշխատել, մարդ կա, չի տալիս, ասում է` անօրինական ես: Ամեն օր հազիվ 1500 դրամ եմ տուն տանում»,-դժգոհեց 51-ամյա Վարդանը: «Ժողովուրդ»-ի հարցին, թե քաղաքապետարանի աշխատակիցները, տեսնելով իրենց, ինչ են ասում, նա պատասխանեց. «Տեսնում են, բայց դե մենք էլ երկաթներն ենք դնում, մեքենայի համար տեղերն ենք պահում, որ իրենց շեֆերը գան: Նրանք փող չեն տալիս, որովհետեւ քաղաքապետարանի աշխատակից են»:
Իսկ Արամի փողոցի ավտոկայանատեղին, որը պատկանում է «Սոգլասիյե Արմենիա» ՍՊԸ-ին, սպասարկում են Սլավիկ Ջավակյանն ու Արշակ Հակոբյանը: Ջավակյանի խոսքով` իրենք աշխատում են օրենքի սահմաններում. «Բայց ասեմ, որ ամեն օր ոստիկանությունում եմ, արդեն սովորել եմ»: Ըստ նրա ներկայացրած փաստաթղթի` նշված ավտոկանգառի գործունեությունն իրականացվում է «Սոգլասիյե Արմենիա» ՍՊԸ-ի կողմից Երեւանի քաղաքապետարանի 27.03.2002թ. եւ 07.02.2002թ. հողի վարձակալության պայմանագրով 15 տարի ժամկետով վարձակալած տարածքներում: Նշված ավտոկանգառի տարածքների վերաբերյալ նախապես տեղյակ են պահել ՀՀ ՃՈ-ին եւ «Փարքինգ սիթի սերվիս» ՓԲԸ-ին` ներկայացնելով բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը:
Ապօրինի թեւկապավորների գործունեության հետ կապված` ««Աքիլլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն» ՀԿ-ն ամեն օր ահազանգեր է ստանում վարորդներից: «Մենք ուսումնասիրում ենք դաշտը: Այո՛, Նավասարդյանն իրոք հայտարարել է, որ թեւկապավորներն անօրինական են: Հետեւաբար, հավաքվող գումարներն էլ են անօրինական: Ընդ որում, տարածքի ամեն քառակուսու վրա ՀՀ ՊԵԿ-ը հարկ է սահմանել: Ամենազարմանալին այն է, որ անօրինական գործողության վրա հարկ են դնում: Այ հիմա ես չգիտեմ, թե ինչ պատասխանեմ` սրա հետ կապված: Մեկի թեւին մի բան է կապած, մեկի հագին մի ժիլետ կա, երբ հարցնում ենք, թե ով է ձեզ կանգնեցրել, մեկն ասում է` թաղապետարանը, մյուսն էլ` քաղաքապետարանը: Այդպես էլ չենք իմանում, թե որը: Գիտենք միայն, որ այդ հավաքված գումարներն ինչ-որ մի տեղ գնում են: Բայց թե որտեղ, չգիտենք»,-նկատեց ՀԿ-ի նախագահ Էդիկ Հովհաննիսյանը:
Պետական գերատեսչություններից ո՞ր մեկի բացթողման արդյունքն է սա: Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչությունը տեղյա՞կ է այս երեւույթից, թե՞ ոչ: Եվ ի՞նչ քայլեր է ձեռնարկում այս ուղղությամբ: Այս հարցերի հետ կապված` Երեւանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետի տեղակալ Արթուր Սարուխանյանը «Ժողովուրդ»-ին փոխանցեց. «Մենք քաղաքացիներին կոչ ենք արել չվճարել: Թեւկապավոր մարդիկ ապօրինի գործունեություն են ծավալում, եւ իրենցով պետք է զբաղվեն համապատասխան իրավապահ մարմինները կամ հարկային տեսուչները: Հավանաբար ոստիկանությունը չպետք է թույլ տա, որ նրանք ապօրինի գործունեություն ծավալեն, համենայնդեպս` ոչ քաղաքապետարանը»:
Իսկ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը «Ժողովուրդ»-ին վստահեցրեց. «Մենք պայքարում ենք իրենց դեմ, համապատասխան արձանագրություն ենք կազմում եւ այն փոխանցում ենք ՊԵԿ-ին: Չի բացառվում նաեւ, որ նրանցից շատերը ոստիկանության վերակարգին տեսնելուց հետո ժամանակավոր դադարեցնում են իրենց աշխատանքը»:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս