2015թ. քրեական հեղինակություն համարվող Ավետիս Գրիգորյանը, որը առավել հայտնի է Ղռերի Ավո մականունով, ինչպես նաեւ նրա որդին մարդ առեւանգելու համար հայտնվել էին դատարանում: Եվ, ահա, մեկ տարի տեւած քննությունից հետո քրեական հեղինակությունն ու նրա որդին դատապարտվեցին ազատազրկման:
100 հազար դրամ պարտքը
Եվ այսպես՝ ի՞նչ հանցանք էին գործել քրեական հեղինակությունն ու իր որդին, որ հայտնվել էին իրավապահների ուշադրության կենտրոնում: Պարզել էինք, որ քաղաքացի Արամ Պողոսյանի մտերիմներից մեկը` Սարգիս Զազյանը, մոտ 100.000 դրամ պարտք էր ունեցել քրեական հեղինակությանը: Մեկ անգամ Պողոսյանը ներկա էր եղել վերջիններիս հեռախոսային խոսակցությանը, որի ժամանակ նրանք վիճել էին: Արդյունքում՝ Արամը անհագստանալով Սարգիսի ձեռքից վերցրել էր հեռախոսը, ներկայացել է որպես Սարգիսի ընկեր եւ առաջարկել էր լուծել այդ խնդիրը: Ավետիսն նրան ասել էր, որ Սարգիսն իրեն խաբել է, մեկ-երկու ամիս առաջ պետք է իրեն գումար տար, սակայն չի տալիս: Եվ Արամ Պողոսյանի մտերիմն այնքան էր ուշացրել գումարը, որ Ղռերի Ավոն իր որդու` Արմեն Գրիգորյանի հետ որոշել էր գնալ «Հայբուսակ» համալսարան, որտեղ կարող էր տեսնել Արամ Պողոսյանին եւ նրա միջոցով ստիպել հետ տալ իր պարտքը:
Նստեցրել է մեքենան ու տարել
Նրանց հանդիպման ժամանակ խոսակցությունն այն աստիճան էր թեժացել, որ քրեական հեղինակությունը ստիպողաբար Արամ Պողոսյանին իր ավտոմեքենայով առեւանգել էր ու տարել անհայտ ուղղությամբ: Պարզվում է՝ Ավետն ու իր որդին Պողոսյանին տարել էին անհայտ վայր, մի քանի օր պահել, ծեծի ենթարկել, սակայն տեսնելով, որ այդ ճանապարհով էլ չի ստացվում իրենց գումարը hետ ստանալ, նրան բաց էին թողել: Սակայն, ինչպես ցույց են տվել հանգամանքերը, այս միջադեպից հետո նրան հենց այնպես բաց չէին թողել, այլ նրա ձեռքից վերցրել էին ավտոմեքենան:
Արամ Պողոսյանն իրավապահներին հայտնել էր, որ իրեն բաց թողնելուց հետո զանգահարել է Ավետին՝ ասելով, որ կմոռանա կատարվածի մասին, եթե իրեն հետ վերադարձնի ավտոմեքենան, սակայն վերջինս ասել է, որ չի պատրաստվում ավտոմեքենան հետ տալ, այլ կվաճառի՝ պարտքի փոխարեն:
Ոստիկանությունը գործել է
Արամը դեպքի օրը չի դիմել ոստիկանություն, քանի որ մտածել է, որ հաջորդ օրը Ավետը կվերադարձնի իր ավտոմեքենան, դրա համար էլ անիմաստ է համարել ավելորդ քաշքշուկի մեջ հայտնվել: Բայց երբ զանգահարել է Ավետին եւ նրանից տեղեկացել, որ ավտոմեքենան չի վերադարձվելու իրեն, որոշել է դիմել ոստիկանություն: Այդպես էլ գործին իրավական ընթացք է տրվել:
Եվ, ահա, գործը նախագահող դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը, լսելով բոլոր կողմերին, 2016 թվականի մայիսի 12-ին վճռեց Ավետիս Գրիգորյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով եւ ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի` Օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատիժ նշանակելու կիրառմամբ դատապարտեց ազատազրկման 2 տարի ժամկետով: Իսկ նրա որդուն՝ Արմեն Գրիգորյանին, մեղավոր ճանաչեց ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ (Մարդուն առեւանգելը) դատապարտելով ազատազրկման 4 տարի ժամկետով:
Ինչով է հայտնի Ղռերի Ավոն
Ավետիս Գրիգորյանի անունը շրջանառվել է Հոկտեմբերի 27-ի ոճրագործության հետ կապված: Գրիգորյանը դեռեւս 1999 թվականի ԱԺ ընտրություններում պատգամավորի թեկնածու է առաջադրվել, եւ նրա վստահված անձը եղել է Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը կատարած խմբի անդամներից Դերենիկ Բեջանյանը: Հոկտեմբերի 27-ին, երբ Նաիրի Հունանյանը եւ նրա հանցախումբը դեռեւս ԱԺ նիստերի դահլիճում են եղել, Դերենիկ Բեջանյանը զանգահարել է հենց այն խորտկարանը, որտեղ այդ պահին եղել է Ավետիս Գրիգորյանը: Այս փաստը բազմաթիվ կասկածների եւ քննարկումների առիթ էր դարձել: Հոկտեմբերի 27-ի գործը քննող իրավապահները լուրջ կասկածներ են ունեցել, որ Ավետիս Գրիգորյանը եւ նրա հետ այդ օրը խորտկարանում եղած մարդիկ առնվազն նախապես տեղեկացված են եղել, թե Նաիրի Հունանյանը եւ նրա հանցախումբը ինչ են պատրաստվում անել:
Պետության հովանավորյալը
Ի դեպ, նշենք, որ Ավետիս Գրիգորյանը ակտիվորեն մասնակցել է ՀՀ եւ Արցախի պաշտպանական մարտական գործողություններին, որոնց համար պարգեւատրվել է: ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ 2002թ. մայիսի 2-ի հրամանագրով նա պարգեւատրվել է «Արիության» մեդալով, ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի՝ 2004թ. մայիսի 5-ի հրամանագրով պարգեւատրվել է «Անդրանիկ Օզանյան» մեդալով, Արցախի ազատության պայքարի կատարած հատուկ ծառայության համար ԼՂՀ մայրության կոմիտեի նախագահի կողմից 2004թ. մայիսի 9-ին պարգեւատրվել է «Մայրական երախտագիտություն» մեդալով, ՀՀ նախագահի՝ 2006թ. սեպտեմբերի 18-ի հրամանագրով պարգեւատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կողմից 2012թ. հունվարի 19-ին պարգեւատրվել է «ՀՀ Զինված ուժեր 20 տարի» հոբելյանական մեդալով:
Թերեւս այս մեդալների առատությունն է նրան «թեւեր» տվել 100 հազար դրամի համար մարդ առեւանգել ու ավտոմեքենա հափշտակել:
Քնար Մանուկյան