Ինչպես արդեն «Ժողովուրդ»-ը տեղեկացրել է, «Էլագրա» ՍՊԸ-ն ընդդեմ ՊԵԿ-ի Իջեւանի տարածքային հարկային տեսչության հայցով դիմել էր ՀՀ վարչական դատարան` պահանջելով վերացնել վարչական ակտը: Բանն այն է, որ «Էլագրա» ՍՊԸ-ն 2010թ. մայիսից Բագրատաշեն գյուղում չի կարողանում առեւտուր իրականացնել, թեեւ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից ստացել է առեւտրի իրականացման վայրի կազմակերպման գործունեության լիցենզիա: ՊԵԿ-ի Իջեւանի տարածքային հարկային տեսչությունը մերժում էր գործունեություն սկսելու մասին ՍՊԸ-ի հայտարարությունը եւ հսկիչ-դրամարկղային մեքենաների՝ հարկային մարմնում գրանցումը: 2013թ. հունվարի 15-ին ՀՀ ՄԻՊ-ի աշխատակազմը հանդես է եկել հաղորդագրությամբ, որում ասված է. «ՀՀ ԿԱ ՊԵԿ-ի աշխատակիցների ոչ իրավաչափ գործողությունների արդյունքում խախտվել են «Էլագրա» ՍՊԸ-ի իրավունքները»:
2013թ. փետրվարի 27-ին ՀՀ վարչական դատարանի Սեւանի նստավայրում դատավոր Հովհաննես Թորոսյանը վճռել է «Էլագրա» ՍՊԸ-ի ընդդեմ ՀՀ ԿԱ ՊԵԿ-ի Իջեւանի տարածքային հարկային տեսչության 2012թ. օգոստոսի 7-ի թիվ 468 միջամտող վարչական ակտը վերացնելու եւ ընկերության ներկայացրած դրամարկղային գիրքը հաստատելուն պարտավորեցնելու պահանջների մասին հայցը բավարարել եւ ՀՀ-ից հօգուտ «Էլագրա» ՍՊԸ-ի բռնագանձել ընկերության դատական ծախսերը՝ ընդհանուր առմամբ 28 հազար դրամի չափով, որից 8000 դրամը՝ պետտուրքի, 20.000 դրամը՝ ընկերության ներկայացուցչի համար կատարված ծախսերի գումար: Իջեւանի տարածքային հարկային տեսչությունն այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է բերել: Սեպտեմբերի 3-ին ՀՀ վարչական վերաքննիչ դատարանը որոշել է Իջեւանի տարածքային հարկային տեսչության վերաքննիչ բողոքը մերժել եւ ՀՀ վարչական դատարանի 2013թ. փետրվարի 27-ի վճիռը թողնել անփոփոխ:
Հավելենք, որ Իջեւանի տարածքային հարկային տեսչության դեմ հայցով ՀՀ վարչական դատարան էին դիմել նաեւ Տավուշի մարզի Բագրատաշեն գյուղի թվով 10 անհատ ձեռնարկատերեր, որոնք դատարանից պահանջում էին բավարարել Իջեւանի տարածքային հարկային տեսչության 2012թ. նոյեմբերի 6-ի միջամտող վարչական ակտերը վերացնելու եւ հսկիչ-դրամարկղային մեքենաները գրանցելուն պարտավորեցնելու իրենց պահանջը: Այս գործով որպես երրորդ անձ է հանդես եկել «Էլագրա» ՍՊԸ-ն: Հայցվորները դատարանին հայտնել են, որ 2012թ. հոկտեմբերի 29-ին նոտարական կարգով կնքել են անշարժ գույքի ենթավարձակալության պայմանագրեր, որոնցով իրենցից յուրաքանչյուրն «Էլագրա» ՍՊԸ-ից ամսական 1,5 մլն դրամով վարձակալել է 140 քմ մակերեսով վաճառատեղ: Հարկային տեսչությունը միջամտող վարչական ակտերով ժամանակավորապես մերժել է անհատ ձեռնարկատերերի հսկիչ-դրամարկղային մեքենաների գրանցումը: 2013թ. հուլիսի 9-ին վարչական դատարանը վճռել է բագրատաշենցի 10 անհատ ձեռնարկատերերի հայցը բավարարել, Իջեւանի տարածքային հարկային տեսչության միջնորդող վարչական ակտերն անվավեր ճանաչել եւ հարկային տեսչությանը պարտավորեցնել գրանցելու անհատ ձեռնարկատերերի կողմից ներկայացված հսկիչ-դրամարկղային մեքենաները:
Տավուշ