ՍՐԱ՞ՆՔ ԵՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2012թ. Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության եւ Գերմանիայի դեսպանության համատեղ նախաձեռնությամբ սերբ ռեժիսոր Սրջան Դրագոեւիչի «Պարադա» ֆիլմը մի քանի անգամ փորձեցին ներկայացնել հանրային ցուցադրության: Նախատեսել էին այն ցուցադրել հոկտեմբերի երկրորդ շաբաթվա ընթացքում, սակայն ցուցադրությունը չկայացավ հասարակական ճնշումների պատճառով: Չնայած Վանաձորում մի քանի հոգի դիտեցին այդ ֆիլմը, սակայն դրա վերաբերյալ որեւէ քննարկում, հրապարակում չեղավ։
Ֆիլմի ցուցադրության խափանումից հետո հայաստանյան մի շարք հասարակական կազմակերպություններ հանդես եկան հայտարարությամբ, որտեղ վրդովմունք էին հայտնում «ՀՀ-ում մարդու իրավունքների ոտնահարումների, խտրականության եւ անհանդուրժողականության տարածման» կապակցությամբ ու պահանջում, որ «ՀՀ կառավարությունը երաշխավորի միջոցառման անվտանգ իրականացումը»:
Եվ ահա, այս օրերին, երբ հանրային ուշադրության կենտրոնում Հայաստանի՝ Մաքսային միությանը միանալու, ասել է թե՝ եվրոպական ինտեգրացիային հրաժեշտ տալու հարցն է, «Մեդիա կենտրոն»-ում տեղի է ունեցել «Պարադա» ֆիլմի փակ ցուցադրությունը, որին հաջորդել է քննարկումը: Ֆիլմը «Մեդիա կենտրոն»-ին ցուցադրության համար տրամադրել է ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակությունը: Ավելորդ չենք համարում հիշեցնել, որ ֆիլմը հիմնականում ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող մարդկանց, ինչպես նաեւ «այլատյացության եւ սոցիալական ագրեսիայի մասին է»:
Մասնավորապես քննարկմանը մասնակցած ՄԱԿ Հանրային տեղեկատվության վարչության ներկայացուցիչ Մարիա Դոցենկոն ափսոսանք է հայտնել, որ հանդիսատեսը քիչ էր, եւ ցուցադրությունը փակ էր հանրության համար։ Ըստ նրա` ֆիլմը լավն է եւ կարեւոր թեմայի է անդրադառնում. «Ինչպես գիտենք, ԼԳԲՏ խնդիրների շուրջ ձեւավորված հանրային վերաբերմունքը Հայաստանում դեռեւս խիստ վիճելի է, այս ոլորտում շատ է կողմնակալությունը, որը կարող է լուծվել միայն հանրային երկխոսության, քննարկման միջոցով»: Ահռելի չափերի հասած արտագաղթի, սոցիալական սարսափելի ծանր վիճակի պայմաններում մեզ մնացել է միայն քննարկել գենդերային, սեռական փոքրամասնությունների եւ նման այլ հարցեր։ Կարծես թե ոմանք պարզապես ցանկանում են մեզ համառորեն ապացուցել, որ դրանք ու միայն դրանք են եվրոպական արժեքները՝ նպատակ ունենալով վերջնականապես հիասթափեցնել Եվրոպայից։ Իհարկե, մենք հո լավ գիտենք, որ եվրոպական արժեքները բոլորովին այլ են։

Ռ. ԹԱԹՈՅԱՆ




Լրահոս