
ՀԱՐՑ. Տղաս քոլեջում է սովորում եւ 2014թ. մայիսին ավարտելու է: Նրա տասնութ տարին լրանալու է մարտ ամսին: Հնարավո՞ր է՝ առանց ավարտական քննությունները հանձնելու նրան զորակոչեն բանակ:
ՊԱՏԱՍԽԱՆ. «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի համաձայն՝ կառավարության կողմից կոնկրետ զորակոչը կազմակերպելու մասին ընդունվող որոշումներով տրվում են հանձնարարականներ՝ ուսումնական հաստատություններում ավարտական քննությունները, դիպլոմային աշխատանքների եւ մագիստրոսական թեզերի պաշտպանություններն ավարտել մինչեւ այդ որոշմամբ սահմանված ժամկետների ավարտը:
Այնպես որ, Ձեր տղան նույնպես, օգտվելով այդ հնարավորությունից, կարող է զորակոչվել բանակ ավարտական քննությունները հանձնելուց հետո: Նշենք, որ 2012թ. գարնանային զորակոչի ժամանակ նշված գործընթացները կառավարության համապատասխան որոշմամբ քոլեջներում եւ ուսումնարաններում նախատեսված էր ավարտել մինչեւ նույն թվականի հունիսի 25-ը:
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Բազմաթիվ օրենքների ու կարգերի նման այս մեկն էլ ժամանակի ընթացքում ենթարկվել է որոշակի փոփոխությունների: Բոլորն էլ կփաստեն, որ այս հարցում կան շատ ու շատ թերացումներ: Դեռ դպրոցը չավարտած` տղաները չգիտեն` ինչ պետք է անեն հետագայում՝ մասնակցելո՞ւ են ավարտական քննություններին, թե՞ դպրոցական պայուսակը դնելու են մի կողմ եւ շտապ գնան ծառայության: