Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ հասարակա-քաղաքական հարցերով օգնական Ալի Հասանովը նշել է ապրիլի սկզբին Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում բախումների դադարեցման գործում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի զգալի դերը, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը:
Ադրբեջանական ANS հեռուստաալիքի հարցազրույցում Հասանովը հայտարարել է, որ ապրիլի 4-ից միջազգային բոլոր կազմակերպությունները կրակը դադարեցնելու կոչերով դիմեցին Հայաստանին և Ադրբեջանին:
«Բնականաբար, նրանք դրա իրավունքն ունեն: Միջազգային իրավունքի նորմերը պահանջում են, որպեսզի հակամարտությունը կարգավորվի խաղաղ ճանապարհով: Այդ իսկ պատճառով Ադրբեջանը ստիպված էր դադարեցնել պատերազմը, և այդ գործում հիմնական դերը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինինն էր»,-ասել է Հասանովը:
Նրա խոսքով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները հակամարտության կարգավորման համար պետք է կամք դրսևորեն: