Սերժ Սարգսյանն ու Վլադիմիր Պուտինը կհանդիպեն Աստանայում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 31-ին Աստանայում կկայանա Եվրասիական տնտեսական գերագույն խորհրդի նիստը: Նիստի մասնակիցները կքննարկեն ԵՏՄ գործունեության խնդիրները, ինչպես նաև արտասահմանյան պետությունների հետ առևտուրը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնում է, որ Եվրասիական տնտեսական գերագույն խորհրդի նիստին կմասնակցեն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևը:

«ԵՏՄ անդամ պետությունների ղեկավարները կքննարկեն ինտեգրացման խորացման հեռանկարները, ներառյալ՝ գազի, նավթի և նավթամթերքների ընդհանուր շուկաների ձևավորումը, կարծիքներ կփոխանակեն արտասահմանյան երկրների և տարածաշրջանային ինտեգրացիոն միավորումների հետ առևտրատնտեսական կապերի ընդլայնման շուրջ: Բանակցությունների արդյունքների համաձայն՝ մի շարք փաստաթղթեր կստորագրվեն»,-ասվում է Կրեմլի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

Կրեմլի մամուլի ծառայությունում հայտնում են նաև, որ Վլադիմիր Պուտինը երկկողմ հանդիպում կունենա Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ:




Լրահոս