Լոռիում պահպանում և տարածում են ազգային խաղերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 29-ին Ախթալայի Սուրբ Աստվածածին եկեղեցու հարակից տարածքում Հայաստանի երիտասարդական հիմնադրամը կազմակերպել էր ազգային խաղերի մրցաշար։ Մասնակցում էին մարզի 10 թիմեր, որոնք ուժերը չափեցին 7 ազգային խաղերում՝ ճղլաստի, աքլորախաղ, պարանի ձգում, բլրի հաղթահարում և այլն։ Այս խաղերն ավանդական են և ամեն տարի անցկացվում են Լոռու տարբեր տարածաշրջաններում։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը նկատեց, որ նման նախաձեռնությունների շնորհիվ է, որ դաստիարակվում է հայրենասեր, ազգայինն ու ավանդականը գնահատող սերունդ։ Նաև նման ազգային, ռազմահայրենասիրական միջոցառումների շնորհիվ են ծնվում այն երիտասարդները, ովքեր սահմանին հայրենիքը պաշտպանելիս կերտում են հերոսապատումներ։ «Այսօրվա մեր սերունդը ապացուցեց, որ իր երկրի տերն է՝ անառիկ պահելով հայրենի սահմանները։ Դուք այդ սերնդի ներկայացուցիչներն եք, ու վստահ եմ, որ այդ գաղափարախոսությունը փոխանցելու եք նաև հաջորդ սերունդներին»։

Ազգային խաղերի մասնակիցներին իր օրհնության և ողջույնի խոսքը բերեց Ալավերդու հոգևոր հովիվ Տեր Միքայել քահանա Շաղոյանը։ Նա ողջունելի համարեց բոլոր այն միջոցառումները, որ կապված են ազգայինի, ավանդականի հետ, որովհետև այսօր առավել քան երբևէ պատանի, երիտասարդ սերնդին կարիք ունենք մոտեցնելու մեր արմատներին։
Լոռու փոխմարզպետ Տիգրան Բադոյանը մարզպետ Արթուր Նալբանդյանի անունից ոջունեց ներկաներին՝ նշելով, որ մարզային իշխանությունները կարևոր տեղ են հատկացնում նման միջոցառումներին։

Ախթալայի քաղաքապետ Հայկ Խաչիկյանն էլ նկատեց, որ ազգային խաղերը մեր մշակույթի մասն են կազմում։ Եվ յուրաքանչյուր հասարակություն իր զարգացման ճանապարհին պետք է պահպանի ազգայինն ու ավանդականը։
Վանաձորի պետական համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Վրույր Այվազյանն ընդգծում է, որ թեև այսօր պատանիներն ու երիտասարդներն ավելի շատ համակարգչային խաղեր են խաղում, բայց իրենք փորձում են չմոռանալ ազգային խաղերը, դրանք կիրառելի դարձնել տարբեր միջոցառումներում, փոխանցել տարիքով ավելի փոքրերին։ Ըստ Վրույրի, ազգային խաղերը շատ լավ պահպանվել են գյուղական համայնքներում, սակայն իրենք ամեն ինչ անում են, որպեսզի դրանք նաև քաղաքում տարածվեն։
Նշենք, որ ՀԵՀ Լոռու մարզային կենտրոնի կողմից կազմակերպվող ազգային խաղերը տարեցտարի ընդլայնվում են, դրանց ավելի ու ավելի մեծ թվով երիտասարդներ են ներգրավվում։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի
հասարակայնության հետ կապերի ծառայություն




Լրահոս