Հաղորդավարուհի, բանաստեղծուհի ՍՈՆՅԱ ԹԱՇՉՅԱՆԸ Հայաստան է եկել Լիբանանից 1990թ.: Առաջին իսկ պահից հայրենիքում ապրելու գաղափարը նրան գերել է, եւ նա որոշել է մնալ Հայաստանում: Տիկին Սոնյան մասնագիտությամբ բանասեր է, բայց, ինչպես ինքը նշեց, ծնունդով բանաստեղծ է:
-Ինչպե՞ս հայտնվեցիք հեռուստատեսությունում:
-Առաջին անգամ դեռ 1997թ. “Երրորդ ալիք” հեռուստածրագրով ներկայացրել եմ Զատիկի տոնի մասին հաղորդում: Հետագայում REDDY ընկերությունն ինձ առաջարկեց ուսուցողական մի հաղորդաշար պատրաստել նույն` “Ինչպես պատրաստվել Զատկին” թեմայով: Իսկ ահա 2002-ին մասնակցում էի դեպի էրգիր ուխտագնացության մի խմբի, որի մեջ էր “Շողակաթ” հեռուստաընկերության նկարահանող խումբը: Վերադարձին նրանց խորհուրդներով դիմեցի նորաստեղծ հեռուստաալիքի տնօրինության եւ առաջարկեցի սկսել խոհանոցային մի հաղորդաշար` “Աշխարհը ձեր խոհանոցում” անունով: Հետագային ունեցա նաեւ “Դու կարող ես” մանկապատանեկան ժամանցային-ուսուցողական մի հաղորդաշար եւ վերջապես ձեռնարկեցի “Տատիկի խոհանոց” ազգագրական հաղորդաշարը, որի շնորհիվ առիթ ունեցա հավաքելու, սովորելու եւ ներկայացնելու հայկական ավանդական խոհանոցի հրաշալի բաղադրատոմսեր:
-Իսկ ինչո՞ւ հիմա ոչ մի հաղորդում չեք վարում, ո՞րն է լռության պատճառը:
-Իրականում, տասը տարվա հեռուստատեսային փորձից հետո այսօր ավելի հմուտ եմ որպես հաղորդավար, ավելի պատրաստված եմ, մասնագիտացած եմ ավանդական ու տոնածիսական խոհանոցի թեմայում, թեեւ խոստովանում եմ, որ ես դեռ ազգագրագետ-մասնագետ չեմ: Բայց այնքան շատ տեղեկատվություն, հոդվածներ եւ հետաքրքիր պատմություններ ունեմ հավաքած, սակայն լռությանս պատճառը… Իմ կարծիքով՝ այլեւս այդ թեման հետաքրքիր չէ հեռուստաընկերությունների տնօրինությանց կամ գուցե ես այլեւս հետաքրքիր չեմ, ո՞վ գիտե…
-Բոլորս գիտենք Ձեզ` որպես հմուտ խոհարարի, ի՞նչ կասեք հայկական խոհանոցի մասին:
-Ես մասնագետ խոհարար չեմ, պարզապես շատ եմ սիրում ստեղծագործել նաեւ խոհանոցում ու նաեւ համով պատրաստել եւ կիսել այն շրջապատիս հետ, համով զրուցել եւ խոհանոցային ստեղծագործություններն արվեստի վերածել:
Եթե հարցնում եք հայկական ժամանակակից խոհանոցի մասին, ապա կասեմ, որ այն հարուստ է, հյութեղ եւ այլազան: Բայց ես նախընտրում եմ հայկական ավանդական խոհանոցը եւ նախանձախնդիր եմ այն անաղարտ վիճակում տարածելու: Չեմ սիրում, երբ այն տգեղացնում են անտեղի միջամտություններով:
-Ինքներդ սիրո՞վ եք պատրաստում:
-Ինձ համար արվեստ է նաեւ խոհանոցային ստեղծագործությունը, միշտ կրկնել եմ, որ խոհանոցը գույների, համերի եւ բույրերի ներդաշնակ արարչագործություն է: Անշուշտ, սիրով եմ պատրաստում, որովհետեւ պիտի առողջ սնվել, իսկ առողջ կերակուրը միայն դրական էներգիայով է լցնում:
-Կհակադրվե՞ք այն կարծիքին, որ աշխարհի ամենալավ խոհարարները տղամարդիկ են:
-Չզարմանաք եթե ասեմ, որ չեմ հետաքրքրվել խոհարարական մասնագիտության գագաթներով. կին թե տղամարդ, ով էլ որ լինի, ինձ համար կարեւորն այն է, որ լավ խոհարարը մարդկանց համար լավը, բարին ու օգտակարը մատուցի: Կերակուրի հետ դրական լիցքեր հաղորդի, իր պատրաստածը նվիրի տիեզերքին….
-Կա՞ մի երկրի խոհանոց, որի ուտեստները Ձեզ տարօրինակ են թվում:
-Բուսակեր լինելով եւ մերժելով մսակերությունը` ինձ համար շատ տարօրինակ են հում մսով կամ ողջ միջատներով` խխունջներով, որդերով եւ այլնով բաղադրատոմսերն ու մարդկանց ախորժակը:
-Իսկ ո՞ր խոհանոցն է Ձեզ ամենից հարազատ ու սիրելի:
-Բնականաբար հայկականը, իսկ ավելի նեղացնելով կամ բացելով սահմանները` Մուսալեռան ազգային ճաշերը:
-Ի՞նչ խորհուրդ կտաք կանանց, ինչպե՞ս պատրաստել, որ համեղ ստացվի:
-Բոլոր աշխատանքների համար եւ մասնավորաբար ճաշ պատրաստելիս սիրով անել, բարձր տրամադրությամբ ու երգելով, որպեսզի պարտականություն չթվա, հոգս չդառնա:
-Դուք հանդես եք գալիս նաեւ որպես բանաստեղծուհի, մի քիչ կպատմե՞ք` ինչ գործունեություն եք ծավալում այդ ոլորտում:
-Աշխատում եմ երրորդ բանաստեղծական գրքիս սրբագրումների վրա, հույս ունեմ այն շուտով հրատարակել:
-Ի՞նչ հետաքրքրություններ ունեք առօրյայում, կա՞ մի ոլորտ, որտեղ Դուք ներգրավված եք, պարզապես մենք տեղյակ չենք:
-Հետաքրքրություններս ու նախասիրություններս շատ են, աշխատում եմ շատ չծավալվել, որպեսզի մի ձեռքով մի քանի ձմերուկ ստիպված չլինեմ շալակել: Տարիներ ի վեր աշխատում եմ մանկական պատկերազարդ բառարանի վրա, միաժամանակ աշխատում եմ ավանդական խոհանոցի ճաշերի բառարանի վրա: Գրում եմ ասպիրանտուրայի իմ թեզը` “Մուսալեռցիների սննդի համակարգը” թեմայով: Իսկ հետաքրքրություններից այն կողմ, որպես կենսաձեւ, հետեւում եմ տիբեթական բուդդիզմի փիլիսոփայությանը, որն առիթ է տվել ինձ քննելու իմ անցած ուղին, մաքրելու իմ անձը, արժեւորելու ներկան եւ իմաստավորելու կյանքս:
ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ
“Ժողովուրդ” օրաթերթի 614 համար