ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է «Հայկական տեխնոլոգիական խումբ» հիմնադրամի խորհրդի նախագահ Ջեյմս Ռեյնոլդսի գլխավորած պատվիրակությանը: Պատվիրակության կազմում էին հիմնադրամի գործադիր տնօրեն Վարուժան Տեր-Սիմոնյանը, հայաստանյան մասնաճյուղի ղեկավար Գագիկ Մկրչտյանը, այլ անձինք:
Հանդիպման ընթացքում քննարկվել են հիմնադրամի միջոցներով Հայաստանում իրականացվող ծրագրերի ընթացիկ արդյունքները և երկկողմ համագործակցության ընդլայնման ուղղություններն ու հեռանկարները:
«Հիմնադրամը ստեղծման օրվանից ի վեր մեր երկրի գյուղատնտեսության ոլորտի զարգացման գործում լայնածավալ և էական կարևորություն ունեցող աշխատանք է իրականացնում` հանդես գալով ոլորտում ժամանակի պահանջը հանդիսացող նորագույն տեխնոլոգիաների կիրառման նախաձեռնություններով»,-իր խոսքում նշել է նախարար Կարապետյանը
Նախարարը մասնավորապես կարևորել է անվար ցանքի տեխնոլոգիայի ներդրման հիմնադրամի նախաձեռնությունը և այս ուղղությամբ կատարված աշխատանքները` ընդգծելով, որ այն հատկապես էական նշանակություն կունենա, եթե կիրառվի մեր հանրապետության անջրդի հողերի մշակությունն իրականացնելու գործում:
Կողմերն անդրադարձել են նաև անասնապահության ոլորտում անցյալ տարի հիմնադրամի աջակցությամբ անասնաբուժական ծառայությունների իրականացման համար շարժական լաբորատորիայի ներդրմանը, որը հնարավորություն է տալիս հետազոտություններ իրականացնել դաշտային պայմաններում` այդպիսով արագորեն կանխարգելելով հիվանդությունների տարածումը:
Հյուրերը նշել են, որ Հայաստան կատարած հերթական այցի հիմնական նպատակը ծրագրի իրականացնման պրակտիկ արդյունքների դիտարկում է` տեղեկացնելով որ արդեն ևս երեք լաբորատորիաներ են բերվել, որոնցով կվերազինվեն անասնաբուժական ծառայություններ մատուցող տարածքային ստորաբաժանումները:
Որպես հետագա համագործակցության զարգացման ուղղություն` նախարարն առաջարկել է քննարկել խաղողի ֆիլոքսերազերծ տնկարանային տնտեսությունների հիմնման համար ֆիլոքսերակայուն ամերիկյան սորտեր տրամադրելու հնարավորության հարցը:
Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցերի շուրջ ևս:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին