Մարտակերտում քառօրյա պատերազմից վնասված տների վերականգնման աշխատանքներն ավարտվում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի Հանրապետության Մարտակերտ քաղաքում ապրիլյան քառօրյա պատերազմից վնասված տների վերականգնման աշխատանքներն ավարտման փուլում են: Այս մասին «Արմենպրես»­ի հետ զրույցում նշեց Մարտակերտի քաղաքապետ Միշա Գյուրջյանը:

«Արդեն 10 տան վերականգնման աշխատանքները վերջացնում ենք: Առաջին երկու­երեք օրվա ընթացքում վերջնական ավարտին կհասցնենք: Այդ տներում հիմնականում վնասվել էին տանիքները, պատուհանները, դռները: Այդ ամենն ամբողջությամբ վերականգնվում է»,­-ասաց Միշա Գյուրջյանը: Նրա խոսքով, վերականգնման աշխատանքներն ամբողջությամբ ավարտելուց հետո բնակիչները հանգիստ կարող են վերադառնալ իրենց տներ: Միշա Գյուրջյանը նշեց, որ ընթացքում են ևս 6 տան վերականգնման աշխատանքները:

Ըստ նրա` աշխատանքները փոքր­ինչ դանդաղ են ընթանում աշխատուժի սակավության պատճառով: Ինչ վերաբերում է քաղաքի ենթակառուցվածքներին, Միշա Գյուրջյանը նշեց, որ քաղաքում կա և’ էլեկտրաէներգիա, և’ գազ, և’ ջուր: Քաղաքապետի խոսքով, աշխատանքներ կան ճանապարհների հետ կապված: Դրանց հերթ կհասնի բնակելի տների վերականգնման աշխատանքներն ավարտելուց հետո:




Լրահոս