Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստ Տիգրան Առաքելյանին ազատ արձակելու նպատակով Facebook սոցիալական ցանցում ստորագրահավաք է սկսվել “Ազատենք Տիգրանին” խմբում: Հայտարարությանն այս պահի դրությամբ միացել են 200-ից ավելի օգտատերեր:
Խումբը նաեւ հայտարարություն է տարածել, որում ասվում է.
“Եթե դուք ցանկանում էք բացառել օրինականության, արդարության բռնաբարումը Հայաստանում, եթե դուք ցանկանում էք բացառել քաղաքական հաշվեհարդարներն ու ապրել իրավական Հայաստանում եւ “եթե դուք չէք հանդուրժում ռեժիմի ապտակը ողջ հասարակությանը չորս երիտասարդներին քաղաքական հայացքների պատճառով ազատազրկման դատապարտելու միջոցով, ապա ձեր պարտքն է, որպես արժանապատվություն ունեցող, որպես ՀՀ-ում իշխանության իրական տերը հանդիսացող քաղաքացի միանալ Տիգրանին ազատ արձակելու պահանջին:
Սրա համար հարկավոր է լրացնել եւ ստորագրել հետեւյալ փաստաթուղթը, հնարավորության դեպքում բերել այն ՀԱԿ կենտրոնական գրասենյակ կամ սեպտեմբերի 18-ին` ժամը14:00 -ին բերել Վերաքննիչ քրեական դատարան:
ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր,
տիկին` Եվա Դարբինյանին
Անուն, ազգանուն
հասցե, հեռախոս
Խափանման միջոց ընտրված կալանավորումը
այլ խափանման միջոցով` անձնական
երաշխավորությամբ փոփոխելու մասին
Ես, -(Անուն ազգանուն հայրանուն)-, -(զբաղմունքը)-, ղեկավարվելով ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 134-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով եւ 145-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով, իմ խոսքով եւ մուծվող դրամական գումարով երաշխավորում եմ, որ թիվ ԵԿԴ/0225/01/11 քրեական գործով ամբաստանյալ Տիգրան Առաքելյանը կդրսեւորի պատշաճ վարքագիծ, քրեական վարույթն իրկանացնող մարմնի կանչով կներկայանա եւ այլ դատավարական պարտականությունները կկատարի համաձայն քրեական դատավարության օրենսգրքի:
Ելնելով վերոգրյալից, խնդրում եմ, ղեկավարվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածով եւ ամբաստանյալ Տիգրան Առաքելյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել անձնական երաշխավորությունը:
Քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված երաշխավորության գումարը կվճարվի որոշումը կայացվելուն պես` դատարանի դեպոզիտ հաշվին:
Հարգանքներով` ստորագրություն, անուն, ազգանուն”: