Խնջույքայինը քո էությունը չէր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Բելգիայում բնակվող մեր գործընկեր Մարգարիտ Սարգսյանը (աշխատել է Չորրորդ իշխանություն թերթում) բավականին հետաքրքիր հոդված է գրել, ինչը ներկայացնում ենք ստորեւ…
Կան մարդիկ, որոնք ավելի ցանկալի են թշնամիների, այլ ոչ թե
բարեկամների ցուցակում` Դոստոեվսկու այս ասույթն էի մտմտում սեպտեմբերի 9-ից ի վեր, երբ այսուայնտեղ կարդացի ու տեղեկացա, թե ինչպես է նշել իր ծննդյան 55-ամյակը ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը: Մարդ, ում ճակատագրի բերումով եմ ճանաչում, ընդ որում` ճանաչում եմ հենց էությունը, այն, ինչի դեմ անզոր են ժամանակն ու անցողիկ ամենայնը:  Չգիտեմ էլ` կկարդա արդյոք այս տողերը ոստիկանապետը? Սակայն ես էլ վաղեմի մտերմության իրավունքով ուզում եմ շնորհավորանքի եվ ընդհանրապես  մի քանի խոսք ասել: Անկեղծ եվ ուրեմն` փոքր-ինչ ցավոտ: 
 
Շնորհավորում եմ…Շատ կուզեի, որ տարեդարձդ նշեիր բարեկամներիդ հետ: Բայց  տխրեցի` իմանալով, թե քո նախընտրած, քո սիրելի Սեվանում ովքեր են կիսել քեզ հետ այդ օրվա խորհուրդն ու ուրախությունը:  Գիտեմ` եղել են նաեվ քո ճշմարիտ բարեկամներից, սակայն մեծ մասը կազմել է “արքունիքը”`  Սերժ Սարգսյանի գլխավորությամբ. գլխավոր մուկն ու զանազան չափերի մկներ, ովքեր իրականում անգամ հիշատակման արժանի չեն: Որքան էլ տհաճ լինի, արձանագրեմ` քեզ այս երկրում վաղուց ի վեր ու ցմահ ատող մարդկանց մեծ մասը: Գուցե եվ` բոլորը:  
Իմ հին բարեկամ, սիրելի Վովա, դու իրոք այդքան հեռացել ես ինքդ քեզանից?Շրջվիր եվ ետ նայիր. քո նոր շրջապատը եվ դու տարբեր տեսակներ եք: Դու այն մարդն ես, ում  պատվի ու տղամարդկության պատկերացումները թույլ չԷին տա, որ Վազգեն Սարգսյանի մարմինը գետնին դնել` ձեռքերիդ վրա պահեցիր: Իսկ քո նոր <ընկերները> պատրաստ են դեռ ողջ մարդուն ոտնատակ տալ մի պատառ հացի ու  մի կտոր ոսկորի համար:  Գաղտնիք չէ` նրանք արդեն վաղուց իրենց իշխանությունը պահպանելու եվ հարստությունը բազմապատկելու համար անգամ իրենց զավակներին են աճուրդի հանում եվ “զալոգ” դնում, ամուսնության անվան տակ  վաճառում իրար, իրենց կանանց եվ սիրուհիներին են “պաս տալիս”, մղում սրա-նրա գիրկը` կոնկրետ նպատակներ ունենալիս:  Պետականության  քո գիտակցությունը դու  որտեղ ես թաքցնում` պետականությունն  իրենց հոր “դուքանների” հետ շփոթած այդ համազգային պատուհասների հետ շփվելիս: 
Բոլորը գիտեն, որ դու խնջույքային մարդ չես` բաժակաճառ ասող-բաժակաճառ լսող: Ուրեմն` ինչն էր քո նոր բարեկամներին հավաքել քո տոնական սեղանի շուրջ? Քեզ խորապես ատելով` եկել էին, որ ինչ անեն? Վախենամ` գործում է հայտնի օրինաչափությունը. դոլոր դավադրություններից առաջ քծնանքի եվ շողոքորթության նման ցույցեր են լինում: Թե ինչու են քեզ ատում, կարծում եմ, ամենալավը դու գիտես. այն, ինչ սովորաբար 40 օր է գաղտնի մնում, քեզ երբեմն ավելի շուտ էր հասնում: Քեզ առնվազն չսիրելու հիմնավոր մյուս պատճառը հոգեբանության ոլորտից է. տղամարդիկ, որոնց “սիրում” են միայն դիրքի եվ փողի համար, կարող են հանդուրժել ինտելեկտով եվ հոգու ուժով իրենց գերազանցող մեկին? Մանավանդ մեկին, ում սերը փնտրել են կանայք, եվ ամենակարեվորը` ով կարողանում է կանանց հետ հարաբերվել որպես բարեկամի, ընկերոջ. առաքինություն, որ հասկանալի չէ մեծ մասին: 
Քեզ վարկաբեկելու-ոչնչացնելու  երազանքներով ապրողներից մեկը վերջերս հեռացավ ասպարեզից` համբուրելով “սրբի իր դուռը”: Մյուսը, որ  վաղուց ասպարեզում չէ, եվ ում չփրկեցին  բարձրագույն  իշխանության համապատասխան տեղերը հանգամանալից  համբուրելու բոլոր փորձերը, տակից խաղեր է տալիս: Ցավով մտածում եմ` գուցե նրանք էլ կարող էին ներկա գտնվել քո սեղանի շուրջ, եթե գործող լինեին?  
Շնորհավորում եմ, Վովա, ու  ջանում հասկանալ` ինչ էիք անում դուք բոլորդ նույն սեղանի շուրջ? Ինչպես էիր քեզ զգում կենդանի մեռելների այդ շրջապատում? Խոսելու ինչ ընդհանուր թեմա ունեիր դու նրանց հետ: Դու, որ  քարտ խաղացող չես, բլոտի ու սեկայի ընկեր չես, դավադրություն մտահղացող ու ծրագրեր մշակող չես, “պուտանկի” գնացող չես,   դու, որ գերադասում ես ինտելեկտի հետ կապ ունեցող զբաղմունքները` անհատականության եվ մտքի քո պաշարով, էդ ինչու էիր քո սիրուն հոբելյանը դարձրել մկների ժողով?  Հաջողելու ես չպարտված դուրս գալ սրանց նախընտրած <առանց կանոնների>  մարտերից? 
… Երբ նախագահական ընտրությունից հետո, խառնակ  ու դժվար մի օր, դու Ծիծեռնակաբերդ բարձրացար Րաֆֆի Հովհաննիսյանի հետ եվ նրա հետ աղոթում էիր, քեզ որպես “բոբո” ճանաչողները կամ պարզապես հակառակորդները չարախնդում էին, ծաղրում-ծանակում Րաֆֆուն եվ քեզ: Բայց ով քեզ գիտե` չի կարող կասկածել , որ դու չնչին կեղծիք անգամ քեզ թույլ չես տա` Աստծո անունը արտաբերելիս, անգամ մտածելիս: 
Շնորհավոր քո տարեդարձը, Վովա, իմ վաղեմի բարեկամ: Ոչ տարիները, ոչ ժամանակը ոչինչ չեն փոխել այդ բարեկամության մեջ: Օրերի մեջ բացակա, սակայն սրտի հիշողության մեջ անջինջ եվ անխաթար բարեկամության մեջ: Որի իրավունքով քեզ ասացի, ահա, այս ամենը… Երջանիկ եղիր, հավատարիմ մնա ինքդ քեզ, եվ թող Աստված քեզ պահապան լինի: 
Ընդմիշտ բարեկամդ` Մարգարիտ Սարգսյան




Լրահոս