ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների շուրջ կրքերը, թվում է, պիտի մարեին` պայմանավորված կուսակցություններում հստակ առաջատարի ի հայտ գալու հանգամանքով: Սակայն ակնհայտ է, որ թե՛ Հանրապետական, թե՛ Դեմոկրատական կուսակցություններում ներքին բաժանվածությունն առավել քան խորն է` միասնական թեկնածուի հետ հեշտությամբ անհետանալու համար: Կուսակցությունների պառակտումները կարծես բնորոշ են աշխարհի բոլոր երկրներին, սակայն Հայաստանում այդ երեւույթը առավել աղետալի դրսեւորումներ է ստանում:
ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցությունում թեեւ պայքարի մեջ շարունակում են մնալ երկու թեկնածուներ` նախկին առաջին տիկին Հիլարի Քլինթոնն ու Վերմոնտի սենատոր Բեռնի Սանդերսը, սակայն արդեն որեւէ մեկը չի կասկածում, որ վերջնական հաջողակը լինելու է Քլինթոնը: Վերջինս նույնիսկ առանց «սուպերլիազորների» է առաջատար` ունենալով 1770 լիազորի աջակցություն` Սանդերսի 1400-ի դիմաց:
Բայց եւ այնպես, Բեռնի Սանդերսը, որ քաղաքական ակտիվ դերակատարությամբ աչքի չընկած մի անհայտ սենատոր էր, մեկ տարվա ընթացքում նոր երեւույթներ ուրվագծեց Դեմոկրատական կուսակցության ներսում: Սանդերսին հաջողվեց իսկական հեղափոխություն անել` իր կողմը գրավելով բազմաթիվ ընտրողների եւ զգալիորեն սասանելով Հիլարի Քլինթոնի հաջողության հիմքերը: Ինչպիսի աղետ դարձավ Թրամփը Հանրապետական կուսակցության համար, նույնպիսի դեր կատարեց Սանդերսը Քլինթոնի համար: Եթե մեկ տարի առաջ բոլորը վստահ էին կուսակցությունը վճռականորեն իր շուրջը համախմբելու Քլինթոնի կարողության մեջ, ապա այսօր ակնհայտ է դարձել, որ Դեմոկրատական կուսակցությունում ներքին լուրջ տարաձայնություններ կան: Նախկին պետքարտուղարը նույնիսկ հարկադրված եղավ իր ամուսնուն` նախկին նախագահ Բիլ Քլինթոնին ներգրավել իր քարոզարշավում, ինչը նախագահության հավակնորդի ոչ այնքան ուժեղ դիրքերի վառ վկայությունն է:
Թեպետ Սանդերսը պաշտոնապես դուրս չի եկել ընտրապայքարից, սակայն նա հաղթելու ոչ մի հնարավորություն չունի: Նրա ներկայիս վարքը առավելապես ցուցիչ է, թե որքան մասնատված է կուսակցությունը` ի ցույց դնելով հատկապես շարքային ընտրողների հակասական նախընտրությունները:
Իսկ, ահա, Հանրապետական կուսակցությունում Դոնալդ Թրամփը շարքից հանեց իր բոլոր հակառակորդներին: Ընտրապայքարում մնալով միայնակ` Թրամփը կուտակել է 1139 լիազորներ, իսկ առաջիկա օրերին սպասվող քվեարկություններում հաստատապես կստանա եւս 98 լիազորներ` առաջին փուլով կուսակցության միասնական թեկնածու հռչակվելու ակնկալիքով: Երբ արդեն հստակ էր, որ Թրամփին կանգնեցնելն այլեւս անհնար է, կայացավ անչափ սպասված մի հանդիպում Կոնգրեսի խոսնակ, Հանրապետական կուսակցության առաջնորդներից Պոլ Ռայանի եւ Թրամփի միջեւ, որից հետո կողմերը հայտարարեցին, որ որոշակի ընդհանուր ընկալումների հաջողվել է հասնել: Հանդիպումից հետո, սակայն, կրկին դրսեւորվեցին թեկնածուի ու կուսակցության բարձրաստիճան ներկայացուցիչների հստակ տարաձայնությունները առանցքային հիմնահարցերի նկատմամբ:
Այսօր արդեն ԱՄՆ-ի քաղաքական երկնակամարում կրկին շոշափվում են հակասությունների նոր ալիքի տարածման շշուկները: Կուսակցության ու առաջնորդների շուրջ համախմբված տարբեր խորհրդականներ ու մեկնաբաններ շարունակաբար տեղեկատվական արտահոսքեր են թույլ տալիս առ այն, որ իրական միավորում, այդուհանդերձ, չի լինելու: Հատկանշական է, որ Ֆլորիդայի սենատոր Մարկո Ռուբիոն, որին Թրամփը ջախջախեց ու ստիպեց լքել ընտրապայքարը, դրական էր արտահայտվել ջանքերի մեկտեղման հարցի շուրջ` ակնարկելով, որ պատրաստ է Թրամփի օգտին ելույթ ունենալ հուլիսին կայանալիք հանրապետականների մեծ համաժողովում: Բայց եւ այնպես, եթե նույնիսկ հանրապետականները չգնան երրորդ թեկնածու առաջադրելու ճանապարհով, ինչպես մտմտում են այժմ, իրական համախմբում գործարար Թրամփի շուրջ չի լինելու:
Այդ են վկայում Բուշերի ընտանիքի հստակ դեմարշը, նախկին թեկնածուներ Ռոմնիի ու ՄըքՔեյնի պասիվությունն ու անտարբերությունը, ինչպես նաեւ կուսակցության ոչ հրապարակային դեմքերի քլինթոնյան հակումները: Գաղտնիք չէ, որ Հիլարի Քլինթոնը մտերիմ հարաբերություններ ունի Հանրապետական «ավագանու» հետ, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ նրանց համար անգամ դեմոկրատ Քլինթոնը կարող է Թրամփից գերադասելի լինել: Մի բան ակնհայտ է, որ ե՛ւ հանրապետական, ե՛ւ դեմոկրատ թեկնածուներն անկարող են լինելու ապահովել իրենց կուսակցությունների միասնականությունը: Խմբավորումների ընդգծվածության հետ միասին, սակայն, կուսակցության պառակտում չի կարող լինել այնպես, ինչպես մենք սովոր ենք տեսնել Հայաստանում:
Եթե ԱՄՆ-ում երկու խոշոր կուսակցությունների ներսում հակասություններ են ծագում, դա առավելապես դրսեւորվում է թեւերից մեկի պասիվությամբ, սակայն ոչ կուսակցության քայքայմամբ ու տրոհմամբ: Այսինքն` խմբակցություններից մեկը կարող է ձեռնպահ մնալ ակտիվ քաղաքականության մեջ ներգրավվելուց` սպասելով հաջորդ ընտրություններում իր հերթին: Ըստ էության, ինչպես գործադիր ու օրենսդիր իշխանությունն է ընտրությունների միջոցով փոխանցվում հանրապետականներից դեմոկրատներին եւ հակառակը, այնպես էլ ներքին կուսակցական մեխանիզմներով կուսակցության առաջանորդությունն է հերթափոխով պատկանում ֆրակցիաներից մեկին:
Հայաստանում 1991-92թթ. դրվեց կուսակցությունների տրոհման արատավոր ավանդույթը: ՀՀՇ-ից դուրս եկավ եւ առանձին կուսակցություն ստեղծեց Վազգեն Մանուկյանը: Նրան հետեւեցին նաեւ այլ գործիչներ՝ ՀՀՇ-ից առանձնանալով ու սեփական քաղաքական ուժը հիմնելով: Այդպիսով՝ գերակայեց ոչ թե կուսակցության առաջատարությունը ստանձնելու հերթափոխի սկզբունքը, այլ կուսակցության քայքայման ու տրոհման ավանդույթի հիմքը: Եվ պատահական չէ, որ ՀՀՇ-ի տրոհումից հետո չստացվեց նաեւ իշխանության փոխանցման հերթափոխի ավանդույթի ներմուծումը, ինչի արդյունքում խզումը տեղի ունեցավ առաջին իսկ հարմար առիթի` 1996թ. նախագահական ընտրություններում: Հատկանշական է, որ այդ իրադարձություններից թուլացած դուրս եկան թե՛ ՀՀՇ-ն, թե՛ ԱԺՄ-ն: Երկուսն էլ ենթարկվեցին բազմակի պառակտումների` խաթարելով կուսակցական, հետեւապես նաեւ` քաղաքական համակարգի կայունության պահպանման կարեւորագույն ավանդույթների ներմուծումը մեր երկրում:
Ն. Հովսեփյան