ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին ապրիլի սկզբին մեկնարկած փոսային նորոգման աշխատանքներն արդեն ավարտված են: Առաջիկա տասը օրերի ընթացքում՝ շինարարական մրցույթների ամփոփումից հետո, կմեկնարկեն նաև 2016 թ. ծրագրով նախատեսված ճանապարհների հիմնանորոգման աշխատանքները:
Պետական բյուջեի միջոցներով այս տարի նախատեսվում է հիմնանորոգել միջպետական նշանակության 24.3 կմ, հանրապետական նշանակության՝ 2.1 և մարզային՝ 20 կմ ճանապարհ: Հիմնանորոգումներ կիրականացվեն նաև «Կենսական նշանակության ճանապարհների բարելավման ծրագրի» շրջանակներում:
Հանրապետության մարզերի ճանապարհները սպասարկող 39 ճանապարհաշինական ընկերությունների կողմից ընդհանուր առմամբ իրականացվել է մոտ 190000 քմ փոսային նորոգում, որից 130 000 քմ-ը միջպետական նշանակության ավտոճանապարհներին, մնացածը՝ հանրապետական։
Ծավալուն աշխատանքներ են կատարվել հատկապես ռազմավարական նշանակություն ունեցող Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման ավտոճանապարհի Սիսիանի զանգեր-Գորիսի սահման հատվածում: Այս ճանապարհի սպասարկումն իրականացնում է «Սիսիանի բուատ» ՍՊ ընկերությունը, որի աշխատակիցների ջանքերով կարճ ժամանակում այստեղ մոտ 41000 քմ փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվել:
Կազմակերպության տնօրեն Արմեն Անդրեասյանի խոսքով՝ փոսերի առաջացման հիմնական պատճառն այն է, որ ճանապարհը երկար տարիներ չի հիմնանորոգվել։ Չնայած դրան՝ արվել է ամեն ինչ, որպեսզի կարճ ժամանակում ճանապարհը հնարավորինս բարեկարգվի։
«Եղանակային բարենպաստ պայմանների դեպքում մեր ընկերության 60 աշխատակիցները ուժերի գերլարումով ամեն օր իրականացրել են մոտ 3000 քմ փոսային նորոգման աշխատանքներ: Արել ենք ամեն հնարավորը, որպեսզի արագ ավարտենք աշխատանքները»,- ասում է Արմեն Անդրեասյանը:
Այս պահին ճանապարհաշինարարներն իրականացնում են կողնակների հարթեցման, վնասված արգելափակոցների վերականգնման, կողային առուների մաքրման և վնասված ճանապարհային նշանները նորով փոխարինելու աշխատանքներ:
Առաջացած փոսերի ծավալը մեծ է եղել նաև Վանաձոր-Դիլիջան միջպետական նշանակության ավտոճանապարհին: Այստեղ ճանապարհի բարեկարգման աշխատանքներն իրականացրել են երկու ճանապարաշինական ընկերություններ. 10,5-34,2կմ հատվածը սպասարկում է «Լոռի ՃՇՇ» ՓԲ ընկերությունը, իսկ 34,2-42 կմ հատվածը՝ «Հաղարծին» ՓԲԸ-ն: Ընդհանուր առմամբ կատարվել է 7000 քմ փոսային նորոգում:
Հարկ է նշել, որ այս տարի աշխատանքների ընթացքին հաճախակի են խոչընդոտել անձրևային եղանակները:
Նախատեսված ժամկետից շուտ, դեռևս ապրիլի վերջին, փոսային նորոգման աշխատանքներն ավարտվել են նաև Նոյեմբերյանի և Իջևանի տարածաշրջաններում: Սահմանամերձ այս ճանապարհների անբարեկարգ հատվածների նորոգման աշխատանքներն իրականացրել է «Լևոն երկրորդ» ՍՊ ընկերությունը:
Կազմակերպության գլխավոր ինժեներ Արտիկ Աբովյանն ընդգծում է, որ իրենց կողմից սպասարկվող 60 կմ երկարությամբ միջպետական ճանապարհի 24-28 կմ-ն ընդգրկող հատվածը հակառակորդի դիրքերից ընդամենը 300-400 մ հեռավորության վրա է գտնվում: Չնայած դրան, անտեսելով վտանգը, ճանապարհաշինարարները գիշերվա ժամերին և մառախլապատ եղանակին աշխատել, ճանապարհը կարգի են բերել։
«Աշխատել ենք երկու խմբով. մի խումբը՝ Իջևանի տարածքում, մյուսը` Նոյեմբերյանի: Ամեն խմբում ընդգրկված են եղել մինչև 12 աշխատող: Նոյեմբերյանի շրջանում իրականացրել ենք 1700քմ փոսային նորոգման աշխատանքներ, իսկ Իջևանի ճանապարհներին` 700քմ: Եղանակային բարենպաստ պայմանների դեպքում օրական կատարել ենք մոտ 100 քմ փոսային նորոգման աշխատանքներ», – նշում է Արտիկ Աբովյանը:
Միջպետական նշանակության ավտոճանապարհների փոսային նորոգման աշխատանքներին զուգահեռ ընթացել են նաև հանրապետական նշանակության ավտոճանապարհների բարեկարգման աշխատանքները: 1889 կմ ընդհանուր երկարությամբ այս ճանապարհներին կատարվել է մոտ 70000 քմ փոսային նորոգում: Առավել մեծ են եղել աշխատանքի ծավալները Աբովյանի, Հրազդանի և Եղեգնաձորի տարածաշրջաններում:
Եղեգնաձորի շրջանում, որտեղ իրականացվել է շուրջ 2250քմ փոսային նորոգում, աշխատանքներն իրականացվել են «Եղեգնաձոր ՃՇՇ» ՓԲ ընկերության կողմից: Կազմակերպության գլխավոր ինժեներ Գարիկ Խաչատրյանի խոսքով՝ օրական կատարել են 200-300քմ փոսային նորոգման աշխատանքներ:
«Առավել մեծ էր աշխատանքի ծավալը հատկապես Արենի-Խաչիկ ճանապարհահատվածում: Այստեղ իրականացրել ենք մոտ 1400քմ փոսային նորոգման աշխատանքներ»,- նշում է Գարիկ Խաչատրյանը:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Աշոտ Արշակյանը նշեց, որ հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին ճանշինների կողմից իրականացվել են մեծ ծավալի նորոգման աշխատանքներ:
«Ես հավաստիացնում եմ, որ բոլոր աշխատանքները կատարվել են ժամանակին և որակով: Ներկայում հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների փոսային նորոգման աշխատանքներն ավարտված են։ Սակայն, հետագայում ևս յուրաքանչյուր պահի, ըստ անհրաժեշտության, մեր ճանապարհաշինարարները անբարեկարգ հատվածներ հայտնաբերելու դեպքում, անմիջապես կշտկեն դրանք։ Փոսային նորոգման աշխատանքները սպասարկման բնույթի աշխատանքներ են և այն շարունակական գործընթաց է»:
Նշենք նաև, որ հանրապետության մի շարք ճանապարհներ, որտեղ նորոգման աշխատանքներ չեն իրականացվել, ընդգրկված են 2016 հիմնանորոգման ծրագրերում։
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական ծառայություն