ՊԱՐԶ ՉԷ, ԹԵ ԻՆՉ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ԵՆ ԱՐՎԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լրագրողների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանը համացանցի իր էջում, անդրադառնալով ընտրական նոր օրենսգրքի նախագծում այդպես էլ չփոփոխված որոշ դրույթների, մի խումբ հասարակական կազմակերպությունների եւ զանգվածային լրատվամիջոցների անունից ՀՀ իշխանություններին հայտարարություն-պահանջագիր է ներկայացրել:

«Մենք համարում ենք, որ սահմանված քվոտաների չափի քննարկումը կամ դրանց մեծացումը չեն լուծում խնդիրը: Այսով պահանջում ենք ՀՀ իշխանություններից վերացնել այդ սահմանափակումները եւ այլեւս որեւէ օրենսդրական կամ ենթաօրենսդրական ակտով չփորձել սահմանափակել ԶԼՄ-ների գործունեությունը ընտրությունների լուսաբանման գործընթացներում»,- նշել է նա:
«Ժողովուրդ»-ն այս եւ այլ հարցերի շուրջ զրուցել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ:
-Պարո՛ն Թաթոյան, ընտրական նոր օրենսգրքի նախագծի 31 հոդվածի 8-րդ կետով սահմանվում է, որ ընտրական գործընթացներում քվեարկության օրը լուսաբանում իրականացնելու նպատակով հավատարմագրվելու համար ԶԼՄ-ն առնվազն մեկ տարվա գործունեության պատմություն պիտի ունենա եւ չի կարող հավատարմագրված ունենալ ավելի քան 50 ներկայացուցիչ: Այսնիքն՝ նախագծում խնդրահարույց համարվող կետերից լրագրողների թվի սահմանափակման դրույթը այդպես էլ անփոփոխ է մնում: Դուք՝ որպես ՀՀ մարդու իրավունքների պաշտպան, սա իրավունքների խախտում կամ սահմանափակում չեք համարում:
-Ես գրել եմ դրա մասին, իմ առաջարկներում կա, որ նախ պետք է չափանիշ լինի՝ ինչի հիման վրա է հենց այդ քանակը սահմանվել: Մնացածը ինչպես որ ներկայացրել եմ, բնականաբար այդ դիրքորոշմանն էլ մնում եմ, որ պետք էին հստակ չափանիշներ, որովհետեւ լրագրողների թվի սահմանափակումը արդարացված չէր:
-Պարո՛ն Թաթոյան, ընտրական նոր օրենսգրքի 65-րդ հոդվածի 8-րդ մասում էլ սահմանվել է, որ «Եթե քվեարկության սենյակում գտնվող դիտորդների, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների թիվն այնքան է, որ ակնհայտորեն խաթարում է քվեարկության բնականոն ընթացքը, ապա տեղամասային ընտրական հանձնաժողովը իրավասու է ներկա անդամների ձայների 2/3-ով ընդունված որոշմամբ սահմանափակել քվեարկության սենյակում միաժամանակյա գտնվելու իրավունք ունեցող դիտորդների եւ ԶԼՄ ներկայացուցիչների ընդհանուր թիվը»: Ի՞նչ կասեք այս դրույթի հետ կապված:
-Ամեն ինչ պետք է արվի, որ հստակ չափանիշներ լինեն, ինչի մասին է խոսքը, որովհետեւ դա լրագրողների, դիտորդների մասնակցության ընտրական իրավունքն է: Բայց մյուս կողմից պետք է այնպես անել, որ հանրային ու մասնավոր շահի պաշտպանության հավասարակշռված մոտեցում լինի: Կոնկրետ լուծումների հետ կապված ես իմ կարծիքում հստակ դիրքորոշումով տվել եմ, եւ ներկայացրել եմ վերլուծված միջազգային չափանիշներով: Իսկ մնացած հարցերը ընթացքից կերեւան: Հիմա սահմանված կարգով քննարկումներն ընթանում են:
-Իսկ ի՞նչ նորություն կա միջազգային կառույցներից, որոնց դիմել էիք ադրբեջանական կողմից հայ զինծառայողների խոշտանգումների հետ կապված: Մինչ օրս ի՞նչ արձագանք եք ստացել եւ ո՞ր կառույցից:
-Դիմել ենք, հիմա քննարկումներն ընթանում են: Օրինակ՝ եվրոպական օմբուդսմենների ինստիտուտի քննադատությունն եմ շատ կարեւորում: Որպես միջազգային կառույց շատ խիստ քննադատեց, եւ դա մեզ համար ռազմավարական առումով շատ կարեւոր է, որ հետագայում այլ տեղերում կարողանանք այդ արդյունքին հասնել: Եւ քննադատությունն այն իմաստով էր լավ, որ դա արված էր ոչ թե որպես պարզապես վերարտադրություն, օրինակ՝ Լեռնային Ղարաբաղի հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի խոսքերը, այլ դա հենց ներկայացված էր որպես այդ ինստիտուտի դիրքորոշում: Այս առումով շատ եմ կարեւորում, չեզոք էր: Բացի այս՝ մի քանի միջազգային պարբերականներում եւս նյութեր հրապարակեցինք: Դուք գիտեք, որ ես նախորդ շաբաթ Եվրոպայի խորհրդում էի, եւ այնտեղ այդ հարցը քննարկել ենք: Ես բարձրաձայնել եմ այդ դաժանությունների հետ կապված հարցերը, թե՛ գլխավոր քարտուղարի, թե՛ բարձրաստիճան ղեկավարության հետ հանդիպումների ժամանակ: Հիմա որոշակի քայլեր պետք է իրականացվեն: Քանի որ այս պահին այդ հարցերը քննարկման փուլում են գտնվում, մանրամասներ չեմ կարող հրապարակել, բայց դա, բնականաբար, մեր ուշադրության կենտրոնում է գտնվում:

 

 

 
ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ՆԵՐԱՌՎԱԾ ՉԷ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՈՐԵՎԷ ԶԵԿՈՒՅՑ

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիթորինգի հանձնաժողովում Ադրբեջանում մարդու իրավունքների եւ ժողովրդավարության ոլորտներում խախտումների գծով համազեկուցող Շտեֆան Շեննախը առաջիկայում ներկայացնելու է այդ երկիր կատարած իր այցի արդյունքները:

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ չնայած նախատեսվում էր, որ ԵԽԽՎ ամառային նստաշրջանում կքննարկվի Ադրբեջանում ժողովրդավարական իստիտուտների գործունեության մասին մոնիտորինգի հանձնաժողվի բանաձեւը, այդուհանդերձ այս նստաշրջանի օրակարգում ներառված չէ Ադրբեջանին վերաբերող որեւէ զեկույց: Փոխարենը այս շրջանում օրակարգ է մտել եւ քննարկվելու է Թուրքիայում ժողովրդավարական ինստիտուտների գործունեության մասին զեկույցը, որտեղ լրջագույն անդրադարձ կա հատկապես վերջին շրջանում Թուրքիայում մամուլի ազատության եւ լրատվամիջոցների հանդեպ բռնությունների հարցին:
Այսպիսով՝ Ադրբեջանում դեմոկրատական ինստիտուտների գործունեության վերաբերյալ զեկույցը հավանաբար կքննարկվի հոկտեմբերին` ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում:
Նկատենք, որ Շտեֆան Շեննախը, ինչպես եւ Պեդրո Արգամունտը, համարվում է ԵԽԽՎ ամենաադրբեջանամետ պատգամավորներից մեկը, եւ պատահական չէ, որ Պեդրո Ագրամունտից հետո, որը ընտրվեց ԵԽԽՎ նախագահ եւ վայր դրեց Ադրբեջանի համազեկուցողի իր պարտականությունները, ադրբեջանական պատվիրակությունը ամեն ինչ արեց, որպեսզի Ագրամունտին որպես համազեկուցող փոխարինի Շեննախը: Ըստ գերմանական հասարակական կազմակերպության տվյալների, որը պատրաստել էր «Խավիարային դիվանագիտություն» աշխատությունը, վերջին անգամ Բաքու այցելության ժամանակ Շեննախին թանկարժեք նվերներ են տվել, այդ թվում մետաքսե թանկարժեք գորգեր: Եվ, ահա, նկատի առնելով Շտեֆան Շեննախի «թուլությունը» ադրբեջանական շահերի հանդեպ՝ կարելի է ենթադրել, թե նրա հեղինակած զեկույցը ինչ բովանդակություն պետք է ունենա:
Հիշեցնենք, որ ավստրիացի Շտեֆան Շեննախը Ադրբեջանի գծով ԵԽԽՎ-ի համազեկուցող է նշանակվել 2015 թվականի դեկտեմբերին: Նա Ադրբեջանում էր ապրիլի 5-9-ը: Շեննախը հանդիպել է Ադրբեջանի նախագահի եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, նաեւ Բաքվի բանտում այցելել է ազատազրկված լրագրող Խադիջա Իսմայիլովային:

Նյութերը՝ ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆԻ

 

 

 

ԻՆՉՊԵՍ ԵՆ ՓՈՂԵՐԸ ՎԱՏՆՈՒՄ
Մինչ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարում է, թե կառավարման համակարգի աշխատողների թիվը եւ ծախսերը կրճատելու են, պաշտոնյաների մի մասն այս ընթացքում շարունակում է բիզնես կարգով ճանապարհորդել: «Ժողովուրդը» պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ ՀՀ բնապահպանության նախարարության եւ «Հիսթորիքալ Թրավել» ՍՊԸ-ի միջեւ ապրիլի 21-ին կնքվել է պայմանագիր, որի հիման վրա նախարարությունը գնել է Երեւան-Մոսկվա-Երեւան ուղղությամբ երկու տոմս: Գնված ավիատոմսերից մեկը էկոնոմ կարգի է, մյուսը՝ բիզնես: Տոմսերի համար պետբյուջեից վճարվել է 501 հազար դրամ: Նկատենք, որ եթե բնապահպանության նախարարության պաշտոնյաները բիզնես կարգի տոմս չգնեին եւ բավարարվեին էկոնոմ կարգով, ապա 158 հազար դրամ կտնտեսվեր: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն ու աշխատակազմի շրջակա միջավայրի պահպանության քաղաքականության վարչության պետ Գագիկ Մանուչարյանը ապրիլի 26-28-ը գործուղվել էին Մոսկվա՝ «ԷԿՈՏԵԽ» միջազգային ցուցահանդես-համաժողովին մասնակցելու համար: Ուստի կարելի է ենթադրել, որ բիզնես կարգով հենց անձամբ նախարար Արամայիս Գրիգորյան է մեկնել Մոսկվա:

 

 

ՄԻ ԴԻՄՈՒՄ ԷԼ ԴՈՒ ԳՐԻ
Ինչպես հայտնի է՝ մոտ քսան օր առաջ՝ ապրիլի 26-ին, Սերժ Սարգսյանը պաշտոնանկ արեց երեք գեներալների: ՊՆ-ում բացահայտված չարաշահումների փաստով հարուցված քրեական գործի շրջանակներում նախարարության մի շարք պաշտոնյաներ կալանավորվել են: «Ժողովուրդ»-ը գրել էր, որ ԼՂՀ պաշտպանության բանակում եւս պաշտոնանկություններ կլինեն: Նախօրեին հայտնի դարձավ, որ օրերս աշխատանքից ազատվել է ԼՂՀ ՊԲ Մատաղիսի զորամասի հրամանատար Հարություն Ամիրխանյանը: Մայիսի 20-ին Սերժ Սարգսյանի հրամանագրով աշխատանքից ազատվել է ՀՀ զինված ուժերի սպառազինության վարչության պետ, գեներալ-մայոր Մելսիկ Չիլինգարյանը: Մինչ այս վերջին իրադարձությունները, ՊՆ-ի պաշտոնյաներից շատերը չնայած հնարավորություն են ունեցել թոշակի անցնելու, սակայն նրանց դիմումները չեն մակագրել: Հիմա արդեն հերթով ազատում են: Եւ այս մթնոլորտը ստիպում է բյուջեի փողերը մսխած գեներալներից շատերին ինքնակամ ազատման դիմում գրել:

 

 

ԿՕՊՏԻՄԱԼԱՑՆԵՆ
«Ժողովուրդ»-ը երեկ ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանից փորձեց պարզել, թե իրենց գերատեսչությունն ինչպես է պատրաստվում իր ծախսերը կրճատել եւ պետբյուջեի միջոցները խնայել: «Առայժմ վերանայելու ենք կենտրոնական ապարատը, իրականացվելու են անձնակազմի օպտիմալացման աշխատանքներ: Բայց թվային տվյալներ չկան, պետք է ուսումնասիրվի»,- ի պատասխան մեր հարցի՝ ասաց նա:




Լրահոս