ՀՀ Վայոց ձորի մարզի Արենի գյուղում գտնվող «Մագելանի» քարանձավը արդեն երկու տարի է` մշակույթի նախարարությունը ցանկանում է վարձով տալ: Զբոսաշրջության նպատակով վարձակալության տրամադրելու մրցույթ է հայտարարվում, սակայն հայտեր չլինելու պատճառով մրցույթը չի կայանում:
Վայոց ձորի մարզի Արենի գյուղի տարածքում հաշվառված Մագելանի քարանձավը ՀՀ կառավարության՝ 2003 թ. հունիսի 26-ի որոշմամբ ընդգրկված է ՀՀ պատմության եւ անշարժ հուշարձանների պետական ցուցակում: Իսկ ՀՀ կառավարության՝ 2007 թվականի մարտի 15-ի որոշմամբ էլ Մագելանի քարանձավն ընդգրկվել է ՀՀ պետական սեփականություն համարվող եւ օտարման ոչ ենթակա պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում:
Հիշեցնենք, որ դեռեւս երկու տարի առաջ նախարարությունը հայտարարել էր քարանձավը վարձակալության հանձնելու բաց մրցույթ, սակայն այն համարվել էր չկայացած: Ներկայացվել էր երկու հայտ «Ինկար» կազմակերպության եւ քաղաքացի Գեղամ Գինոսյանի կողմից: Վերջինիս հայտը չէր համապատասխանել հրավերի պահանջներին, մյուսի դեպքում էլ հայտին կից ներկայացված շրջակա միջավայրի վրա ազդեցության վիճակի վերաբերյալ փորձաքննության դրական երակացությունը ժամկետանց էր եղել:
Այս տարի նույնպես ՀՀ մշակույթի նախարարությունը Մագելանի քարանձավը զբոսաշրջության նպատակով վարձակալության տրամադրելու մրցույթ է հայտարարել: Սակայն մրցույթի մասնակցության համար ոչ մի հայտ չի ներկայացվել: Մայիսի 16-ին ՀՀ մշակույթի նախարարությունում կայացել է Վայոց ձորի մարզի Արենի գյուղի տարածքում գտնվող, պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձան հանդիսացող Մագելանի քարանձավը զբոսաշրջության նպատակով վարձակալության տրամադրելու մրցութային հանձնաժողովի նիստը, որը, սակայն, համարվել է չկայացած:
Արենիի գյուղապետ Սերյոժա Սուքիասյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ թեեւ Մագելանի քարանձավը գտնվում է Արենիի վարչական տարածքում, սակայն այն անհատույց տրված է մշակույթի նախարարությանը: «Նույնիսկ մրցույթի ժամանակ մեզ չեն հրավիրում, տեղյակ չեն պահում, դա իրենց գործն է: Իսկ մրցույթին մասնակցողն ու հաղթողը մեծ ներդրումներ պետք է իրականացնի, որովհետեւ դրա կարիքը կա: Գուցե՞ գումարի չափն է պատճառը, որ մրցույթին չեն մասնակցում»,- ենթադրեց գյուղապետը:
Մեր զրուցակցի խոսքերով՝ նախ պետք է Մագելանի քարանձավի մուտքը ապահովեն, որովհետեւ այնտեղ բարդություններ կան, աստիճաններ պետք է դրվեն, որպեսզի զբոսաշրջիկը կարողանա մտնել ու դուրս գալ: Իսկ հիմա աստիճաններ չկան, միայն մագլցելով կարող են մոտենալ քարանձավի մուտքին, որի անցքն էլ շատ փոքր է:
Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը զրուցեց մրցութային հանձնաժողովի քարտուղար Արսեն Սողոմոնյանի հետ եւ հետաքրքրվեց՝ արդյոք ՄՆ-ն ուսումնասիրել է, թե ինչով է պայմանավորված, որ հայտեր չեն ստացվում: «Այնպես չէ, որ սովորական կառույց է, որ շահագրգռվածները շատ լինեն: Մասնակցել ցանկացողը ռեալ պատկերացնում է, թե մասնակցելու ու հաղթող ճանաչվելու դեպքում ինչ մեծ պատասխանատվություն է իր վրա վերցնելու, որովհետեւ այն բնապահպանական եւ պատմամշակութային հուշարձան է, եւ վարձակալողը նաեւ պետք է ապահովի պահպանման պայմանները: Իսկ թե ինչու չեն մասնակցել մրցույթին, այս հարցի հետ կապված՝ մենք հանձնաժողովի նախագահի հետ քննարկման արդյունքում պայմանավորվեցինք վերանայել հրավերը: Եթե կառավարությունը նպատակահարմար գտնի նորից մրցույթ հայտարարել, ապա այս մրցույթի ժամկետները պետք է երկարաձգենք»,- ներկայացրեց Սողոմոնյանը:
Բացի այս՝ մրցութային հանձնաժողովը առաջիկայում կփորձի հասկանալ, թե մրցույթի կոնկրետ որ պայմաններն է պետք փոփոխել. «Գուցե՞ կան պայմաններ, որոնք ինչ-որ չափով խանգարում են մրցույթին մասնակցել»: «Ժողովուրդ»-ի հարցին՝ գուցե ներդրումների չափն է պատճառը, որ մրցույթին հայտեր չեն ներկայացվում, մրցութային հանձնաժողովի քարտուղարն ասաց. «Ներդրումների՞: Չեմ կարծում, որ պետք է խոշոր չափի ներդրում անել, բայց գոնե մինիմալը պետք է ապահովվի: Լավագույն պահպանման միջոցը նաեւ ժողովրդին ցույց տալն է: Այդպես փակ պահելով ու ոչ մեկին ցույց չտալով՝ ոչնչի չենք հասնի: Հետո խոսքը ամբողջ քարանձավի մասին չէ, այլ 260 մետրի: Իսկ քարանձավը կազմում է 1.5 կմ: Այնտեղ պետք է լուսավորություն լինի, անվտանգության միջոցներ»:
Ինչեւէ: Հուսանք՝ առաջիկայում, այնուամենայնիվ, կգտնվի այդ կարեւոր հուշարձանը հանրության ու զբոսաշրջիկների համար առավել հասանելի եւ գրավիչ դարձնելու տարբերակը:
ԻՆՉՈ՞Ւ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՉԵՆ ԵՆԹԱՐԿՈՒՄ
Մայիսի 18-ին ՀՀ Արմավիրի մարզի 15-17 գյուղերում տեղի ունեցած կարկտահարությունից անցել է 6 օր, սակայն այս ընթացքում ոչ մի պետական կառույց հանդես չի եկել հայտարարությամբ՝ մեղավորին պատժելու եւ գյուղացիների վնասները փոխհատուցելու ուղղությամբ: «Ժողովուրդ»-ը արդեն տեղեկացրել էր, որ կարկուտից վնասված գյուղերում տեղադրված են եղել նաեւ հակակարկտային կայաններ, որոնք, սակայն, չեն կրակել:
ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության տնօրեն Լեւոն Վարդանյանը «Ժողովուրդ»-ին հայտնել էր, որ մայիսի 18-ին՝ ժամը 15.00-ից 19.00 ընկած ժամանակահատվածում, «Օրանժ Արմենիա»-ի (ներկայիս՝ «Յուքոմ») ցանցում լուրջ խնդիր է եղել՝ ֆորս-մաժորային պայմաններից ելնելով: Ինչի արդյունքում համայնքներում չի հաջողվել կապի միջոցով ավտոմատ կառավարման համակարգով միացնել հակակարկտային կայանները:
Երեկ «Ժողովուրդ»-ը Լեւոն Վարդանյանից տեղեկացավ, որ «Յուքոմ»-ը չի ժխտում, որ այդ օրը եղել է կապի խափանումներ: «Մենք արդարացման կարիք չունենք, ոչ էլ նրանք են ժխտում դա: Մենք իրար հետ քննարկել ենք համաձայնեցված տարբերակով, եւ ես պաշտոնապես դեռեւս չեմ ստացել այդ տեղեկանքը, բայց բանավոր համաձայնությունը կա, որ այն կլինի: Հիմնարկներում սովորաբար մինչեւ տեղեկանք տրամադրելը մեծ պրոցեդուրա է անցնում իրավաբաններով եւ մյուսներով: Ես չգիտեմ, թե իրենք տեղեկանքում բառացի ինչ են գրելու, բայց փաստը մնում է փաստ՝ «Յուքոմ»-ը ընդունել է, որ այդ ժամերին կապի խափանում է եղել»,- ներկայացրեց Վարդանյանը: Վերջինս տեղեկացրեց նաեւ, որ այսօր ԱԻՆ-ի եւ «Յուքոմ»-ի ղեկավարության միջեւ քննարկում է տեղի ունենալու: Իսկ քննարկվելու է այն, թե նմանատիպ դեպքերում ինչպես է ԱԻՆ-ը վարվելու, եւ ինչպես են հետագայում համագործակցելու իրար հետ:
Մինչ ԱԻՆ-ն ու «Յուքոմ»-ը պարզաբանումների մեջ են, այս ընթացքում կարկտահարված գյուղերի բնակիչները սպասում են մարզպետարաններից խոստացված «փաստաթղթի», որի վրա հնարավոր կլինի գրել կարկուտի հետեւանքով տուժած գյուղացու անունը, ազգանունը եւ կրած վնասի չափը: Թե այս թղթային ձեւերը արագ ստեղծելն ու գյուղացիներին բաժանելը ինչ դժվարություններ է առաջացնում, անհասկանալի է: Հետաքրքիր է, թե այս ընթացքում ինչով են զբաղված այն հանձնաժողովները, որոնք պետք է հաշվարկեին վնասները: Մինչ գյուղացիները այս օրերին կյանքի գնով պայքարում են քամու, կարկուտի, անձրեւի դեմ, այս ընթացքում դժվար է կռահել, թե տարածքային կառավարման եւ զարգացման եւ գյուղատնտեսության նախարարությունները ինչով են զբաղված: Նշված կառույցներից եւ ոչ մեկը այս օրերի ընթացքում պաշտոնապես հաղորդագրությամբ հանդես չեկավ: Ավելորդ է խոսել «Յուքոմ»-ի մասին, ում անմիջական մեղքով է, որ այսօր հարյուրավոր գյուղացիներ խոշոր չափի վնասներ են կրել եւ հայտնվել են ծայրահեղ ծանր իրավիճակում:
Երեկ, ի վերջո, մեզ բախտ վիճակվեց «Յուքոմ» ընկերության որեւէ օպերատորի հետ խոսել. վերջինս մեզ միացրեց մեկ այլ բաժնի հետ, որի աշխատակիցը «Ժողովուրդ»-ից հեռախոսահամար վերցրեց եւ խոստացավ, որ օրվա վերջին կզանգահարեն եւ մեր հարցերին պատասխան կտան: Երեկ մեր օրն անցավ զանգին սպասելով: Եվ ապարդյուն:
Հուսանք՝ ՀՀ կառավարությունն իր վրա կվերցնի գյուղացիներին փոխհատուցելու խնդիրը:
Նյութերը՝ ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ
ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ «ՊԻՆԳ-ՊՈՆԳԸ»
Ֆրանսիայի Օ-դե-Սեն դեպարտամենտի նախագահ, պատգամավոր Պատրիկ Դեվեջյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 23-26-ը կայցելի Հայաստան, այդ թվում՝ Տավուշ՝ մարզի եւ Օ-դե-Սեն դեպարտամենտի միջեւ ապակենտրոնացված համագործակցության համաձայնագիրը վերակնքելու եւ համագործակցության շրջանակներում իրականացված գյուղատնտեսական ծրագրերի ընթացքին ծանոթանալու համար: Այդ համագործակցության շրջանակներում ստեղծվել է «ՀիմնաՏավուշ» զարգացման հիմնադրամը, որը Տավուշում տոհմային անասնաբուծության զարգացման ծրագիր է իրականացնում: Այդ ծրագիրը հաջողված է, սակայն Իջեւանի տարածաշրջանի Դիտավանի մի քանի բնակիչներ արդեն 3 տարի դատական քաշքշուկների մեջ են հիմնադրամի հետ: Հայցը վերաբերում է 2012թ. Դիտավանում ցանված 10 հա եգիպտացորենին, որից ստացված սիլոսը պետք է օգտագործվեր հիմնադրամի կողմից մարզի Լուսաձոր գյուղում հիմնված տոհմային անասնապահական ֆերմայի կովերին կերակրելու համար:
Դիտավանի նախկին գյուղապետ Ս. Սարգսյանի խոսքերով՝ հիմնադրամը եգիպտացորեն ցանելու համար յուրաքանչյուր հեկտարի հաշվով իրենց 150 հազարական դրամ կանխավճար է տվել, հետագայում հեկտարի հաշվով եւս 30 հազարական դրամ: Նրա վկայությամբ՝ ըստ պայմանագրի՝ «ՀիմնաՏավուշը» հնձի շրջանում պետք է ապահովեր տեխնիկայով, ինչը չի արվել: Դրա պատճառով եգիտացորենը գերհասունացել է, չորացել, ակնկալված 400 տոննայի փոխարեն հնձվել է ընդամենը 92 տոննա: Նախկին գյուղապետը հայտնեց, որ իրենք հիմնադրամից ստացել են ընդհանուր առմամբ 1 միլիոն 860 հազար դրամ, սակայն ակնկալում էին ստանալ 8 միլիոն դրամ եկամուտ: Դիտավանցիները յուրաքանչյուր հեկտարի մշակության համար ծախսել են 350 հազարական դրամ, ընդհանուր՝ 3.5 միլիոն դրամ: Դատավարության ընթացքում «ՀիմնաՏավուշի» ներկայացուցիչները հանդես են եկել հակընդդեմ հայցով: 2014 թ. փետրվարի 5-ին Տավուշի մարզի առաջին դատարանի դատավոր Արման Կուրեխյանը որոշել է հայցը բավարարել մասնակի, «ՀիմնաՏավուշ» զարգացման հիմնադրամից հօգուտ Սեյրան Սարգսյանի բռնագանձել 2 միլիոն 657 հազար 300 դրամ պատճառված վնասի գումար եւ 50 հազար 896 դրամ պետական տուրքի գումար, հօգուտ Հայկ Ալիխանյանի՝ 1 միլիոն 505 հազար 640 դրամ պատճառված վնասի եւ 28 հազար 612 դրամ պետական տուրքի գումար, հօգուտ Վարդան Սեյրանի Սարգսյանի՝ 1 միլիոն 505 հազար 640 դրամ՝ պատճառված վնասի եւ 28 հազար 612 դրամ պետական տուրքի գումար, հօգուտ Սամսոն Ալիխանյանի՝ 221 հազար 500 դրամ պատճառված վնասի եւ 2930 դրամ պետական տուրքի գումար: «ՀիմնաՏավուշը» այդ որոշման դեմ վերքննիչ բողոք է ներկայացրել: 2014թ. հուլիսի 10-ին ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը որոշել է այդ բողոքը մասնակի բավարարել, գործն ուղարկել Տավուշի մարզի առաջին ատյանի դատարան՝ ամբողջ ծավալով նոր քննության: 2015թ. դեկտեմբերի 7-ին դատավոր Աշոտ Խաչիկյանը որոշել է դիտավանցիների հայցը մերժել, հակընդդեմ հայցը բավարարել եւ տուժած դիտավանցիներից խոշոր գումարներ հետ գանձել՝ հօգուտ հիմնադրամի: Դիտավանի բնակիչները այդ վճռի դեմ բողոք են ներկայացրել, որն այժմ քննվում է վերաքննիչ քաղաքացիական դատարանում:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ