Նալբանդյանն ընդունեց բրիտանացի պատգամավորների պատվիրակությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Սեպտեմբերի 16-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Միացյալ Թագավորության Համայնքների պալատի անդամների պատվիրակությանը՝ հայ-բրիտանական խորհրդարանական բարեկամության խմբի փոխնախագահ Ջոն Ութինգդեյլի գլխավորությամբ: Ողջունելով հյուրերին՝ նախարար Նալբանդյանը գոհունակությամբ նշեց, որ վերջին շրջանում հայ-բրիտանական համագործակցությունը զգալիորեն ակտիվացել է և այդ գործընթացում լուրջ դերակատարություն ունեն երկու երկրների խորհրդարանականները։ Հայաստանի արտգործնախարարի բնորոշմամբ, խորհրդարանական դիվանագիտությունը կարևոր լրացուցիչ խթան է հանդիսանում երկու երկրների միջև փոխըմբռնումը զարգացնելու և կապերն ամրապնդելու գործում։ Նախարար Նալբանդյանը նշեց, որ ջերմությամբ է հիշում այս տարվա մայիսին իր կատարած այցը Միացյալ Թագավորություն և դրա շրջանակներում հանդիպումները բրիտանական խորհրդարանում։
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ բրիտանացի խորհրդարանականները ընդգծեցին, որ շարունակելու են ջանքերը՝ երկու երկրների միջև բարեկամական փոխհարաբերությունների հետագա ամրապնդման և ընդլայնման գործում։
Զրուցակիցներն անդրադարձան Հայաստանի արտաքին քաղաքականությանը վերաբերող տարբեր հարցերի։ Հյուրերի խնդրանքով, նախարար Նալբանդյանը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության կողմից իրագործվող ջանքերը։
Քննարկվեցին նաև տարածաշրջանային և միջազգային նշանակության մի շարք հարցեր։




Լրահոս