ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ՀԱՅՏՆՎԵԼ ԵՆ ՓԱԿՈՒՂՈՒ ԱՌՋԵՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է՝ ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը առաջարկել է մի հիմնադրամ ձեւավորել, որտեղ հավաքված միջոցները կհատկացվեն քառօրյա պատերազմի արդյունքում զոհված եւ տուժած զինվորների ընտանիքներին: Պարզվում է՝ այս նախաձեռնությունը լուրջ խմորումներ է առաջացրել պատգամավորների շրջանում:

Բանն այն է, ըստ նախաձեռնության, ենթադրվում է, որ խորհրդարանի աշխատակազմի ամեն մի աշխատակից եւ պատգամավոր ինքնակամ ամեն ամիս իրենց աշխատավարձի մեկ տոկոսը փոխանցում են հատուկ այդ նպատակով բացվելիք հիմնադրամի հաշվեհամարին: Իսկ հավաքված գումարները ծախսվելու են պատերազմից տուժածներին օգնելու համար: Թվում է, թե նման նախաձեռնությունը պետք է, որ խմորումների տեղիք չտար: Բայց գործնականում այն օրենսդիրների շրջանում քննարկման առարկա է դարձել, եւ պատճառը հետեւյալն է՝ պատգամավորների մի մասը, այսպես ասած, անհարմար է զգում, որ իր աշխատավարձից ընդամենը մեկ տոկոս պետք է փոխանցվի: Այլ կերպ ասած՝ նրանց մտահոգում է այն հանգամանքը, որ ինչ-որ տեղ գրվելու է, որ իրենք ընդամենը հինգ հազար դրամ են փոխանցել զոհվածների հարազատներին: Այսինքն՝ նրանց համար ցանկալի է, որ իրենք աշխատավարձի, օրինակ, քսան կամ երեսուն տոկոսը փոխանցեն:
Բայց մի կողմից նման «շռայլ» մոտեցումը նախ հիմնադրամի ստեղծման գաղափարին է հակասում, քանի որ այն ենթադրում է նվազագույն չափ բոլորի համար, ու բացի այդ՝ ստացվում է, որ պատգամավորները իրենց աշխատավարձից փոխանցումներ անելուց հետո ստիպված են լինում նաեւ տարբեր բարեգործական ծրագրերի շրջանակներում օգնել զոհվածների ընտանիքներին, ինչը եւ անում են:
Խնդիրն այն չէ, որ պատգամավորներն աշխատավարձով են ապրում: Իրականում այդ աշխատավարձով լուծվում է նրանց` իբրեւ օրենսդիրի գործունեության հետ կապված ծախսերը՝ օգնականին հավելավճար, սենյակում մշտական հյուրասիրության համար անհրաժեշտ պարագաներ եւ այլն: Եթե աշխատավարձի «գլխին քար են գցում», ապա այդ ծախսերն այլ ճանապարհով պետք է լուծեն, ինչը հետագայում կարող է տվյալ պատգամավորի դեմ օգտագործվել: Մյուս կողմից պատգամավորները չեն կարող հրաժարվել կամավորության սկզբունքով արված առաջարկից, քանի որ, մեր տեղեկություններով, Հրայր Թովմասյանը հստակ մեսիջներով հասկացրել է, որ գումար փոխանցելուց հրաժարված պատգամավորների անունները կհրապարակվեն: Իսկ ներկա նախընտրական տարում պատգամավորներից ոչ մեկին հաստատ ձեռնտու չէ, որ իր մասին ասեն, թե պատերազմից տուժածներին օգնելուց հրաժարվել է:
Հրայր Թովմասյանի այս նախաձեռնությունն իր մեջ մի խորքային խնդիր էլ ունի: Իհարկե, նախատեսվում է, որ հիմնադրամին աշխատավարձից մաս հատկացնելը կամավորության սկզբունքով է լինելու: Սակայն այն նպատակը, որը հռչակվել է, խորհրդարանի աշխատակազմի համար մի տեսակ պարտավորեցնող է, այլ կերպ ասած՝ մարդիկ չեն «համարձակվի» հրաժարվել:
Տեղեկացնենք, որ ԱԺ աշխատակազմն ունի 679 աշխատակից: Նրանցից մոտ 100-ը ղեկավար կազմն է, որոնց դեպքում հա՛մ աշխատավարձն է բարձր, հա՛մ էլ վստահ կարելի է ասել, որ նրանց մեծ մասն այդ աշխատավարձի հույսին չէ. բիզնեսներ ունի կամ իրեն վստահված ոլորտում մեքենայությունների միջոցով «ձախ» եկամուտներ է ստանում եւ այսպես շարունակ: Աշխատակազմից մոտ 100 հոգի էլ իշխանական պատգամավորների օգնականներն են, որոնք երկու աշխատավարձ են ստանում` պետբյուջեից 100 հազար դրամ եւ մի այդքան էլ «շեֆից» առձեռն:
Իսկ ԱԺ աշխատակազմի մնացած մոտ հինգ հարյուր աշխատողների մեծ մասը աշխատավարձով ապրող մարդիկ են: Ավելին՝ նրանց աշխատավարձն էլ առանձնապես բարձր չէ՝ 80 հազարից մինչեւ 200 հազար դրամ: Իհարկե, հազար դրամի եղածը մի բան չէ, բայց 80 կամ 100 հազար դրամ աշխատավարձ ստացողի համար դա գումար է, իր ընտանիքի մեկ օրվա հացը: Բայց դա էլ խնդիր չէ: Կասկածից վեր է, որ այդ մարդիկ համաձայն կլինեին մեկ օր սոված մնալ, որպեսզի հայրենիքի համար իրենց կյանքը զոհած երիտասարդների ընտանիքների հոգսերը մի փոքր թեթեւանան: ԱԺ աշխատակազմի հոգու «բեռն» այլ է: Նրանք փաստացի անընդհատ շփվում եւ տեսնում են այն մարդկանց որոնք Հայաստանն այս վիճակին են հասցրել, նրանք ամեն օր շփվում են իրենց վճարած հարկերը մսխողների, ասել է, թե տիզի պես իրենց արյունը ծծող այդ զանգվածի հետ: Ուստի կասկածից վեր է, որ երբ այս մարդկանց ասում են, որ իրենց աշխատավարձի մեկ տոկոսը պետք է փոխանցվի պատերազմից տուժածների ընտանիքներին օգնելու համար, նրանց գիտակցության մեջ եւս մեկ անգամ արդարադատությունը բռնաբարվում է:
Ի դեպ, Հայաստանի խորհրդարանի աշխատավարձի մեկ ամսվա ֆոնդը կազմում է 165 մլն 300 հազար դրամ: Այսինքն՝ ենթադրվում է, որ ստեղծվելիք հիմնադրամն ամսական կունենա մոտ մեկուկես միլիոն դրամի «նվիրատվություն»:
Վերջում հավելենք, որ ԱԺ առավել հնաբնակները հիշում են, որ նախորդ խորհրդարանի ղեկավար կազմն էլ որոշել էր ամեն պատգամավորի աշխատավարձից 3 հազարական դրամ պահել Հայաստան համահայկական հիմնադրամի հաշվեհամարին: Իսկ արդյո՞ք դրանք տեղ են հասնում, թե չէ, թերեւս առանձին նյութի թեմա է:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

 

 

 
ԱՌԱՆՁՆԱԶՐՈՒՅՑԻ ԷՐ ԿԱՆՉՈՒՄ
ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը երեկ, օգտվելով առիթից, մարզպետներին, որոնք խորհրդարան էին ժամանել պետական բյուջեի՝ 2015 թվականի կատարողականը քննարկելու համար, կանչում էր իր աշխատասենյակ՝ առանձնազրույցի: «Ժողովուրդ»-ը նկատեց, որ նիստի ավարտից հետո ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի օգնականները մոտեցան մարզպետներից մի քանիսին եւ տեղեկացրին, որ նրանց սպասում են: Օրինակ՝ ԱԺ միջանցքով անցնում էին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը եւ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, Վահրամ Բաղդասարյանի օգնականը մոտեցավ միայն Սուրիկ Խաչատրյանին եւ նրան տեղեկացրեց, որ Վահրամ Բաղդասարյանն իր աշխատասենյակում սպասում է մարզպետին: Սյունիքի մարզպետը, որը արդեն հասել էր իր մեքենայի մոտ, ստիպված էր վերադառնալ Ազգային ժողով՝ Վահրամ Բաղդասարյանի հետ զրուցելու համար:

 

 

ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՆՎԱԶԵԼ
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության երեկ հրապարակած տվյալների համաձայն՝ այս տարվա ապրիլի 1-ի դրությամբ Հայաստանի մշտական բնակչության թիվը կազմել է 2 մլն 994 հազար 400: Այսպիսով՝ կարող ենք արձանագրել, որ նույնիսկ պաշտոնական վիճակագրությամբ մշտական բնակչության թիվը շարունակում է նվազել: Մասնավորապես, ստացվում է, որ միայն այս տարվա առաջին եռամսյակի կտրվածքով բնակչության թիվը նվազել է 4 հազար 200-ով: Ի դեպ, սա նշանակում է, որ ՀՀ քաղաքացիների թիվը պաշտոնապես նվազել է: Բանն այն է, որ արտագնա աշխատանքի մեկնողների թիվը մշտական բնակչության թվից չի հանվում, նրանք շարունակում են համարվել մշտական բնակիչ:

 

 

ԸՕ ՆՈՐԱՄՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ
Մինչ այս ԱԺ ընտրությունների ժամանակ թեկնածուների եւ կուսակցությունների վստահված անձինք իրավունք են ունեցել քվեարկությունից հետո արդյունքների արձանագրության քաղվածք վերցնել: Սակայն 2017 թվականի ընտրությունների ժամանակ նման քաղվածք կտրվի միայն կուսակցությունների օգտին տրված ձայների վերաբերյալ, իսկ կուսակցության քվեների բաշխումը՝ ըստ տարածքային թեկնածուների, քաղվածքի տեսքով չի տրվի, վստահված անձինք իրավունք կունենան համապատասխան արձանագրությունը լուսանկարել: Այդպես է նախատեսված ՀՀ ընտրական նոր օրենսգրքի 71-րդ հոդվածով, որի 8-րդ կետը սահմանում է. «Ազգային ժողովի ընտրության ժամանակ տեղամասում քվեարկության արդյունքների ամփոփման նիստին ներկա լինելու իրավունք ունեցող անձանց պահանջով նրանց տրվում է ընտրական տեղամասում քվեարկության արդյունքների արձանագրությունից քաղվածք (առանց տարածքային ցուցակներում ընդգրկված թեկնածուների տվյալների)… »: Այս նորամուծության պատճառն այն է, որ տեղամասերում կուսակցությունների տարածքային թեկնածուների ընդհանուր թիվը կարող է մի քանի տասնյակի հասնել, եւ նման քաղվածք տրամադրելը ֆիզիկապես կարող է դառնալ անհնար:

 

 

 
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ԿՈՆՍԵՆՍՈՒՍԻՆ ՍՊԱՍԵԼԻՍ
«Կոնսենսուսը, այո, ցավոք սրտի, դեռեւս չի կայացել, սակայն դա չի նշանակում, որ ճանապարհները բոլոր փակ են, որեւէ քննարկման տեղ չի մնացել. կարծում եմ՝ դեռ շատ անելիքներ ունենք»,-երեկ ԱԺ-ում ասել է կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Հարությունյանը՝ խոսելով ընտրական օրենսգրքի մասին: Հարցին, թե երրորդ ընթերցումից հետո դեռ կլինե՞ն 4+4+4 ֆորմատով քննարկումներ, Դ. Հարությունյանը պատասխանել է, թե, չգիտի՝ ինչ ֆորմատով, բայց քննարկումները ընդդիմադիր գործիչների հետ կան եւ շարունակվելու են:

 

 

ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ
Երեկ գիշեր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու «Նորմանդյան քառյակ»-ի երկրների ղեկավարները (Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկել, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդ եւ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկո) հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Դոնբասում իրավիճակի կարգավորման հարցը: Պուտինն ուկրաինական կողմից պահանջել է անհապաղ դադարեցնել կրակն ու անցնել կոնֆլիկտի կարգավորման խաղաղ գործընթացին: Նշենք, որ կոնֆլիկտի գոտում շարունակվում են մշտական կրակոցները, որոնց ենթարկվում են նաեւ բնակավայրերը:

 

 

ԱՂՔԱՏ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«Մեր նախարարությունը շատ փոքր աշխատակազմ ունի: Ունեինք 10 մեքենաներ, որոնցից երեքը դեռեւս ԱԻՆ-ում է գտնվում: Այսինքն` նախարարությունը օգտագործում է յոթ մեքենա»: Երեկ այդ մասին ասել է տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը: «Մեզ մոտ չկան ավելորդ հաստիքներ: Մեր նախարարությունից կրճատվել են թվով չորս մեքենաներ»,-արդարացել է Լոքյանը:

 

 

ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆ ԵՆ
Ազգային ժողովն ինքնուրույն կառույց է: Վարչապետի հայտարարությունից հետո արված քայլերի մասին ArmLur.am-ի հարցին ի պատասխան՝ ասել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը: «Գործադիր իշխանության ասածներն Ազգային ժողովի համար չեն: Վարչապետը եւս ասաց` մենք կհորդորենք իշխանության մյուս ճյուղերին: Այդ խնայողությունները վաղուց են կատարվել, օրինակ, միայն գործուղումների մասով մեր տնտեսումները վաղուց են սկսվել», – հավաստիացրել է Թովմասյանը:

 

 

ԸՆԴՈՒՆԵԼ Է
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը մայիսի 24-ին ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր, Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի նախագահ Ֆրանսուա Ռոշբլուանին եւ Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խորհրդարանական խմբի նախագահ Ռընե Ռուքեին: Հանդիպմանը քննարկվել են Արցախի եւ Ֆրանսիայի խորհրդարանների, հասարակական ու քաղաքական շրջանակների միջեւ կապերի զարգացմանն առնչվող հարցեր: Անդրադարձ է կատարվել նաեւ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը եւ տարածաշրջանային գործընթացներին:

 

 

ՆՈՐ ՏԵՍԱՎ ՏԵՂԸ
«Շուրջ 7000 քաղծառայության պաշտոններ թափուր հաստիքներ են: Հնարավոր կրճատումների դեպքում, կարծում եմ, առաջին հերթին պիտի ձգտեն կրճատել այդ թափուր հաստիքները, որովհետեւ սոցիալական խնդիր կա»,- խոսելով Հովիկ Աբրահամյանի հանձնարարականի մասին՝ երեկ ասել է քաղծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը: Նա նշել է, որ սպասում է կառավարության առաջարկին. «Պետական մարմինները պետք է ասեն, որից հետո պարզ կլինի: Բայց որ կա օպտիմալացնելու տեղ, համամիտ եմ»:




Լրահոս