Ապրիլյան քառօրյա պատերազմով եւ հետագա օրերի լարվածությամբ պայմանավորված՝ Արցախի Հանրապետությունում տնտեսական խնդիրներ առաջացան, որոնք առավել նկատելի են հատկապես գյուղատնտեսությունում: Արցախն այս պահի դրությամբ ունի մոտ 140 հազ հա մշակովի հողատարածք, որի հիմնական մասը զբաղեցված է հացահատիկային մշակաբույսերով: Արցախում նաեւ զարկ է տրված պտղատու այգիների հիմնմանը. այսօր աճեցվում են բազմաթիվ նոր պտղատեսակներ, որոնք ավանդական չէին այդ տարածքում:
Արցախի գյուղատնտեսության ներկայիս վիճակի եւ պատերազմի հասցրած վնասների մասին «Ժողովուրդ»-ը զրուցել է Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Արամ Մխոյանի հետ:
-Պարո՛ն Մխոյան, Արցախում հացահատիկի աճեցումը կարծես թե գյուղատնտեսական առաջնահերթություններից է: Արդյո՞ք հացահատիկի արտադրության առումով այսօր Արցախն ինքնաբավ է:
-Մենք ոչ միայն արտադրում ենք մեր պահանջներին համապատասխան քանակի հացահատիկ, այլեւ նույնսիկ կրկնակի ավել, որն արտահանում ենք ՀՀ:
-Իսկ ինչպիսի՞ն է Արցախում ոռոգման խնդիրը, ադյո՞ք առկա են բավարար ենթակառուցվածքներ եւ ջրային ռեսուրսներ՝ բոլոր մշակովի հողատարածքները ջրարբիացնելու համար:
-Ցավոք, Արցախի Հանրապետության գյուղատնտեսությունն այս հարցում լուրջ խնդիր ունի, որը առաջացել է շատ վաղուց: Պետք է ասեմ, որ մեր հողատարածքների ընդամենը յոթ տոկոսն է ոռոգելի, դա կազմում է մոտ 10 հազ հա: Եվ, ցավոք, նոր մշակաբույսերի, նոր տեսակների ուղղությամբ աշխատանքներում գլխավոր խոչընդոտը ոռոգման համակարգերի բացակայությունն է կամ անբարվոք վիճակը: Այսօր մենք ունենք 540 հա ջրատարներ, ջրանցքեր, որոնց գերակշիռ մասը՝ մոտ 75 տոկոսը, հողային է: Իսկ ջրի կորուստը հողային ջրանցքերում 70 տոկոս է, այսինքն՝ մեր ամբողջ ջրի ծավալի 70 տոկոսը մենք կորցնում ենք տեղափոխելու ընթացքում: Այսպես ասած, ջուր ունենք, բայց տեղ հասցնելու ճանապարհին կորցնում ենք դրա մեծ մասը:
-Իսկ Սարսանգի ջրամբարի պաշարներն ինչքանո՞վ են օգտագործվում:
-Այս պահի դրությամբ Սարսանգի ջրամբարը եւ այդ ջրային ռեսուրսները մենք չենք կարողանում օգտագործել գյուղատնտեսական նպատակներով, քանի որ ջրատարի, ջրանցքի մի հատված անցնում է ադրբեջանական տարածքով, որտեղից արդեն թույլ չեն տալիս, որ ջուրը շարունակի իր հոսքը դեպի Արցախի տարածք: Սարսանգի ջրի հիմնական ծավալներն օգտագործվում են միայն էներգետիկ նպատակով:
-Պարո՛ն Մխոյան, գյուղատնտեսական ապրանքների իրացման հարցում Արցախն ի՞նչ խնդիրներ ունի: Դուք բացի ՀՀ-ից՝ այլ շուկա ունե՞ք:
-Քանի որ մենք արդեն սկսել ենք նոր մշակաբույսերի, նոր տեսակների զարգացման ուղղությամբ աշխատաքներ տանել, փորձում ենք ՀՀ-ում, ինչու չէ նաեւ՝ ԵՏՄ երկրների շուկաներում գտնել տվյալ ապրանքատեսակների իրացման շուկաներ: Եվրոպայում էլ փորձում ենք շուկաներ գտնել նռան վերամշակումից ստացած տարբեր տեսակի հյութերի արտահանման ուղղությամբ:
-Հաջողվո՞ւմ է:
-Այո՛, հաջողվում է, քանի որ նռան հյութը մեծ պահանջարկ ունի աշխարհի շատ երկրներում: Դրա համար է, որ մենք փորձում ենք զարգացնել նռան ե՛ւ արտադրությունը, ե՛ւ ստացված տարբեր ապրանքատեսակների արտահանումը:
-Քառօյա պատերազմը ինչքա՞ն վնաս տվեց Արցախի գյուղատնտեսությանը եւ ինչպե՞ս եք պատրաստվում վերականգնել այդ վնասները:
-Իսկապես, գյուղատնտեսության ոլորտը լուրջ վնասներ կրեց այս պատերազմի եւ դրանից հետո մինչ օրս շարունակվող հրետակոծությունների արդյունքում: Հիմնականում խախտվեց գարնանացան մշակաբույսերի ցանքսը: Մենք այս տարի պլանավորել էինք գարնանացանը կատարել ճիշտ ժամանակին, քանի որ դա գլխավոր նախապայմաններից մեկն է բարձր բերքատվության, սակայն վերջին իրադարձությունները խանգարեցին: Իհարկե, հնարավորինս փորձում ենք մեր եղած մարդկային եւ տեխնիկական ռեսուրսներն օգտագործել, որպեսզի կարողանանք այդ բացը լրացնել եւ հասցնել գոնե եղած ժամկետներում կատարել գարնանացանի աշխատանքները: Կան նաեւ նյութական վնասներ, հատկապես Թալիշ եւ Մատաղիս համայնքներում անասնագլխաքանակի մեծ մասը ոչնչացվեց թշնամու հրետակոծությունների հետեւանքով: Վնասվեց մոտ 2-3 հազ հա աշնանացան, տեխնիկական, մեքենատրակտորային պարկը տուժեց, ռմբակոծություններից վնասվեցին մի քանի տասնյակ նոր տեխնիկաներ, որոնցից շատերը նոր էին ձեռք բերված: Վնասները դեռ հաշվարկվում են, այդ մասին ավելի հանգամանալից առաջիկայում կտեղեկացնենք:
-Պարո՛ն Մխոյան, իսկ ինչքանո՞վ է ձեռնտու Արցախում գյուղատնտեսությամբ զբաղվելը:
-Արցախի ազգաբնակչության մեծ մասի համար եկամտի հիմնական աղբյուրը հենց գյուղատնտեսությունն է: Մենք ունենք, իհարկե, ե՛ւ փոքր ֆերմերներ, ե՛ւ խոշոր հողօգտագործողներ, որոնք մինչեւ հազար, երկու հազար հա հողատարածքներ ունեն եւ արդեն լուրջ հաջողությունների են հասել վերջին 5-6 տարիների ընթացքում: Նրանք կարողանում են ոչ միայն ցորեն, գարի մշակել, այլեւ բազմաթիվ նոր, նույնսիկ ոչ ավանդական մշակաբույսեր: Դրանք են` յուղատու մշակաբույսեր, սոյա, եգիպտացորեն, հնդկացորեն, որոնք որ անհրաժեշտ են ե՛ւ ներքին շուկայի համար, ե՛ւ ՀՀ արտահանման: Ասեմ, որ մենք շատ ավելի մեծ հույսեր ենք կապում խոշոր ֆերմերների հետ, որոնց հետ աշխատելն անհամեմատ ավելի հեշտ է ե՛ւ խորհրդատվություններ մատուցելու, ե՛ւ նաեւ աջակցության ծրագրերի առումով: Արցախում փոքր հողօգտագործողներ շատ քիչ կան, նույնսիկ ամենափոքրերը մի քանի հա հող ունեն: Մեզ մնում է միայն ոռոգման համակարգերը կարգավորել, որպեսզի կարողանանք մեր ֆերմերներին ապահովել ամենակարեւորով՝ ոռոգման ջրով:
Զրուցեց ԼԻԱՆՆԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՎՏՈՏՆԱԿՈՒՄ
ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության դալանում տեղի ունեցած ծեծկռտուքի պատմությունը սկսվել է մի առաքիչից, որը իր աշխատանքի բերումով գնացել է «Երեւան մոլ»-ում գտնվող «Կարֆուր» սուպերմարկետ: Այստեղ իր ծառայությունն իրականացնող անվտանգության աշխատակիցը առաքիչից պահանջել է տրամադրել քարտը, որով հնարավորություն կունենա ներս մտնել եւ ինչ-որ բան առաքել: Սակայն առաքիչը ասել է, որ իր առաքման քարտը մնացել է մեքենայի մեջ, որի փոխարեն անվտանգության աշխատակցին առաջարկել է տալ իր դրամապանակը, որտեղ եղել է անձը հաստատող փաստաթուղթ: Անվտանգության աշխատակիցը գրանցել է առաքիչի տվյալները եւ նրան ներս թողել: Օրեր հետո առաքիչը նկատել է, որ իր քարտային հաշվեհամարից մոտ 16 հազար դրամ գումար է պակասում: Հիշել է, թե երբ, ինչ հանգամանքներում է նա իր դրամապանակը (որտեղ եղել է բանկային քարտի կոդը) տվել «Կարֆուր»-ի աշխատակցին, ուստի որոշել է պարզել հանգամանքները: Զանգահարել է անվտանգության աշխատակցին, պայմանավորվել հանդիպել Հանրապետության հրապարակի ժամացույցի մոտ:
Առաքիչն իր ընկերների եւ այլ երիտասարդների հետ գնացել է «Կարֆուրի» անվտանգության աշխատակցի հետ հանդիպման, որն էլ պայմանավորված վայր է հասել իր եղբոր եւ ընկերների ուղեկցությամբ: ArmLur.am-ի տեղեկություններով` կողմերը զրուցելով հասել են ՀՀ կապի եւ տրանսպորտի նախարարության ավտոտնակ, որտեղ առաքիչը, ըստ էության, «Կարֆուրի» անվտանգության աշխատակցին ասել է, թե նա է իր հաշվեհամարից գումարները քաշում, իսկ անվտանգության աշխատակիցը հրաժարվել է այդ ամենից, եւ տղաների միջեւ անհասկացվածությունը վերածվել է ծեծկռտուքի: Իսկ ինչ կապ ունի այս պատմության հետ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ առաքիչի հետ «ռազբորկայի» գնացած տղաներից Ալիկ Կարախանյանի եղբայրը տրանսպորտի նախարարության աշխատակից Վազգենի մորաքրոջ տղան է: Եվ երբ տղաները գնացել են հանդիպման ու չեն հասկացել միմյանց, քայլելով հասել են ՀՀ կապի եւ տրանսպորտի նախարարության դալան, ավտոտնակ, որտեղ էլ սկսվել է լեզվակռիվ, ծեծկռտուք, ինչին էլ խառնվել են նախարարության մի քանի աշխատակիցներ:
ՀՀ քննչական կոմիտեին մոտ կանգնած ArmLur.am-ի աղբյուրները հայտնել էին, որ մայիսի 16-ին այս գործով կալանավորվել է 5 հոգի: Ու քանի որ Գագիկ Բեգլարյանն ուղղակի որեւէ առնչություն չունի կատարվածում, ուստի իրավապահները քրեական գործ են հարուցել ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասով՝ դիտավորությամբ մարդու առողջությանը ծանր վնասվածք հասցնելը պատժվում է 3-7 տարվա ազատազրկմամբ: Տեղեկացնենք, որ գործով կան նաեւ կալանավորվածներ:
ԱՆԻ ՍՏԵՓԱՆՅԱՆ
ՀԱՆԳԻՍՏ Է ԵՂԵԼ
Մայիսի 23-ի լույս 24-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտում օպերատիվ իրավիճակը հանգիստ է եղել: Սահմանագոտու հյուսիսարեւելյան հատվածում արձանագրվել են ադրբեջանական կողմից տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից արձակված հատուկենտ անկանոն կրակահերթեր: Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում եւս իրադրությունը հանգիստ է եղել:
ԿԾԱՌԱՅԻ՞
«Երբ որ գա ժամանակը, նա կգնա ու կծառայի: Բանակի քեֆին ձեզ կանչելու եմ: Արխային, նա կգնա ու կծառայի»,- երեկ Աժ-ում լրագրողների հետ զրույցում ասել է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը` պատասխանելով իր որդու` Տիգրանի բանակում ծառայել-չծառայելու մասին հարցին: Խաչատրյանը վստահեցրել է, որ իր որդին բանակում չի ծառայել առողջական խնդիրների պատճառով: Նա, սակայն, չի ցանկացել խոսել այն մասին, թե ի՞նչ հիվանդություն ունի որդին:
ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԸՆԴԱՌԱՋ
Կառավարության որոշմամբ՝ այս տարի ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում 13.787 տեղ է հատկացվել, որոնցից 1783-ը՝ անվճար: Գնահատման եւ թեստավորման կենտրոնի տնօրեն Գագիկ Մելիքյանի փոխանցմամբ՝ միասնական քննությունների առաջին փուլին մասնակցելու համար այս պահի դրությամբ 11.375 դիմորդ կա. «Նախորդ տարվա համեմատ նրանց թիվը նվազել է մոտ 400-ով: Բայց ավելացել են Սյունիքի, Տավուշի մարզերից, ԼՂՀ-ից դիմողները»,- երեկ ասել է Մելիքյանը: Նա տեղեկացրել է, որ հայոց լեզու եւ հայ գրականություն առարկայի համար դիմել է 6266 դիմորդ, մաթեմատիկայի՝ 5328, անգլերենի՝ 4822, ֆիզիկայի՝ 1862: Ամենաքիչ դիմորդ ունի իտալերեն լեզու եւ գրականություն առարկան՝ 1 դիմորդ: Այս տարի միասնական քննությունների առաջին փուլին պարսկերեն առարկայից քննություն հանձնողներ չկան:
ՏԵՂԱՇԱՐԺ
Ապրիլյան պատերազմի ընթացքում վիրավորված ժամկետային զինծառայող Ռուբեն Առաքելյանի մոտ փոքրիկ դրական տեղաշարժ կա։ Այս մասին «Ա1+»-ին ասել է Ռուբենի ազգականը՝ Նարինե Թումանյանը։ «Ռուբենը սկսել է շարժել ձախ ձեռքը։ Ամեն օր մեկ ժամից ավելի նրան հանում ենք դուրս՝ զբոսանքի։ Սնվելն էլ ավելի կանոնակարգվել է»,- մանրամասնել է նա։ Հիշեցնենք, որ Ռուբեն Առաքելյանը շարունակում է բուժում ստանալ «Էրեբունի» բժշկական կենտրոնում։ 19-ամյա զինվորը վիրավորվել էր Թալիշում. նրա մոտ առկա է ողնուղեղային եւ կոկորդի վնասվածք։
ԿԱՐԳԱԼՈՒՅԾ Է ԱՐԵԼ
Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Խադ քահանա Ղազարյանը: Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ՝ տնօրինության համար հիմք է հանդիսացել Խադ քահանայի կողմից ծառայության վայրն ինքնակամ լքելու փաստը եւ կանոնավոր ծառայության վերադառնալու ցանկության բացակայությունը: Կարգալույծ եկեղեցականն այսուհետ դասվում է աշխարհականների շարքը եւ կկոչվի իր ավազանի անունով` Վիգեն Ղազարյան: