ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ ՔԱՆԴԱԿԸ ՆՄԱՆԵՑՆՈՒՄ ԵՆ «ՕՐԵՆՔՈՎ ԳՈՂԻ» ՄԱՀԱՐՁԱՆԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 23-ին Երեւանի Ավան վարչական շրջանի Բաբաջանյան փողոցի հարակից պուրակում բացվեց Խորհրդային Միության հերոս, ԽՍՀՄ զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ Համազասպ Բաբաջանյանի արձանը: Մոտ 3 մետրանոց բրոնզե արձանի քանդակագործն է Համլետ Մատինյանը, ճարտարապետը` Միքայել Միսակյանը: Արձանի բացումը նոր է տեղի ունեցել, սակայն հայ հանրության շրջանում արդեն բուռն քննարկումներ են ծավալվել դրա արտաքին տեսքի, գեղարվեստական արժեքի վերաբերյալ: Սոցցանցերի օգտատերերը` սկսած մասնագետներից մինչեւ սովորական քաղաքացիներ, համեմատում են այն «օրենքով գողերի»` գերեզմաններում տարածում ունեցող արձանների հետ, քանդակը նմանեցնում են նույնիսկ Չինաստանի առաջնորդ Մաո Ցզե Դունի հայտնի ոսկե արձանին (Ժենշեն):

ՀՀ վաստակավոր ճարտարապետ Արտակ Ղուլյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում քանդակը որակեց «անթույլատրելի վատը»: «Չես հասկանում` մարշալի հագինն ինչ է, զինվորական հագուստի տակից ինչու է շապիկի նման բան հագել, ինչու են կրծքերը երեւում, հագին այդ ինչ հսկայական կոշիկներ են: Զինվորական համազգեստը կրելու տարրական կանոններ կան: Չես հասկանում` այդ մարդն ամառանոցում նստած հանգստանում է, թե ինչ է անում… Մենք նորից վերադառնում ենք սոցռեալիզմի շատ այլանդակ, տգեղ, անգրագետ դրսեւորումների (սոցռեալիզմը, իհարկե, գլուխգործոցներ էլ ուներ)»,- մեկնաբանեց նա:
Ճարտարապետի կարծիքով` տվյալ դեպքում «մեղավորը» ոչ թե քանդակագործն է, այլ պատվիրատուն. «Այսօր պատվիրատուն է ամեն ինչ որոշում, նա կարող է քանդակագործին ասել` էսպես արա, էնպես մի արա, արվեստագետն էլ ստիպված կոմպրոմիսների է գնում, կուլ է տալիս դա, որ գոյությունը պահպանի: Սա այդ դեպքերից մեկն է»,-նկատեց նա:
Մենք զրուցեցինք նաեւ արձանի հեղինակ, քանդակագործ, ՀՀ վաստակավոր նկարիչ Համլետ Մատինյանի հետ: Նա, անդրադառնալով արձանի վերաբերյալ հնչող քննադատություններին, օրինակ` այն պնդմանը, թե մարշալն անկենդան է ստացվել, նշեց. «Ամեն մարդ իր կարծիքն ունի, հիմա ես չեմ զգացել, որ անկենդան է, որ իմանայի էդպես է, այնպես կանեի` մի քիչ կենդանի լիներ: Ես ուսումնասիրել եմ մարշալի կյանքը, ուզեցել եմ ընդգծել նրա հզորությունը: Նա զինվորական հագուստով է, բայց համազգեստի վերեւամասը բաց է, մի քիչ ավելի ազատ է, ավելի հզոր: Ինքը լավ հայ է, մեծատառով հայրենասեր, լավ էլ գյուղացի է եղել. մարշալ մարդ է եղել, բայց գերանդի է առել ձեռքը: Մի խոսքով` այս արձանում ամփոփված են մեր ժողովրդի ամենադրական, լավագույն հատկանիշները»:
Այն դիտարկմանը, թե կարելի էր մարշալին բնորոշ մի գիծ արտահայտել քանդակում, Հ. Մատինյանը պատասխանեց. «Ցցուն բան չեմ գտել, օրինակ` ի՞նչն է բնորոշ իրեն, եթե մի բան գիտեք, ինձ հուշեք»:
Քանդակագործը տեղեկացրեց, որ իր հետ կապ է հաստատելՀամազասպ Բաբաջանյանի մոսկվաբնակ դուստրը: Մենք հարցրինք, թե արդյոք վերջինս հավանել է հոր քանդակը: «Նա շատ ուրախացել էր արձանի բացման առթիվ, բայց դեռ չէր հասցրել տեսնել այն»,-ասաց Հ. Մատինյանը:
Քանդակագործն անդրադարձավ նաեւ այն պնդումներին, թե արձանը նման է «գերեզմանային հեղինակություններին». «Բայց էդ ո՞վ է նման բան ասել: Հայաստանի գերեզմանոցներում կարող է մի երկու հատ օրենքով գողի արձան եք տեսել… Հիմա ինքն էլ է oրենքով գող (հավանաբար նկատի ունի Հ. Բաբաջանյանին-հեղ.), բա ի՞նչ է. սովետական իմպերիային ծառայել է»,-ասաց քանդակագործն ու զայրացած կախեց խոսափողը:

ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

 

 

 
ԿՆՎԻՐՎԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆԸ
Կարապի լճում հունիսի 2¬ին տեղի կունենա «Արտ ֆեստ 2016» միջազգային երիտասարդական փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` փառատոնը նվիրվում է ՀՀ անկախության 25-ամյակին: Կատարումներով հանդես կգան սիրված երգիչներ Ֆորշը, Սոֆի Մխեյանը, Արսեն Գրիգորյանը (Մրո), Սոնա Շահգելդյանը, Նարե Գրիգորյանը, «Ապրել խաղաղ» նախագիծը, «Կարին» ավանդական երգի-պարի խումբը՝ Գագիկ Գինոսյանի ղեկավարությամբ: «Արտ ֆեստ 2016» փառատոնն ընդգրկում է արվեստի հետեւյալ տեսակները՝ թատերական արվեստ, կինոարվեստ, երգարվեստ, հագուստի մոդելավորում, կերպարվեստ, դեկորատիվ¬կիրառական արվեստ։ Այս տարի փառատոնն ընթանալու է հունիսի 2¬12¬ը՝ Երեւանյան մշակութային օջախներում (բոլոր միջոցառումների մուտքն անվճար է):

 

 

ՍԿԱՆԴԱԼ
Էլայջա Վուդը հայտնվել է սկանդալի կենտրոնում: 35-ամյա հոլիվուդյան դերասանը հարցազրույց է տվել Sunday Times-ին ու պատմել այն մասին, որ Հոլիվուդում կան մանկապիղծներ, որոնց հովանավորում են ազդեցիկ կինոգործիչներ: News.am style-ի փոխանցմամբ` «Մատանիների տիրակալը» ֆիլմաշարում Ֆրոդո Բեգգինսի հանրահայտ դերակատարը նշել է, որ անձամբ ինքն այդ խնդրին չի բախվել, բայց գիտի, որ մանկապիղծները սովորաբար հավաքույթներին են «որսում» մանկահասակ դերասաններին. «Այդ ամենը կազմակերպված բնույթ ունի: Կինոինդուստրիայում շատ են ստոր մարդիկ, որոնք իրենց նպատակներն են հետապնդում»: Էլայջան նշել է, որ երեւույթը շարունակական է, քանի որ անմեղ զոհերը չեն կարողանում հրապարակավ պատմել այդ մասին. վախենում են կինոինդուստրիայում մանկապիղծների ազդեցիկ պաշտպաններից:

 

 

200 ՄԻԼԻՈՆ ՀԵՌՈՒՍՏԱԴԻՏՈՂ
«Եվրատեսիլ 2016»-ի կազմակերպիչներն ամփոփել են մրցույթի` այս տարվա ցուցանիշները։ «Եվրատեսիլ»-ի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ այն այս անգամ գրավել է ավելի քան 200 միլիոն հեռուստադիտողի: Մայիսի 10, 12 եւ 14-ին տեղի ունեցած կիսաեզրափակիչ փուլերի եւ եզրափակչի ուղիղ հեռարձակմանը հետեւել է մոտ 204 միլիոն մարդ՝ 5 միլիոնով ավելի, քան 2015-ին։ Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ 2016»-ի հաղթող էր ճանաչվել Ուկրաինայի ներկայացուցիչ Ջամալան: Հայաստանը ներկայացրած Իվետա Մուկուչյանը 249 միավորով զբաղեցրել էր 7-րդ հորիզոնականը:




Լրահոս