ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարն արվել է Երեւանի կենտրոնում

Այս գովազդային վահանակը ստիպում է գերկենտրոնացում, որպեսզի հնարավոր լինի կարդալ գրվածը: Ըստ պատմաբանների՝ դեռ որեւէ մեկին չի հաջողվել վերծանել ասելիքը:

 

 

 

ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ՝ ամուսինների համատեղ կյանքի ընթացքում կուտակած գույքի բաժանումն ինչպե՞ս է կատարվում ամուսնալուծության դեպքում: Խնդրում եմ ներկայացնել մանրամասն:

Նելլի Սահակյան (33 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ ամուսնական հարաբերությունների փաստացի դադարեցման ժամանակ ամուսինների անջատ բնակեցման շրջանում նրանցից յուրաքանչյուրի ձեռք բերած գույքը ենթակա չէ բաժանման: Գույքը, որն ամուսիններից յուրաքանչյուրը ժառանգել կամ ստացել է նվիրատվության տեսքով, հանդիսանում է այն ամուսնու սեփականությունը, ով ժառանգել կամ նվեր է ստացել եւ ենթակա չէ բաժանման:
Ամուսնության ընթացքում ամուսինների ձեռք բերած պարտավորությունները՝ վարկերը, պարտքերը, ամուսնալուծության ժամանակ նույնպես ենթակա են բաժանման:
Հայաստանի ընտանեկան օրենսգրքի համաձայն՝ անկախ հանգամանքից կինն ու ամուսինը կամուսնալուծվեն, թե ոչ, իրավունք ունեն բաժանել ընդհանուր սեփականության իրավունքով իրենց պատկանող գույքը: Ամուսնության ընթացքում ձեռք բերված համատեղ գույքի սեփականության իրավունքը չի դադարում ամուսնալուծությունից հետո: Ամուսնալուծության ժամանակ ենթակա է բաժանման միայն ամուսնության ընթացքում համատեղ կուտակած գույքը, այդ պատճառով գույքի բաժանման որոշում ընդունելիս առաջին հերթին անհրաժեշտ է ճշգրտել բաժանման ենթակա գույքի կառուցվածքը: Մինչ փաստացի ամուսնությունը ձեռք բերված գույքը ենթակա չէ բաժանման եւ բաժանվող գույքի կազմի մեջ չի մտնում:
Ամուսնության ընթացքում ամուսիններից մեկի ժառանգած, նվիրաբերված գույքը նույնպես ենթակա չէ բաժանման:

«Ձեր իրավախորհրդատու» փաստաբանական ընկերություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ ամուսինների ընդհանուր գույքից, անկախ նրանից՝ ում դրամական միջոցներով կամ անունով է այն ձեռք բերվել, բաժանման ենթակա են` ամուսինների ընդհանուր եկամուտից գնված շարժական եւ անշարժ գույքը, արժեթղթերը, բաժնետոմսերը, ավանդները, վարկային կամ այլ կոմերցիոն կազմակերպություններում ներդրված միջոցները եւ ցանկացած այլ գույք, որն ամուսինները ձեռք են բերել ամուսնության ընթացքում:

 

 

 
ՀԱՐՑ. Տեղյակ եմ, որ քննություններին մասնակցելու համար դիմորդը որոշակի գումար պետք է վճարի: Խնդրում եմ ասեք՝ որքա՞ն է կազմում այն:

Երանուհի Ազիզյան (24 տարեկան, բանասեր)

ՊԱՏԱՍԽԱՆ. Քննությունների կազմակերպման եւ անցկացման նպատակով յուրաքանչյուր քննության համար դիմորդը վճարում է 1500 դրամ: Անկախ քննությանը մասնակցելուց եւ արդյունքից՝ վճարած գումարը չի վերադարձվում. պարտադիր զինվորական ծառայությունից զորացրվածները, 1-ին ու 2-րդ խմբերի եւ մինչեւ 18 տարեկան մանկուց հաշմանդամները, ՀՀ պաշտպանության ժամանակ զոհված (մահացած) զինծառայողների երեխաները, ժամկետային զինվորական ծառայության պարտականությունները կատարելիս հաշմանդամ դարձած քաղաքացիները, առանց ծնողական խնամքի մնացած մինչեւ 23 տարեկան երեխաներն ազատվում են ընդունելության քննությունների վճարից, հանրապետական ընդունող հանձնաժողովն առանձին քաղաքացիների կարող է ազատել քննությունների վճարից:

ՀՀ կրթության եւ գիտության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ 2014/2015թթ. ուստարում Հայաստանի պետական եւ մասնավոր բուհերի բակալավրիատի ուսանողների թիվը կազմել է 79 հազար 623: Համեմատության համար նշենք, որ անցած՝ 2013/2014թթ. ուստարում բակալավրիատի ուսանողների թիվը եղել է 85 հազար 922: Ստացվում է, որ վերջին մեկ տարում ուսանողների թիվը նվազել է 6 հազար 299-ով:




Լրահոս