Երևանի քաղաքապետարանում այսօր տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է նախորդ շաբաթ քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում իրականացված աշխատանքների վերաբերյալ:
Մասնավորապես, քաղաքաշինության և հողօգտագործման ոլորտում նախորդ շաբաթ գրանցվել է ապօրինաշինության և հողազավթման 3 դեպք: Զեկուցվել է նաև, որ նախկինում հայտնաբերված 2 դեպքերի մասով իրականացվել են ապօրինի շինության քանդման աշխատանքներ:
Բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ զեկուցվել է, որ կազմվել է 9 արձանագրություն: Նույն ժամանակահատվածում ապամոնտաժվել է նաև 5 լքյալ կրպակ:
Զեկուցվել է նաև, որ շարունակվում են աղբը ոչ սահմանված վայրերում թափելու դեպքերի հայտնաբերման և կանխման ուղղությամբ աշխատանքները: Նախորդ շաբաթ գրանցված իրավախախտման 53 դեպքի առնչությամբ կազմվել է վարչական արձանագրություն:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է բոլոր ուղղություններով շարունակել հետևողական աշխատանքը և քաղաքացիներին պարբերաբար հիշեցնել տուգանքների մասին:
«Քաղաքացին պետք է տեղեկացված լինի, որ տուգանք նախատեսվում է ոչ միայն կենցաղային, այլև շինարարական աղբը ոչ սահմանված վայրում թափելու համար: Սահմանեք խիստ հսկողություն և հետևեք պահանջի կատարմանը»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Խորհրդակցության ընթացքում շինարարության և բարեկարգման վարչության պետը զեկուցել է, որ շարունակվում են 2016թ. ծրագրով նախատեսված կենտրոնական և բակային տարածքների ասֆալտապատման, մասնավորապես փոսալցման, փոսային նորոգման և ճաքալցման աշխատանքները:
Քաղաքապետը վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է հատուկ հսկողության տակ պահել իրականացվող աշխատանքների որակը:
«Երքաղլույս» ընկերության տնօրենի փոխանցմամբ արտաքին լուսավորության ցանցում տարվել են համապատասխան նախապատրաստական աշխատանքներ և հունիսի 1-ից բակերում, խաղահրապարակներում, այգիներում և պուրակներում կանցնեն լուսավորության ամառային ռեժիմի:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն