ՀԱՅԿԱԿԱՆ ՃԱՇ՝ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԹՆՈԼՈՐՏՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ակնհայտ է, որ Մաքսային միությանն անդամակցելու մասին հայտարարություններից հետո Սերժ Սարգսյանը հայտնվել է ծանր վիճակում. չորս տարի շարունակ ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիր մշակելուց, բայց վերջին պահին ՌԴ-ի գիրկը նետվելուց հետո նա փորձում է փրկել դեմքը: Եվ երեկ Սարգսյանը նախագահական նստավայրում աշխատանքային ճաշ է ունեցել ԵՄ անդամ երկրների դեսպանների հետ: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ դեսպանների հետ խոսվել է Հայաստան-ԵՄ փոխգործակցության օրակարգային հարցերի մասին: «Վերոնշյալ թեմաների շուրջ անկեղծ եւ անկաշկանդ մթնոլորտում տեղի է ունեցել մտքերի փոխանակում»,-ասված է հաղորդագրության մեջ: Իսկ ահա «Ժողովուրդ»-ի դիվանագիտական աղբյուրների պնդմամբ՝ Ս. Սարգսյանն ամեն գնով փորձել է համոզել, որ ՄՄ-ին միանալը չի նշանակում, թե ինքը հրաժարվել է ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի ստորագրումից, եւ այդպես խնդրել, որ ԵՄ-ն չգնա կտրուկ քայլերի եւ իր օրակարգից չհանի համաձայնագրի նախաստորագրման հարցը, ինչի մասին հայտարարել են եվրոպացի տարբեր չինովնիկներ: Այլ կերպ ասած՝ Ս. Սարգսյանը խնդրել է, որ ԵՄ երկրներն իրեն դեմքը փրկելու հնարավորություն տան:




Լրահոս