ՂԱՐԱԲԱՂԸ ԿԱՊ ՉՈՒՆԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մաքսային միությանն անդամակցելու մասին Սերժ Սարգսյանի անսպասելի հայտարարությունից հետո անհեթեթ վիճակում հայտնված հանրապետականներն այս օրերին փորձում էին իրենց եւ իրենց կուսակցապետի դեմքը փրկել` կուլիսներում հայտարարելով, թե Սերժ Սարգսյանն այդ քայլին գնացել է բացառապես հանուն Ղարաբաղի, թե Մաքսային միությանն անդամակցելուց հետո Հայաստանի համար լավ է լինելու, մասնավորապես` գազի գինը շեշտակիորեն էժանանալու է եւ այլն, եւ այլն: Երեկ, սակայն, հանրապետականների այդ սրտհովանքային հեքիաթները ԱԺ հարցուպատասխանի ժամանակ ակամայից հերքել է ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը` ըստ էության բացահայտելով, որ Մաքսային միությանն անդամակցելու որոշումը Սերժ Սարգսյանը կայացրել է շատ պարզ` տնտեսական պատճառներով: Ինչի՞ մասին է խոսքը: Ինչպես հիշում եք, երբ մայիսին հայտնի դարձավ գազի գնի թանկացման մասին, վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարեց, թե գազի գնի 30 տոկոսը պետությունը սուբսիդավորելու է` առանց նշելու, թե կոնկրետ ինչ միջոցների հաշվին: Ենթադրաբար` Սարգսյանն այդ հայտարարությունն արել էր` հիմնվելով ռուսական կողմից տրված խոստումների վրա: Անցած երեք ամիսների ընթացքում, երբ խոսվում էր սուբսիդավորման մասին, կառավարությունից անընդհատ ասում էին, թե այդ ուղղությամբ բանակցությունները շարունակվում են: Եվ ահա երեկ Արմեն Մովսիսյանը ԱԺ-ում հայտարարեց, որ այդ բանակցությունները շարունակվել են մինչեւ այն պահը, երբ Սերժ Սարգսյանը հայտարարել է Մաքսային միությանը միանալու մասին: Պարզ ասած` ռուսները հրաժարվել են փող տալ, մինչեւ չեն ստացել իրենց ուզածը: Թեեւ փող տալ ասվածը խիստ հարաբերական է, քանի որ տվյալ դեպքում ՌԴ Պետդումայի կողմից ընդունվելիք համապատասխան օրենքից հետո Հայաստանը ոչ թե փող, այլ ընդամենը 30 տոկոսով ավելի էժան գազ կստանա: Սակայն այստեղ ամենակարեւորն այն է, որ մեզ մատակարարվող գազի գնի` այդ 30 տոկոսից ավել էժանացման մասին խոսք չկա, հետեւաբար` hանրապետականների կիսախորհրդավոր հայտարարությունները, թե` «զատո էժան գազ կստանանք», մեղմ ասած` անհիմն են: Նույնքան անհիմն են այն պնդումները, թե Մաքսային միությանն անդամակցելու հարցում Սերժ Սարգսյանի որոշումը պայմանավորված է եղել բացառապես Ղարաբաղի գործոնով: Լավ, եթե դա այդպես է, եւ եթե Մաքսային միությանն անդամակցության դեպքում միեւնույն մաքսային ռեժիմում է հայտնվելու նաեւ Ղարաբաղը, ի՞նչն է խանգարում նույն Սերժ Սարգսյանին այդ մասին հստակ հայտարարել` բացատրելով, որ Եվրամիության հետ ինտեգրման դեպքում նման հնարավորությունը բացակայում էր: Վստահաբար, այդ դեպքում Հայաստանում չէր գտնվի որեւէ մեկը, ով կքննադատեր Սերժ Սարգսյանին: Ավելին, նույն եվրոպացիներն էլ այլեւս խոսելու տեղ չէին ունենա: Նման բան, սակայն, չի արվում: Եվ ոչ ամենեւին դիվանագիտական նկատառումներով: Խնդիրն այն է, որ Ղարաբաղի` միեւնույն մաքսային ռեժիմում ընդգրկվելու հավանականությունը  նույնքան ռեալ է, որքան Հայաստանին մատակարարվելիք էժան ռուսական գազը:




Լրահոս