Այսօր Ծխախոտի դեմ պայքարի համաշխարհային օրն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 31-ը Ծխախոտի դեմ պայքարի համաշխարհային օրն է, այս տարի ուշադրության կենտրոնում կանայք են: Այս կապակցությամբ` «Մարդու առողջություն» մարդասիրական հիմնադրամն ու «Հայաստանի երգիծանկարիչների ասոցիացիան» Մոսկվա կինոթատրոնի հարեւանույթամբ կազմակերպել են ծաղրանկարների ցուցահանդես ու ներկայացրել ծխախոտի ազդեցության հետեւանքները մարդու վրա:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության այս տարվա կարգախոսն է «Սեռը եւ ծխախոտը. ուշադրություն դեպի կանայք»: «Մարդու առողջություն» մարդասիրական հիմնադրամի նախագահ Դավիթ Պետրոսյանը նորաձեւությանը տուրք տվող կանանց հուշում է, որ աշխարհում այդ միտումն արդեն վաղուց նվազել եւ այլեւս նորաձեւ չէ:

Ծխախոտի հասանելիության աստիճանը պարզելու համար առողջապահության նախարարությունը հարցում է կատարել դեռահասների շրջանում: Հարցումները ցույց են տվել, որ ծխախոտ օգտագործող անչափահասներից շատերն իրենք են գնում իրենց ծխախոտը:

Առողջապահության հակածխախոտային ծրագրի համակարգող Ալեքսանդր Բազարչյանը հիշեցնում է, որ ամենախոցելի զանգվածը հիմնականում պասիվ ծխողներն են: – «Երկրորդական ծխի ազդեցությունը մեծ է ոչ միայն հասարակական վայրերում, այլեւ յուրաքանչյուրի սեփական բնակարանում, որը ոչ մի օրենքով կանխել հնարավոր չէ, հարկավոր է գիտակցական աշխատանքով ինչ-որ բանի հասնել», – նշեց Բազարչյանը:

«32 ատամ» ակումբի անդամներից Արմուշը «Մաքսլիբերթի»-ի հետ զրույցում ասաց, որ արդեն 5 օր է, ինչ հրաժարվել է ծխելուց, սակայն վստահ չէ, որ վերջնականապես կկարողանա հրաժարվել ծխախոտից: Իսկ դերասանուհի Իրինա Դանիելյանը խոստովանեց, որ ժամանակ առ ժամանակ ծխում է ավելորդ քաշից խուսափելու համար:

Բժշիկ Դավիթ Պետրոսյանը բացատրում է, որ «նիկոտինի ազդեցությամբ` ծխողը կալորիաներ ավելի շատ է ծախսում, հետեւաբար ավելի քիչ քաշ ավելացնում», փոխարենը նա խորհուրդ է տալիս ակտիվ սպորտային կյանք ու առողջ ապրելակերպ վարել:

Առողջապահության նախարարության 2009 թվականի վիճակագրական տվյալների համաձայն` Հայաստանում մեծահասակ բնակչության (16 տարեկանից սկսած) անհատների 27%-ը կանոնավոր (ամենօրյա) ծխողներ են. տղամարդկանց մասնաբաժինը կազմում է 52%, իսկ 20-տարեկանից բարձր աշխատունակ տղամարդկանց շրջանում` 57.7%ը:




Լրահոս