«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ երեկ երեկոյան ՀՀ պաշտպանության նախարարությունում նոր ձերբակալություններ են եղել: Ու դարձյալ միջին կամ մանր «ձկներն» են ուռկանում հայտնվել: Մեր տեղեկություններով՝ ձերբակալվածների թվում են ՀՀ զինված ուժերի սպառազինության վարչության պետ, գեներալ-մայոր Մելս Չիլինգարյանը, ՀՀ ԶՈւ սպառազինության վարչության ավտոծառայության պետ, գնդապետ Դավիթ Աբրահամյանը եւ Մհեր Պապյանը, որի ճշգրիտ պաշտոնը երեկ մեզ չհաջողվեց ճշտել:
Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական գործով ՀՀ ԶՈւ սպառազինության վարչության ավտոծառայության պետ, գնդապետ Դավիթ Աբրահամյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով՝ իշխանությունը չարաշահելու համար, ինչն առաջացրել է նյութական ծանր հետեւանքներ: Դավիթ Աբրահամյանը մեղադրվում է այն բանում, որ ընդգրկված լինելով ՀՀ ԶՈՒ սպառազինության վարչության մշտական գործող հանձնաժողովի կազմում՝ շահադիտական դրդումներով այնպես է արել, որ կնքված պայմանագրերին կից տեխնիկական բնութագրերին չհամապատասխանող գործիքներն ու սարքավորումներն ընդունվեն հանձնաժողովի կողմից:
«Ժողովուրդ» օրաթերթն ավելի վաղ հայտնել էր, որ վերը նշված գեներալների պաշտոնանկության հարցում որոշիչ դերակատարություն են ունեցել ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության կողմից ՀՀ ՊՆ-ում անցկացված ստուգման արդյունքները: Եւ պաշտոնանկությունների հարցում առանցքային դերակատարներից մեկը եղել է ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը, որն անձամբ է Սերժ Սարգսյանին զեկուցել կոռուպցիոն սխեմայի մասին: Բայց նկատենք, որ բոլոր ձերբակալվածները նախկին պաշտոնյաներ են, այսինքն` ՊՆ գործող որեւէ պաշտոնյա դեռ պատասխանատվության չի ենթարկվել: Հավանաբար թույլ չի տրվում ավելի առաջ անցնել: Թեեւ բոլորին էլ հասկանալի է, որ չնայած ձերբակալվածների զբաղեցրած դիրքին, այնուամենայնիվ, նրանք միայնակ, առանց բարձրադիր գեներալների աջակցության չէին կարող հանցանք գործել: Եւ ուրեմն ինչո՞ւ են կալանավորվում միայն «մանր ու միջին» ձկները, եւ ինչպե՞ս են մանեւրում խոշորները»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: