ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՐՀԱՄԱՐՀՈՒՄ ԵՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
Երեկ՝ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն անընդունելի է որակել այն փաստը, որ հարցուպատասխանին չի մասնակցել ՀՀ վարչապետը: Նա, հիշեցնենք,  գործուղման է մեկնել Չինաստան: Ըստ պատգամավորի՝ Սահմանադրության պահանջով ԱԺ-ի հետ հարցուպատասխանին պետք է մասնակցեն «վարչապետն ու կառավարության անդամները», եւ վարչապետը պետք է իր գործուղումները պլանավորեր այնպես, որ չբացակայեր հարցուպատասխանից: Նա նաեւ շեշտել է, որ ԱԺ-ի հետ հարցուպատասխաններին չի մասնակցում նաեւ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանը:

ԷՄՈՑԻՈՆԱԼ ՈՐՈՇՈՒՄ
«Եթե ԵՄ-ն, այնուամենայնիվ, որոշի Հայաստանը դուրս թողնել ԵՄ Ասոցացման ծրագրի օրակարգից, կարծում եմ՝ դա կլինի ոչ ճիշտ հաշվարկված, իրավիճակային եւ էմոցիոնալ որոշում: Բրյուսելը չպետք է փակի հնարավորությունները Հայաստանի առջեւ, քանի որ դա կնշանակի, որ Ռուսաստանի ճնշումները Հայաստանի նկատմամբ, ինչի արդյունքում Հայաստանը որոշեց անդամակցել Մաքսային միությանը, տարածվում են նաեւ Բրյուսելի վրա։ Այսինքն՝ կնշանակի, որ Բրյուսելը նույնպես ենթարկվել է Մոսկվայի ճնշումներին եւ Կրեմլի կայսերապաշտական նկրտումներին: Մաքսային միությանն անդամակցությունը երկար գործընթաց է, մշուշոտ ճանապարհ՝ լի անորոշություններով, եւ դեռեւս շատ մեծ հարցական է, թե արդյոք դա ընդհանրապես կյանքի կկոչվի, թե ոչ: ԵՄ-ն պետք է շարունակի համագործակցել ՀՀ-ի հետ՝ ԵՄ Ասոցացման ծրագրի շրջանակներում»,-«Առավոտ»-ին ասել է Դավիթ Շահնազարյանը:

ԴՈՒՔ-ՈՎ Է ՎԻՐԱՎՈՐԵԼ
Երեկ ԱԺ-ում ուշագրավ երկխոսություն է ծավալվել լրագրողների եւ ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Կարապետյանի միջեւ: Լրագրողներից մեկի հարցին, թե ինչպես է նա գնահատում ԱԱԾ ղեկավար Գորիկ Հակոբյանի կողմից քաղաքացուն «ոչխար» անվանելու փաստը, Կարապետյանը, որը եւս ժամանակին վիրավորել էր քաղաքացիներին` նրանց անվանելով համբալ, ասել է. «Դուք նախապատմությունը գիտե՞ք՝ իրենք ինչ էին ասում: Եթե նորից ըլնի, նույնը կասեի»։ Հարցին, թե Սերժ Սարգսյանն իրեն չի ասել, որ ՀՀ քաղաքացիների հետ պետք է «Դուք»-ով խոսել, Կ. Կարապետյանը պատասխանել է. «Ես «Դուք»-ով եմ խոսել», իսկ հակադարձմանը` «Դուք»-ո՞վ եք «համբալ» ասել, նշել է. «Ահա»: Այս կապակցությամբ Կ. Կարապետյանի գրասենյակը հանդես է եկել հայտարարությամբ` ընդգծելով, որ տարիներ առաջ տեղի ունեցած միջադեպը, չգիտես ինչու, վերհիշել են այն լրատվամիջոցները, որոնք միշտ խուսափել են անդրադառնալ Կարապետյանների ու «Տաշիր» բարեգործական հիմնադրամի բազմաթիվ բարեգործական ծրագրերին: Նկատենք, սակայն, որ նման տհաճ իրավիճակում չհայտնվելու համար Կ. Կարապետյանը կարող էր պարզապես նման կերպ չպատասխանել:

ԿՎԵՐԱՆԱՅԵՆ
Ռուսաստանի Պետդուման հայտարարել է, որ պատրաստ է ընդլայնել Իրանին զենքի մատակարարումը, ինչպես նաեւ վերանայել Աֆղանստանի միջոցով ամերիկյան բեռների տարանցումը Ռուսաստան, եթե ԱՄՆ կողմից Սիրիայում ռազմական գործողություններ սկսվեն:

Ո՞ՐՆ Է ՊԱՏՃԱՌԸ
Հայտնի «օֆշորային սկանդալի» շրջանակներում սնանկացման եզրին հասցված գործարար Փայլակ Հայրապետյանն իր տարակուսանքն է հայտնում առ այն, որ մինչ օրս կատարված  քննության արդյունքում այդպես էլ ոչինչ չի պարզվել: «1 տարի առաջ` 2012թ., համապատասխան քննչական հարցադրումներ են ուղարկվել Կիպրոս եւ Սիերա Լեոնե՝ նպատակ հետապնդելով պարզել օֆշորային եւ աֆրիկյան ընկերությունների գործունեության, փոխանցված վարկային միջոցների տնօրինման եւ տվյալ ընկերությունների գումարների հետ Աշոտ Սուքիասյանի առնչությունը: Սույն թվականի ամռանը նմանատիպ մեկ այլ հարցում հղվել էր ՀՀ-ում այդ ժամանակ գտնվող Կիպրոսի գլխավոր դատախազին: Մինչդեռ մինչ օրս այդ հետազոտությունների եւ հարցումների վերաբերյալ որեւէ պատասխան եւ տեղեկություն չի տրվել: Եթե կան հարցումների պատասխանները, ապա ինչո՞ւ այդ մասին հանրությունը չի իրազեկվում, իսկ եթե չկան, ապա ո՞րն է դրա պատճառը»,-հարցնում է գործարարը:




Լրահոս