ԶԳՈՒՇԱՑԵ՛Ք, ՁԵԶ ԳԱՂՏՆԱԼՍՈՒՄ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ապահով Հայաստանի միֆը» ապացուցման կարիք չունի, քանի որ վերջին տարիներին գաղտնալսումների շուրջ բարձրացված աղմուկը հիմք է տալիս կարծել, որ մեր երկրում ոչ մի քաղաքացի էլ ապահովված չէ: Բանն այն է, որ ՀՀ որեւէ քաղաքացի չի կարող վստահ լինել, որ իր հեռախոսազրույցները չեն գաղտնալսվում, իսկ իրավապահները լուռ քնած են:  
Որտեղի՞ց սկսվեց ամեն ինչ
Դեռեւս 2010թ. ԱԱԾ պետի առաջին տեղակալ Հրաչյա Հարությունյանին (Կրակեմ Հրաչ) համակարգից հեռացնելուց հետո ՀՀ ազգային անվտանգության ծառայության ներքին անվտանգության վարչությունում ծառայողական քննություն էր սկսվել: ԱԱԾ-ի ներսի այս խառնաշփոթը սկսվել էր նրանից, երբ Սերժ Սարգսյանը մեկնել էր Ռոստով: Ըստ լուրերի՝ նա Ռոստովում ինչ-որ մարդկանց էր հանդիպել, որից հետո խիստ բարկացել էր: Լուրերի համաձայն՝ Ս. Սարգսյանին ասել էին, որ ՀՀ ԱԱԾ բարձրաստիճան պաշտոնյաները եւ մյուս ուժային կառույցների որոշ ներկայացուցիչներ, օգտագործելով իրենց պետական լծակները, կոնկրետ հարցեր են լուծել: ԱԱԾ-ից, օրինակ, հեռախոսային վերծանումներ են վաճառվել ինչ-որ օլիգարխների կամ այլ «փող տվող» մարդկանց: Այսինքն՝ ԱԱԾ-ն վաճառել է աշխարհում ամենաթանկ եւ ամենաարագ սպառվող բանը` ինֆորմացիան: Ըստ տեղեկությունների՝ այդ խումբը նաեւ մի շարք հանցագործությունների «տանիք է եղել»՝ գողություն, թմրաբիզնես եւ այլն:
Դեռ 3 տարի առաջ իրավապահ համակարգի ներկայացուցիչներն օպերատիվ գործողությունների անվան տակ գաղտնալսել էին նաեւ այնպիսի մարդկանց հեռախոսահամարներ, որոնց տեղաշարժերն ու խոսակցությունները հետաքրքրել են կոնկրետ մարդկանց, այսինքն` մարդիկ գումար են վճարել պետական կամ ոչ պետական պաշտոնյաներին, որպեսզի իրենց հետաքրքրող մարդկանց մասին տեղեկություններ հավաքեն: Ինչեւէ, սա միակ նախադեպը չէր:

«ԺՈՒՉՈԿ» ՓԱԿՑՆԵԼԸ՝
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԵԼԱՈՃ

Ու այդ ֆոնին ամենեւին էլ պատահական չէր, որ 2008թ. մարտի 1-ին ՀՀ ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանը հրապարակավ հայտարարեց, որ իրենք լսել են Ալիկ Արզումանյանի եւ Նիկոլ Փաշինյան հեռախոսազրույցները:  
Հիշեցնենք, որ 2007թ. «Մարկո պոլո» սրճարանում գաղտնալսվեց նաեւ այսօրվա ԱԽՔ Արթուր Բաղդասարյանը, երբ իր «սիրտը բացել էր» Մեծ Բրիտանիայի Թագավորության դեսպանության ներկայացուցչի առջեւ՝ բողոքելով Ռոբերտ Քոչարյանի իշխանությունից:
2012-ի դեկտեմբերի 21-ին էլ գաղտնալսվեցին ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանը եւ  ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը: Երկու քաղաքական գործիչների սրճարանային մասնավոր զրույցի ձայնագրությունը տեղադրվել էր YouTube-ում, որտեղ նրանք քննարկում էին փետրվարին կայանալիք նախագահական ընտրությունների ռազմավարության հարցերը:

ՕԼԻԳԱՐԽՆԵՐՆ ԱՆՁՆԱԿԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ
ԱԱԾ-Ն
ԵՆ ԲԱՑԵԼ

Ինչեւէ, գաղտնալսման արատավոր գործընթացը մեր երկրում գնալով նոր թափ է հավաքում: Օրերս մամուլում տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ վերջերս ԱԱԾ-ից դուրս գործող գաղտնալսումներ իրականացնող մի մարմին է հայտնաբերվել, որի հետեւում կանգնած է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: Հիշեցնենք, որ Գ. Ծառուկյանը բաժնեմաս ունի «ԱրմենՏել» ընկերությունում: Երբ այս ընկերությունն ինչ-որ պահի ֆինանսական խնդիրներ ուներ, Գ. Ծառուկյանը ներդրումներ կատարելու դիմաց բաժնեմաս ձեռք բերեց: Իսկ նախագահական ընտրություններից առաջ էլ տեղեկություններ հրապարակվեցին, որ Գ. Ծառուկյանն իր խնամի, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ նման մի հզոր համակարգ է ստեղծել՝ գաղտնալսելու քաղաքական դաշտի հեռախոսային ու ինտերնետային հաղորդակցությունները:
Ըստ շրջանառվող լուրերի՝ նման գաղտնալսող մի մարմին է ստեղծել նաեւ ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը: Նա էլ այդ քայլին գնացել է իր դեմ կատարված մահափորձից հետո, որպեսզի պաշտպանված զգա: Բացի այդ, նա այդ համակարգի միջոցով կարողանում է գաղտնալսել նաեւ գործարարների ու քաղաքական դաշտի ներկայացուցիչների խոսակցությունները, որոնց նկատմամբ ինքը պաշտոնական ու բիզնես հետաքրքրություններ ունի: Բնականաբար, այդ միջոցով Տամոժնի Գագոն կարողանում է հնարավոր մրցակիցներին ոչնչացնել: Տեղեկություններ կան նաեւ, որ Գ. Խաչատրյանը նույն գաղտնալսումներն իրականացնում է նաեւ իրեն պատկանող «Յուքոմ» ընկերության միջոցով, որն «աշխատեցնում է» ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ «կիսովի»:

ԻՆՉՊԵ՞Ս ԵՆ ՀԱՐՍՏԱՆՈՒՄ
ՄԵՐ ԵՐԿՐՈՒՄ

 Այսպիսով՝ մեր երկրում ակտիվ գործունեություն ծավալող գործարար էլիտայի ներկայացուցիչները բիզնես դաշտում կարողացել են թելադրողի կարգավիճակ ձեռք բերել ոչ թե իրենց ուղեղն աշխատեցնելու, այլ ընդամենը այլոց անձնական կյանքը մտնելու եւ ինֆորմացիայի տիրապետելու շնորհիվ: Նրանք կարող են թիրախավորել ցանկացած մեկին ու հետեւողականորեն ոչնչացնել: Դրա համար էլ «պատահական» մարդիկ մեր երկրում չեն հարստանում:
Ու այս «շպիոնաժի» դեմն առնելու համար հայրենի իրավապահ համակարգի ներկայացուցիչները «մատը մատին չեն տալիս»: Հիշեցնենք, որ համաձայն ՀՀ մայր օրենքի՝ Սահմանադրության 16-րդ հոդվածի՝ «Յուրաքանչյուր ոք ունի անձնական ազատության եւ անձեռնմխելիության իրավունք»: Իսկ 14-րդ հոդվածը սահմանում է. «Մարդու արժանապատվությունը՝ որպես նրա իրավունքների ու ազատությունների անքակտելի հիմք, հարգվում եւ պաշտպանվում է պետության կողմից»:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ




Լրահոս