ՉԱՓԱԶԱՆՑ «ԲՈՒՌՆ» ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թե Աֆղանստանում ինչ է անում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպանը, դժվար է ասել: Ուսումնասիրելով պաշտոնական տվյալները` տեսնում ենք, որ Աֆղանստանի հետ մեր տնտեսական հարաբերությունները զրոյական են, դիվանագիտական դաշտում էլ որեւէ կարեւոր շփում չունենք: Չունենք, որովհետեւ այդ երկրի հետ Հայաստանը չունի ընդհանուր շահեր: Բայց արի՛ ու տես, որ ունենք դեսպան, ունենք դեսպանատուն… Իսկ դեսպանն էլ Վասիլի Ղազարյանն է՝ մեր դիվանագիտական կորպուսի ամենափորձված դեմքերից մեկը, որին, սակայն, չգիտես ինչու, բաժին է հասել հենց Աֆղանստանը:
Իր երկարամյա գործունեության ընթացքում Ղազարյանն առավելապես եղել է կաբինետային ֆունկցիոներ եւ միայն 2001 թվականից է անցել ակտիվ դիվանագիտական գործունեության: Ընդ որում, դեսպանի պարտականություններին անցել է բավական հասուն տարիքում՝ 55 տարեկանում: Նա երեւանցի է, 1969թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանը, դեռեւս ավարտական կուրսում սովորելու ժամանակ աշխատանքի է անցել նույն համալսարանի միավորյալ ռադիացիոն լաբորատորիայում: Իսկ բուհն ավարտելուց հետո  աշխատանքի է անցել ՀՍՍՀ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտում: Ի դեպ, նա այստեղ աշխատել է 1969-1972, 1974-1975 թվականներին: Երկու տարվա ընդմիջումը պայմանավորված է բանակում ծառայելու հանգամանքով: 1975թ. բավական  անսպասելիորեն աշխատանքի է անցել ՀՍՍՀ Մինիստրների սովետի արտաքին հարաբերությունների բաժնում՝ զբաղեցնելով ռեֆերենտի պաշտոնը: Դե, քանի որ արդեն մուտք էր գործել արտաքին հարաբերությունների ոլորտ, հարկավոր էր նաեւ համապատասխան կրթություն ունենալ, ուստի 1976-1977թթ. դասընթացներ է անցել ՀՍՍՀ արտաքին առեւտրի ակադեմիայում:
1977-ից սկսել է աշխատել Լիբիայի Հանրապետությունում՝ ԽՍՀՄ առեւտրական ներկայացուցչությունում որպես ավագ ճարտարագետ: Շուրջ հինգ տարի Լիբիայում աշխատելուց հետո Վասիլի Ղազարյանը նորից վերադարձել է ռեֆերենտի պարտականություններին՝ այս անգամ որպես ավագ այն բաժնում, որտեղ սկսել էր աշխատել 1975թ.: Սկզբում ռեֆերենտ էր, հետո՝ բաժնի վարիչ, ապա նշանակվել է արտաքին կապերի վարչության պետ:
2001-ին Ղազարյանը նշանակվել է Չինաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան: Սա այն ժամանակաշրջանն էր, երբ նախագահ Քոչարյանը կոչ էր անում դեմքով դառնալ դեպի Արեւելք ե բարեկամություն անել Արեւելքի տերությունների, մասնավորապես Չինաստանի հետ: Թե Չինաստանում ինչ արեց Ղազարյանը, չգիտենք, բայց գիտենք, որ նա էլ ակտիվ մասնակցություն ունեցավ «Նաիրիտ»-ի հենքի վրա Չինաստանում արտադրության կազմակերպմանը: Ըստ էության, սա հայկական բրենդներից մեկի արտահանումն էր, որից մեր պետությունը կորցրեց, իսկ Չինաստանը միմիայն շահեց, քանի որ այժմ այդ երկիրն է արտադրում կաուչուկ՝ Հայաստանին զրկելով  կարեւորագույն շուկայից:
Ինչեւէ. 2009թ.՝ մոտ 9 տարի Չինաստանում «հանգստանալուց» հետո, Ղազարյանը նշանակվեց ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Ղազախստանում, Ղրղըզստանում եւ Աֆղանստանում: Ղազախստանն Արեւելքի ամենազարգացած երկրներից մեկն է, որն իր  ներքին ու արտաքին քաղաքականությամբ, կարելի է ասել` պորտալարով, կապված է Ռուսաստանին: Մեր դեսպանատունն այստեղ էլ ձեւական գործունեություն է ծավալում, մինչդեռ կարող էր նպաստել առեւտրային կապերի ընդլայնմանը, նաեւ կիսով չափ մուսուլմանական այս երկրում Հայաստանի նկատմամբ բարի վերաբերմունքի ձեւավորմանը, ինչը չափազանց անհրաժեշտ էր Ղազախստան-Ադրբեջան սերտ կապերի համատեքստում: Բայց երեւի Վ. Ղազարյանի հոգնածությունը, տարիքը թույլ չտվեցին, որ մեր դիվանագիտությունն իր հետքը թողներ այս երկրում: Իսկ Ղրղըզստանը մեզ համար որեւէ նշանակություն չունեցող երկիր է, միշտ հետամնաց, գլխավորապես անասնապահությամբ «իրեն պահող», ուստի Ղազարյանն այստեղ էլ գրեթե անելիք չուներ… Ստացվում է, որ նրան ոչ թե դիվանագիտական աշխատանքի, այլ հանգստի են ուղարկել: Ուշագրավ է այն, որ Ղազարյանը դեսպան է եղել նաեւ Վիետնամում ու Կորեայում… Այսինքն՝ պրոսովետական պետություններում, որոնց հետ Հայաստանը գլոբալ շահեր եւ հետաքրքրություններ չունի: Այսինքն` իսկը թոշակառուի աշխատանք:
Այս տարվա օգոստոսի 29-ին, սակայն, Վ. Ղազարյանն ավարտեց իր դիվանագիտական առաքելությունը Ղազախստանում, քանի որ այստեղ դեսպան նշանակվեց Արա Սահակյանը: Առաքելության ավարտի առթիվ Ղազարյանին ընդունել էր Ղազախստանի արտաքին գործերի նախարարը: Եվ ահա պաշտոնական հաղորդագրության մեջ կարդում ենք. «Հանդիպման ընթացքում երկուստեք բարձր գնահատվեցին հայ-ղազախական քաղաքական հարաբերությունները եւ երկկողմ համագործակցությունը միջազգային եւ տարածաշրջանային կառույցների, այդ թվում՝ ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, ԱՊՀ-ի եւ ՀԱՊԿ-ի շրջանակներում: Միաժամանակ, կարեւորվեց երկկողմ տնտեսական կապերի ակտիվացումը՝ դրանք քաղաքական համագործակցության մակարդակին հասցնելու համար»:
Խոստովանենք, մի քիչ անեկդոտի նման է հնչում…

ՆԱՐԵԿ ԼԵՎՈՆՅԱՆ




Լրահոս