Ժիրայր Սէֆիլյանը լիազորվում է բանակցելու Ազգային դիմադրության կոմիտե ձևավորելու նպատակով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկների միավորում» հասարակական կազմակերպության հայտարարությունը Ազգային դիմադրության կոմիտե ձևավորելու նպատակով Ժիրայր Սէֆիլյանին բանակցություններ վարելու լիազորություններ տալու վերաբերյալ:

Ամփոփելով «Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկների միավորում» հասարակական կազմակերպության՝ ս.թ. մայիսի 12-ի հայտնի ասուլիսից հետո արձանագրված արդյունքները, կարող ենք եզրակացնել, որ մեր նախաձեռնությամբ մեկնարկած հանրային դիմադրության գործընթացն արձանագրել է առաջին դրական արդյունքները:

Գաղտնիք չէ, որ մեր դեմ Ադրբեջանի ձեռքով իրականացվող սողացող պատերազմի համատեքստում սանձազերծված ապրիլյան ագրեսիայի գլխավոր նպատակներից մեկը Արցախի, ինչպես նաև ամբողջ Հայաստանի բնակչության ու բանակի շրջանում տարածքային զիջումների տրամադրությունների արմատավորումն էր:

Սակայն մեր նախաձեռնած հանրային դիմադրությունը հաղթահարեց այս լայնածավալ հոգեբանական ահաբեկչության պլանավորած ազդեցությունը, դուրս մղեց տարածքային զիջումների հաշվին անվտանգություն ստանալու կեղծ ու վտանգավոր թեմատիկան և դրա փոխարեն հանրային քննարկումների առարկա դարձրեց հակառակորդին հակահարված հասցնելու միջոցով երաշխավորված անվտանգություն ապահովելու խնդիրը:

Միևնույն ժամանակ ստիպված ենք արձանագրել, որ կառավարող վարչախումբը եթե մասնակից չէ Արցախը հանձնելու և Հայաստանին ռազմական պարտության մատնելու դավադրությանը, ապա արտաքին անվտանգության ապահովման հարցում առնվազն հանցավոր անգործություն ու անձեռնհասություն է ցուցաբերում՝ ակամա նպաստելով այդ դավադրության իրականացմանը: Բացի այդ՝ կառավարող վարչախումբը բացարձակապես վստահություն չունի ժողովրդի շրջանում, ուստի անգամ շատ մեծ ցանկության դեպքում չի կարող համախմբել նրան և կազմակերպել համազգային դիմադրություն:

Հաշվի առնելով վերը նշվածը, ինչպես նաև նկատի ունենալով, որ ինքնապաշտպանության սրբազան իրավունքը չի կարող սահմանափակվել կառավարող վարչախմբի լիազորություններով և, առավել ևս՝ նրա կամքով ու գործողություններով, նախատեսում ենք մեր կազմակերպության հանրային հեղինակությունը ծառայեցնել հասարակությանը հակահարվածին հոգեբանորեն նախապատրաստելու և հաջորդ քայլով ազգային դիմադրության քաղաքական շարժում մեկնարկելու համար:

Մեր պատկերացմամբ՝ նշված դիմադրության շարժումը պետք է կառավարի այդ նպատակով ստեղծվելիք համապատասխան մարմինը՝ Ազգային դիմադրության կոմիտեն, որը պետք է ձևավորվի Հայաստանում (Արցախը ներառյալ) և արտերկրում բնակվող հեղինակավոր հասարակական-քաղաքական գործիչներից: Հեռանկարում Ազգային դիմադրության կոմիտեի համակարգմամբ ընթացող դիմադրական շարժումը պետք  է ապահովի նաև պետական կառավարման լծակների փոխանցումը ժողովրդի վստահությունը վայելող կառավարությանը, որն արդեն ի վիճակի կլինի համախմբելու ժողովրդի ու պետության ռեսուրսները և հակահարվածի միջոցով ծնկի բերելով հակառակորդին՝ ապահովելու երկարատև խաղաղություն ու անվտանգություն:

Նշված առաքելությունն իրականացնելու համար մեր կազմակերպությունը լիազորում է Ժիրայր Սէֆիլյանին՝ նրան հանձնարարելով բանակցություններ վարել Ազգային դիմադրության կոմիտեի անդամության հավանական թեկնածուների հետ, ինչպես նաև առաջիկա օրերին մամուլի ասուլիսով ներկայացնելու այդ գործընթացի վերաբերյալ մեր մոտեցումները:

 «Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկների միավորում» ՀԿ վարչություն




Լրահոս