ԱՀՌԵԼԻ ՎՆԱՍԻ ԴԻՄԱՑ` ՉՆՉԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թեեւ այս տարվա մայիսին Արմավիրի մարզում տեղի ունեցած կարկտահարության հետեւանքով տուժել էր 12 հազար ընտանիք, սակայն փոխհատուցում ստացան միայն 6 հազարը: Յուրաքանչյուր ընտանիք «Բնական աղետից տուժածների հիմնադրամ»-ից ստացավ մոտ 40 հազար դրամ, որն անգամ 100 դոլարից քիչ է: Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանի կարծիքով՝ կառավարությունը կարող էր ավելին անել գյուղացիների համար, սակայն չարեց:
Հիշեցնենք, որ մայիսի 12-ին Արմավիրի մարզի 46 համայնքներում աննախադեպ ուժեղ կարկտահարության հետեւանքով տուժել էր շուրջ 12 հազար ընտանիք` 60 հազար մարդ: Հաջորդած ամիսներին ստեղծված «Բնական աղետից տուժածների հիմնադրամ»-ը հավաքել էր 240 միլիոն դրամ, մինչդեռ կարկտահարության հասցրած վնասը գնահատվել էր շուրջ 25 միլիարդ դրամ:
Ըստ գյուղնախարար Սերգո Կարապետյանի՝ մայիսի 12-ի կարկուտից տուժած գյուղացիական տնտեսություններին տրվել է 87 մլն դրամի սերմեր (24 տոննա): Բոլոր գյուղացիական տնտեսություններն ազատվել են  ջրի վարձերից`  650 մլն դրամի չափով, իսկ հողի հարկերից` 207 մլն դրամի չափով: Նաեւ լրացուցիչ պարարտանյութ է տրամադրվել Արմավիրի մարզի գյուղացիական տնտեսություններին` 670 տոննա: Իսկ զուտ դրամական օգնության տեսքով սոցիալապես անապահով 1599 ընտանիքների տրվել է 50 հազար դրամի չափով օգնություն: Բայց, ամենակարեւորը, բոլոր բանկերը, վարկային կազմակերպությունները գյուղացիական տնտեսությունների վարկերի մարումը մինչեւ 3 տարով հետաձգել են:
1440 ընտանիք ունեցող Արմավիր համայնքում «Բնական աղետից տուժածների հիմնադրամ»-ը մոտ 600 ընտանիքի 40 հազար դրամի օգնություն է տվել: Բացի այս, ըստ համայնքապետ Ռաֆիկ Մարգարյանի՝ Կարմիր խաչը 68 ընտանիքի է օգնել, իսկ 60 ընտանիք էլ 50 հազար դրամ նպաստ է ստացել: Կառավարությունն այս համայնքին օգնել է նաեւ սերմացուներով, սակայն դիզվառելիք եւ պարարտանյութ չի հատկացրել: «Ի՞նչ եք կարծում, ինչպե՞ս կարող է գյուղացին գոհ մնալ: Նա 2 միլիոնից ավել գումար է կորցրել եւ դրա դիմաց ստացել է չնչին գումար, ո՞նց կարող է գոհ լինել: Ճիշտ է, գյուղացին այն մարդն է, որ հետին օրվա համար միշտ մի բան պահում է, բայց դե չի կարելի ասել, որ ամեն ինչով ապահովված է: Նման բան չկա»,-նկատեց Ռ. Մարգարյանը:
Ի դեպ, արմավիրցիներն այս տարի զրկվել են նաեւ խաղողի բերքից, շատերը խաղող չեն ունենա նաեւ հաջորդ տարի: «Գյուղացու միակ հույսը բերքն է: Հովհաննես Թումանյանն է ժամանակին ասել` գյուղացու օրն ի՞նչ է, մի կտոր սեւ հաց, էն էլ հրեն հա՝ երկնքից կախված: Այդպես է: Լավ կլինի, հույս ունենք»,-հուսադրեց Մարգարյանը:
1900 բնակչություն ունեցող Ալաշկերտում մոտ 220 ընտանիք է ստացել 40-հազարական  դրամները, իսկ Մրգաշատում՝ 647: «Ժողովուրդ»-ի հարցին՝ մրգաշատցիները գոհ են կառավարությունից, թե ոչ, համայնքապետ Գեւորգ Դանիելյանը պատասխանեց. «Աղջի՛կ ջան, Աստծո մարդիկ միշտ էլ գոհ են, բայց այսօր բոլորն էլ չունեւոր են եւ ունեն շատ ֆինանսական դժվարություններ: Կառավարության կողմից, ճիշտ է, կար օգնություն, բայց դե գյուղացու կրած վնասն ավելի մեծ չափի է: Այս համայնքի համարյա բոլոր բնակիչները բանկերին շատ պարտքեր ունեն: Ամեն ընտանիք առնվազն երեք բանկի պարտք ունի: Էլ ի՞նչ կարող եմ ասել»:
Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, սակայն, զարմացած է, թե ինչու են գյուղացիները կրկին դժգոհում կառավարությունից. «Այդքան միջոցներ ու ֆինանսներ տրվեց այդ գյուղերին: Ես էլ հակառակն եմ պնդում՝ մեծամասնությունը շատ գոհ է: Պետությունը եթե հնարավորություն ունենար ավելին անելու, կաներ: Այնպես չէ, որ ձեռքները ծալած նստած են պաշտոնյաները: Այդքան խնդիրներ լուծվեցին»:
Մինչդեռ Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանի կարծիքով՝ ՀՀ կառավարությունը կարող էր ավելին անել կարկուտից տուժած համայնքների համար, սակայն չարեց: «Իհարկե կարող էին ավելին անել: Բոլոր գյուղերում էլ նույն վատ վիճակն է: Իսկ կարկուտից տուժած գյուղերի համար ոչինչ դեռ չի արվում: Ցավում եմ, բայց հակակարկտային ծրագրի մասով նույնպես ոչինչ չի արվում: Առաջվա պես փորձում են շարունակել ծածկադմփոց անել ու աշխատել: Մեզ մոտ մարդիկ կան, որոնք, հեռուստատեսությամբ կապիկություններ անելով, փորձում են ցույց տալ, որ գյուղատնտեսության բնագավառը բարվոք վիճակում է: Բայց այդպես չէ,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց Բերբերյանը` հավելելով,-կա՛մ խելքները չի հասնում, կա՛մ էլ ուղղակի ցանկություն չունեն բարեփոխումներ անելու, որովհետեւ այս վիճակը ձեռնտու է միայն ու միայն խոշոր գործարարներին, որոնք այսօր գյուղացուց կոպեկներով բերք են գնում: Կարելի է ասել, որ այսօր գյուղացին կոպեկներով թալանվում է, եւ օրենքով պաշտպանված չէ, սա արդեն գյուղատնտեսության համար մեծագույն աղետ է»:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս