Լոռու մարզի Դաշտադեմ համայնքի բնակիչներն ահազանգում են բերքահավաքի հետ կապված անլուծելի խնդիրների մասին: Գյուղացիները չեն կարողանում մթերել իրենց բերքը, քանի որ միջգյուղական ճանապարհները գրեթե անանցանելի են: Սահմանամերձ Դաշտադեմի քարուքանդ ճանապարհով 10 կմ հեռավորության վրա գտնվող շրջկենտրոն Տաշիր հասնելը դաշտադեմցիների համար մեծ խնդիր է: Խնդիր է նաեւ շտապօգնություն կամ տաքսի կանչելը. կա՛մ չեն գալիս, կա՛մ հասնում են այն ժամանակ, երբ գյուղացիները սեփական ուժերով գլխների ճարը տեսած են լինում:
Դաշտադեմի բնակչուհի Արմանուշ Աբրահամյանը մեզ հետ զրույցում բողոքեց. «Հիվանդ մարդ ես, կեսգիշերին վատացար, ի՞նչ պիտի անես, տաքսին չի գալիս»: Դաշտադեմի ղեկավարը կին է, համայնքապետարանն էլ գործում է նրա տանը: Հենց այնտեղ էլ որոշվել է, որ գյուղի ճանապարհների հարցը գոնե փոսալցմամբ պետք է լուծել: Կին ու տղամարդ հավաքվել են ու գործի անցել: Պատկերը, սակայն, մեծ հաշվով չի փոխվել: «Կազմակերպեցինք, քարեր հավաքեցինք, տարանք, էդ ճանապարհը լցրեցինք, նենց փոսեր էին, որ մեքենան չէր կարա անցներ: Էդ արեցինք, մի քիչ փոխվեց վիճակը, բայց դա ժամանակավոր էր, որոշ ժամանակ անց էլի նույն փոսերն առաջացան»,-նշեց Դաշտադեմի բնակչուհի Լիանա Դավոյանը:
Գյուղի բնակիչները համայնքապետի ղեկավարությամբ դիմել են Լոռու մարզպետարան, որտեղից, սակայն, պատասխանել են, թե մարզում խնդիրները շատ են եւ լուծվում են ըստ առաջնահերթության: Մարզպետարանում խոստացել են, որ Դաշտադեմում նույնպես ծրագրեր կիրականացվեն: Եվ հիմա դաշտադեմցիներին մնում է հուսալ, որ իրենց խնդիրների լուծման հերթը շատ չի ուշանա:
Լոռի