12-ամյա Արմա Գալոյանն այսօր Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում հանդես է գալու մենահամերգով, որը կոչվում է «12 ժպիտ տարվա բոլոր եղանակներին»: Այս թեմայով «Ժողովուրդ»-ը զրուցեց նրա հետ: -Արմա՛, սա քո առաջի՞ն մենահամերգն է: -Այո՛, սա իմ առաջին մենահամերգն է: -Քանի՞ տարեկանից ես սկսել զբաղվել երգով: -Ծնողներս ասում են, որ դեռ 4 ամսականից քնել եւ արթնացել եմ երաժշտության հնչյունների ներքո եւ 2 տարեկանում արդեն լսել եմ միայն հանրապետության վաստակավոր արտիստուհի Շուշան Պետրոսյանի երգերը, նույնիսկ չլսելու դեպքում բարձր ջերմել եմ: 7 տարեկանից ընդունվել եմ Չայկովսկու անվան մասնագիտական, միջնակարգ երաժշտական դպրոց: Ինձ այդ դպրոց հաճախել ուղղորդել է իմ շատ սիրելի ուսուցչուհի Զարուհի Արմաղանյանը: Սովորում եմ ջազ-վոկալ բաժնում հանրապետության վաստակավոր արտիստ Հայկ Հակոբյանի դասարանում, վոկալիս ուսուցիչն է նույնպես իմ շատ սիրելի Դավիթ Ստեփանյանը: -Եվ երկա՞ր ես սպասել այդ օրվան: -Անկեղծ եթե լինեմ, այս համերգի գաղափարը ծնողներինս է, այո՛, երկար եմ սպասել, քանի որ 3 տարեկանից ինձ համար բեմ են եղել տանը բազմոցն ու ճաշասեղանը, իսկ փողոցում՝ արձանների պատվանդանները: Նշեմ մի դեպք, որ հիշում եմ. 4-5 տարեկան էի, կինո «Մոսկվա»-ի աստիճանահարթակի վրա կատարեցի Առնո Բաբաջանյանի «Իմ Երեւան» երգը, անցորդները հավաքվեցին, ու շատ երկար հնչեցին ծափահարություններ: -Փաստորեն, «12 ժպիտ տարվա բոլոր եղանակներին» խորագիրը կրող համերգը տեղի կունենա սեպտեմբերի 12-ին: Զուգադիպությո՞ւն էր ամսաթիվն ու համերգիդ անվանումը: -Այո՛: 12.12.12: Կատարելու եմ 12 երգ տարվա բոլոր եղանակների մասին, ծննդյանս օրն է ամսի 12-ը, եւ այդ օրը լրանում է իմ 12-ամյակը: