ՀԱՐՑ. Ապահովագրական պատահար տեղի ունենալու դեպքում կոնկրետ ի՞նչ փաստաթղթեր է անհրաժեշտ ներկայացնել ապահովագրական ընկերություն: Եվ խնդրում եմ ասել, թե ինչ չափով են իրականացվում հատուցումները ապահովագրության պայմանագրի գծով:
ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղի ունեցած պատահարն ապահովագրական պատահար ճանաչելու համար ապահովադիրը պետք է ներկայացնի գրավոր հայտային դիմում, որտեղ նշված են տվյալ իրադարձության առաջացման հանգամանքները, ապահովագրողի պահանջով՝ պայմանագրի բնօրինակը, անձնագրի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի բնօրինակը: Կախված պատահարի բնույթից՝ կարող են անհրաժեշտ լինել նաեւ այլ փաստաթղթեր, որոնք նշված են ապահովագրողի՝ դժբախտ պատահարներից ապահովագրության գործող պայմաններում:
Ինչ վերաբերում է հատուցման չափին, ապա նշենք, որ ապահովագրական հատուցման չափը որոշվում է ապահովագրական գումարից տոկոսի չափով.
մարմնական վնասվածք՝ համաձայն հավելված 1-ի՝ 1-ին, 2-րդ, 3-րդ խմբի հաշմանդամության, «հաշմանդամ երեխա» կարգավիճակի ձեռքբերում՝
– հաշմանդամության I խումբ սահմանելու դեպքում՝ 100 տոկոս,
– հաշմանդամության II խումբ սահմանելու դեպքում՝ 70 տոկոս,
– հաշմանդամության III խումբ սահմանելու դեպքում՝ 40 տոկոս,
– մահ՝ 100 տոկոս:
Աշխատունակության ժամանակավոր կորստի դեպքում հատուցվում է բուժման յուրաքանչյուր օրվա համար ապահովագրական գումարի 0.4 տոկոսը, սակայն ոչ ավելի, քան 90 օր:
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Որքան էլ պատկան կառույցները ներկայացնում են հասցված յուրաքանչյուր վնասի փոխհատուցման չափը, այնուամենայնիվ, մեր երկրում այս ոլորտը դեռ զարգանալու ու կայանալու երկար ճանապարհ պետք է անցնի, որպեսզի ամեն հարցի տրվի ճշգրիտ լուծում՝ ի շահ շարքային քաղաքացիների: