Ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսներին նվիրված հուշաքար՝ Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգին համալրվեց ևս մեկ հուշաքարով: Մայիսի 31-ին զբոսայգու տարածքում բացվեց ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված մերօրյա հերոսներին նվիրված հուշաքար-խաչքար: Հուշաքարի հեղինակը քանդակագործ Վարազդատ Համբարձումյանն է:

Ծրագիրը կազմակերպել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը (ՀԵՀ) և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողական խորհուրդը։ Հուշաքարի բացման արարողությանը ներկա էր ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Վարչապետը բացման հանդիսավոր արարողությունից հետո հայտարարեց. «Այս հուշաքարի բացումը ևս մեկ անգամ հիմնավորեց, որ մենք հետևողական ենք, հարգում ենք մեր զինվորների հերոսությունը, յուրաքանչյուր հայ թե՛ սփյուռքում, թե՛ Հայաստանում բարձր է գնահատում մեր հերոսներին, որոնց կյանքի շնորհիվ կարողացանք պաշտպանել Արցախի սահմանները: Այս հերոսներին ամբողջ կյանքի ընթացքում պետք է հիշենք և ուշադիր լինենք նրանց հարազատներինկատմամբ»:

ՀԵՀ հոգաբարձուների խորհրդի համակարգող, ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը տեղեկացրեց, որ հիմնադրամն ու բուհերի ուսանողական կառույցները հանդես են եկել բազում ծրագրերով թե՛ առաջնագծում, թե՛ ցուցաբերվել է աջակցություն զոհված զինծառայողների ընտանիքներին և հարգանքի տուրք մատուցվել հերոսներին, որոնք իրենց կյանքի գնով ապահով դարձրին ուսանողական և երիտասարդական կյանքը: Այդ շարքում նմանատիպ ծրագիր իրականացվում է առաջին անգամ. «Պատահական չէ, որ Երևանի քաղաքապետարանը մեզ տրամադրել է ոչ թե ուղղակի տարածք, այլ Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգին: Դա էլ վկայում է ծրագրի բովանդակության և գաղափարի մասին: Հույս ունեմ, որ այս վայրն ու հուշաքարը կդառնան դաստիարակչական բոլոր այն հուշաքարերի նման, որոնց մեջ ամփոփված են հերոսամարտեր ու հերոսներ»:

ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը տեղեկացրեց, որ հուշաքարի բացման նախաձեռնությունը հենց ուսանողներինն է. «Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո ուսանողները մոտեցան ինձ ու նման առաջարկով հանդես եկան: Սա միանգամից ծագած գաղափար չէր, քանի որ ուսանողական խորհուրդը մշտապես սերտ կապի մեջ է ՀՀ զինված ուժերի հետ. կազմակերպվում են ուսանողների այցելություններ զորամասեր, բուհում բացվել է հրաձգարան»:




Լրահոս