Ինչպես հայտնի է՝ վերջերս «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետ նշանակվեց ոստիկանության նախկին պաշտոնյա Սերոբ Հարությունյանը, որը մարտի 2-ին ազատվել էր ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետի պաշտոնից` քրեական տարրերի հետ «սեղան նստելու համար»: «Նուբարաշեն» ՔԿՀ-ի նորանշանակ պետը կալանավայրի նիստուկացում որոշ փոփոխություններ է իրականացրել, ինչն այդքան էլ դատապարտյալների սրտով չէ: Մասնավորապես, նա հրահանգել է դռների դիտանցքները փակ պահել:
Հատկապես առաջին հարկի խցերի համար այդ ճեղքերի բացվածքը կարեւոր է, քանի որ օդափոխության հնարավորություն է տալիս: Ուստի նոր պետի խստացումը դատապարտյալների շրջանում արդեն իսկ լուրջ դժգոհություններ է առաջացրել: Սա էլ դեռ քիչ է, Սերոբ Հարությունյանը դատապարտյալների առաջ պայման է դրել, եթե նրանք քրեակատարողական հիմնարկի տրամադրած ուտելիքը չվերցնեն, ապա դրսից ուղարկված ուտելիք եւս չեն ստանա: Արդյունքում դատապարտյալները պարտադրված վերցնում են ՔԿՀ-ի տրամադրած ուտելիքը:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում դատապարտյալների հարազատները հայտնեցին, որ ՔԿՀ- ի տրամադրած սնունդը այնքան վատն է, որ անհնար է ուտել եւ բոլորը սնվում են դրսից ուղարկած սնունդով, իսկ ՔԿՀ-ի տրամադրած սնունդը լցնում են զուգարաններ: