Շաբաթ օրն ամերիկյան Ցինցիննատի կենդանաբանական այգում 17-ամյա գորիլայի վանդակ 4-ամյա երեխա էր ընկել: Ականատեսների խոսքով՝ տղան անցել էր վանդակապատն ու ընկել ջրի մեջ 3,7 մետր բարձրությունից:
Հոլովակում, որը նկարահանել էր այցելուներից մեկը, երևում է, թե ինչպես է 4-ամյա տղան վեր կենում և մի քանի քայլ անում: Այդ պահին երեխային է մոտենում գորիլան, որը սկզբում պարզապես նայում էր նրան, սակայն հետո սկսում է քաշ տալ նրան վանդակով:
Մասնագետները նշում են, որ եթե 160 կգ կշռող գորիլային հանգստացնող ներարկեին, ապա այն կազդեր միայն մի քանի ժամ անց, այդ իսկ պատճառով կենդանաբանական այգու թիմը որոշել է կրակել կենդանուն:
Երեխային հաջողվել է փրկել: Նրան անմիջապես հոսպիտալացրել են, կյանքին վտանգ չի սպառնում:
Չնայած փորձագետների կարծիքներին՝ սոցցանցերում դժգոհություն են հայտնել՝ կապված գորիլային սպանելու հետ: Սոցցանցերի օգտատերերը մեղադրում են երեխայի ծնողներին, ովքեր չեն հետևել նրան: Մի մասն էլ կարծում է, որ կենդանաբանական այգին բավարար անվտանգ չի դարձրել գորիլայի վանդակը:
Կենդանաբանական այգին իր հերթին պատասխանել է քննադատություններին՝ հայտարարելով, որ դա անհրաժեշտ էր երեխայի կյանքը փրկելու համար:
Ֆեյսբուք սոցցանցում երեխայի մայրը պատասխանել է քննադատություններին՝ գրելով. «Ես ուշադիր եմ իր երեխաների նկատմամբ, դժբախտ դեպքեր երբեմն պատահում են, սակայն ես շնորհակալ եմ, որ ճիշտ մարդիկ հայտնվեցին ճիշտ տեղում»: Ավելի ուշ նա հեռացրել է գրառումը: