ՎԱՐՉԱՊԵՏԸ ԹՌՉՆԱ՞Կ Է ՈՒԶՈՒՄ ՆԿԱՐԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Սեպտեմբերի 9-ին աշխատանքային այցով Չինաստան մեկնած ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այդ երկրի իշխանությունների հետ համաձայնություն է ձեռք բերել 16 միլիոն դոլարի դրամաշնորհ տրամադրելու շուրջ: Չինական կառավարությունն այդ գումարը տրամադրելու է Երեւանում չինարենի խորացված ուսուցմամբ դպրոցի շինարարության  եւ Հայաստանի մաքսային ծառայության համար զննման շարժական սարք (սկաներ) ձեռք բերելու համար: Հատկապես եվրոպական ուղղությամբ գրանցված սկանդալային ձախողումից հետո տեսակետ կա, որ եվրոպամետ Տ. Սարգսյանը հիմա էլ փորձում է իր  դիրքերն ամրապնդել Չինաստանի  հովանավորությամբ: “Ժողովուրդ”-ն այս հարցի շուրջ զրուցեց ԱԺ պատգամավորների հետ:
ԱԺ պատգամավոր, ՄԻԱԿ անդամ ԼԵՎՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
-Պարո՛ն Մարտիրոսյան, Տիգրան Սարգսյանը 16 միլիոնի դրամաշնորհ է “բերելու” Չինաստանից` Երեւանում չինարենի խորացված ուսուցմամբ դպրոցի շինարարության համար: Ըստ Ձեզ՝ արդյո՞ք այսօր դա հրատապ խնդիր է:
-Դրամաշնորհը լավ է, նվիրատվություն է կատարվում, մենք որեւէ պարտք չենք ունենում: Դրամաշնորհները վատ բան չեն, եթե լավ գործի համար են տրվում:
-Տեսակետ կա, որ Չինաստանից գումարներ բերելով` վարչապետը փորձում է իր պաշտոնավարման հարցերը լուծել:
-Չեմ կարծում, դա այն գումարը չէ, որ կարելի է պաշտոնը երկարաձգել:
-Իսկ Դուք գո՞հ եք վարչապետի գործունեությունից:
-Այո՛:
-Ի՞նչ առումով, խնդրում եմ մի փոքր ներկայացնել:
-Դա առանձին հարցազրույցի թեմա է:
ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ ՎԱՀԵ ԷՆՖԻԱՋՅԱՆ
-Պարո՛ն Էնֆիաջյան, տեսակետ կա, որ Տիգրան Սարգսյանը, Չինաստանից ֆինանսական հոսքեր ապահովելով, փորձում է լուծել իր պաշտոնավարման հարցը: Ի՞նչ եք կարծում, դա նրան կհաջողվի՞:
-Ես նման գնահատականներից զերծ կմնամ, իսկ յուրաքանչյուր պետական կամ քաղաքական գործչի գնահատականը լավագույնս տալիս է ժողովուրդը: Դո՛ւրս եկեք փողոց եւ տեսե՛ք, թե հասարակությունն ինչպիսի գնահատական է տալիս, ինչպես է ապրում, ինչ խնդիրներ ունի կենցաղում: Կամ, առհասարակ, մարդիկ ինչ մտահոգություններ ունեն, եւ այդ իրավիճակը տեսնելով` կարելի է ամփոփել այդ ամբողջը:
-Այսինքն՝ կարծում եք, որ ՀՀ վարչապետի աշխատանքը… 
-Ես գտնում եմ, որ Հայաստանից բավական քանակով մարդիկ հեռանում են, գտնում եմ, որ աշխատանք չկա, գտնում եմ, որ ժողովուրդը մեր երկրի հետ որեւէ հույս չի կապում, տարբեր արատավոր երեւույթներ կան:
-Չե՞ք կարծում, որ Ձեր նշած խնդիրներն արմատապես լուծելու փոխարեն ՀՀ իշխանությունները մշտապես իրենց հույսը կապում են տարբեր երկրներից վարկեր “կորզելու”, դրամաշնորհներ ստանալու հետ…
-Նմանատիպ հարցերին ես գնահատական չեմ տա:
ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ ԱՐԾՎԻԿ ՄԻՆԱՍՅԱՆ
-Պարո՛ն Մինասյան, Տիգրան Սարգսյանը Չինաստանից դրամաշնորհ է ,բերելուե, տեսակետ կա, որ այդպիսով նա նպատակ ունի ՀՀԿ առաջնորդին ապացուցել, թե ինքը շատ ակտիվ աշխատում է: Դուք համամի՞տ եք:
-Ես իր փոխարեն չեմ կարող պատասխանել, թե ինչի համար է անում, առավել եւս չեմ ցանկանում բաժակ նայելով զբաղվել, բայց որ մեր երկրում դրամաշնորհներն անհրաժեշտ են, փաստ է: Այլ հարց է, թե դրանք կոնկրետ ինչի համար են ծախսվում, եթե դրանք կոնկրետ բարեփոխումներ իրականացնելու համար են, ես կողջունեմ այդ քայլը: Բայց եթե դրանք բերվում են ձեւական, այս կամ այն սուբյեկտների միջեւ բաժանելու համար, ու փաստացի այդ դրամաշնորհը որեւէ բան չի փոխելու, ապա ես կհամարեմ, որ դա ընդամենը ձեւական եւ, այսպես ասած, թռչնակ նկարելու համար է: 
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆ
-Պարո՛ն Սահակյան, տեսակետ կա, որ ՀՀ վարչապետը չինական դրամաշնորհի հաշվին փորձում է իր ,աթոռըե պահել: Ի՞նչ եք կարծում` նրա մոտ կստացվի՞:
-Սովորաբար ես կարծում եմ, որ վարչապետը հակված չէ ինչ-որ բաներ ցույց տալու, պարզապես աշխատանք է, մենք պետք է շնորհակալ լինենք, որ դրամաշնորհ ենք ստանում: Ի՞նչ կապ ունի դա ՀՀ վարչապետի ղեկավարման հետ:
Հ.Գ. ՕԵԿ-ական պատգամավորների մեջ կենդանի շունչ չհայտնաբերեցինք:
“Ժողովուրդ” օրաթերթի 615 համար




Լրահոս